կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-13 20:07
Քաղաքական

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մայորը գերազանցել է արագությունը. տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մայորը գերազանցել է արագությունը. տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ

Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ապրիլի 26-ին քաղաքացի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը, ըստ փորձաքննության արդյունքների, գերազանցել է արագությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը։

Ասլանյանն ասաց, որ Հատուկ նշանակության ավտոմեքենաների ուղեկցման կարգը սահմանող Կառավարության որոշման համաձայն՝ եթե ուղեկցում է իրականացվում, այդ թվում՝ վարչապետի շարասյուն է, ապա խաչմերուկներում, երթեւեկությունը կարգավորող ոստիկանները պետք է գործեն բացառապես կանաչ լույսի առկայությամբ. «Մեր դեպքում կարմիր լույսի առկայությամբ է ՃՈ մեքենան մուտք գործում խաչմերուկ, եւ չկայանելով վրաերթի ենթարկում»։

Նշենք, որ երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Նավասարդյանին կալանավորելու վերաբերյալ Երեւան քաղաքի գլխավոր դատախազի միջնորդությունը:

Ասլանյանի խոսքով՝ տուժող կողմի համար ակնհայտ է, որ դատարանի այդպիսի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել երկու գերատեսչությունների միջեւ իրավական վեճը.

«Այսինքն՝ սկզբում Քննչական կոմիտեն ձերբակալեց, ապա ազատ արձակեց եւ չմեղադրեցին նրան՝ դեպքի վայրը լքելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածը։ Հետագայում միայն դատախազի ցուցումով քիչ թե շատ քրեական գործն օրինական ընթացք ստացավ։ Մասնավորապես անձին ձերբակալեցին, մեղադրյալ ներգրավվեցին, մեղադրանքը լրացրին նաեւ Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելու համար, նաեւ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացվեց»։

Րաֆֆի Ասլանյանը նշեց, որ երկու գերատեսչությունների միջեւ վեճը հենց փախուստի հանգամանքի հետ էր կապված. «Այսինքն՝ Քննչական կոմիտեն գտել է, որ փախուստ չկա, քանի որ անձը զանգահարել է, զեկուցել է վերադասությանը, իսկ Դատախազությունը գտնում է, որ դա փախուստի համար դեռ չի ազատում քրեական պատասխանատվությունից։ Ես համամիտ եմ Դատախազության հետ, քանի որ Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ վարորդի պարտականություններն են հստակ սահմանված, մասնավորապես, եթե վրաերթը տեղի է ունեցել նրա գործողությունների հետեւանքով, այսինքն՝ մահը կամ առողջության վնաս, ապա նա բացի շտապօգնություն կանչելուց, ծայրահեղ դեպքում պարտավոր է այլ ավտոմեքենայով անձին տեղափոխել հիվանդանոց, իսկ սրանից ավելի ծայրահեղ դեպք, կարծում եմ՝ դժվար է պատկերացնել»։

Անդրադառնալով մեղադրյալի պաշտպանի այն պնդմանը, թե տեսանյութով հաստատվում է, որ կարգավորողը հետիոտնին կանգնելու ցուցում է տալիս, սակայն նա շարունակում է անցնել փողոցը՝ Րաֆֆի Ասլանյանն արձագանքեց.

«Քրեական գործում նման տվյալ չկա, որ որեւէ մեկը զգուշացրել է, որպեսզի նա հետիոտնի համար նախատեսված անցման վրա դուրս չգա։ Դարձյալ կրկնեմ, որ տեսագրությունում հստակ երեւում է, որ անձը փորձում է նույնիսկ հեռվից ձեռքով հասկացնել, թե ինքը ճանապարհ է անցնում, դրանով իբրեւ փորձում է ցույց տալ ՃՈ ավտոմեքենային։ Այսինքն՝ դրանք հուսահատ քայլեր են, ոչ թե ինչ-որ մեկի հետ զրույց»։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հղի կնոջը, ու հեռացնել դեպքի վայրից: Քննչական կոմիտեն սակայն, ի սկզբանե ՃՈ մայորին մեղադրանք է առաջադրել միայն ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ դեպքի վայրը լքելու հոդվածով՝ ոչ: Հետագայում, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել՝ լրացնել մեղադրանքը՝ մեղադրանք առաջադրելով նաեւ ՀՀ ՔՕ 244-րդ հոդվածի 1-ին մասով եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին: Այդուհանդերձ Արամ Նավասարդյանի մեղադրանքը լրացվել է։