Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
30 տարի առաջ՝ մայիսի 8-ի գիշերը, ժամը 2:30-ին, տրվեց հարձակման հրամանը, և չորս ուղղություններով սկսվեց բերդաքաղաք Շուշիի ազատագրումը:
«Հարսանիք լեռներում» անվանումը ստացած Շուշիի ազատագրումը եզակի ռազմական գործողություն էր։
Անառիկ համարվող քաղաքը չորս կողմից շրջապատված էր սարերով, Շուշին պաշտպանում էր լավ զինված ադրբեջանական կայազորը՝ մոտ 2500 զինվոր ու սպայով։
Քաղաքի ազատագրումը սկսվեց մոտ երեք հազար հայ զինվորով։ Ռազմական պրակտիկայում ուժերի այդպիսի համադրությունն անհեթեթություն էր, քանի որ նման դեպքերում հարձակվող կողմի անձնակազմն առնվազն երեք անգամ պետք է գերազանցի պաշտպանվող կողմին։ Պետք է նշել նաև, որ հայկական կողմը որակյալ ու ժամանակակից զենքի պակաս ուներ։
Գործողության հրամանատարի` լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի հիշողություններով` նախատեսվում էր քաղաք մտնել մայիսի 5-ին, սակայն այդ օրը առատ ձյուն էր տեղացել։ Եղանակային անոմալիան ստիպեց հայկական հրամանատարությանը՝ գործողությունն իրականացնել մայիսի 8-ին։
«Եթե այս մարտիկները սովորական զորքերի կազմում լինեին, ես և մյուս հրամանատարները նրանց պիտի ստիպելով տանեինք գրոհի: Բայց ես այնպիսի ուժերի հրամանատար էի, որ ենթարկվում էի մարտիկների կամքին, որովհետև նրա՛նք էին պահանջում գնալ խելահեղ գրոհի, գնալ անհնար թվացող ազատագրման: Ես երբեք չեմ մոռանա Խոջալուի ազատագրման հաջորդ առավոտը, երբ երիտասարդ մարտիկը, որին բոլորս Ճուտ էինք կոչում, քարտեզը փռեց դիմացս ու հրամայաբար հարցրեց. «Հրամանատար, ե՞րբ ենք գրոհելու Շուշին»: Շուշին այդպես ազատագրվեց:
Գործում էր Նապոլեոնի հանրահայտ դրույթը՝ բարձր մարտական ոգին եռապատկում ու քառապատկում է եղած ուժերը: Շուշիի ազատագրումը դրա դասական արտահայտությունն էր, երբ ոգու արիությունը փոխհատուցեց ուժերի ու միջոցների մեծ պակասը»,- պատմում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
Առանձնահատուկ նշանակություն է ունեցել 1992 թվականի հունվարի 25-26-ը Քարինտակի ինքնապաշտպանությունը, երբ փոքրաթիվ հայկական զինուժին հաջողվել է հետ մղել ադրբեջանական բազմաքանակ ուժերի հարձակումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելած հակառակորդի ավելի քան 8 տասնյակ զինվորի։
Այդ հարձակումից հետո շարունակվել են Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի հրթիռահրետակոծությունները։ Մեկ շաբաթվա ընթացքում Շուշիից ադրբեջանական զինուժը արձակվել է շուրջ 1000 արկ, որից 800-ը՝ ռեակտիվ, ինչի հետևանքով զոհվել են 20 խաղաղ բնակիչ։ 1992 թվականի ապրիլի 27-ի դրությամբ Շուշիում, որտեղից դուրս էր բերվել ամբողջ խաղաղ բնակչությունը, կենտրոնացվել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և զինամթերք։
Ռազմաճակատի ընդհանուր գիծը մոտավորապես 40 կիլոմետր էր և ընդգրկում էր չորս հարվածային ուղղություն։ Հյուսիսային ուղղության հրամանատար նշանակվեց Վալերի Չիթչյանը, Շոշի ուղղության հրամանատար՝ Արկադի Կարապետյանը, Հարավային (Բերձորի) ուղղության՝ Սամվել Բաբայանը, Ջանհասան-Քյոսալար ուղղության հրամանատար՝ Սեյրան Օհանյանը։
Շուրջ 300 զինվորից կազմված պահեստային ստորաբաժանման հրամանատար էր նշանակվել Յուրա Հովհաննիսյանը:
Շուշիի ռազմական գործողության փայլուն ավարտը, մանավանդ կորուստների և տևողության նվազագույն չափը, որ հարուցել է ռազմարվեստի մասնագետների հիացումը, առաջին հերթին հայ մարտիկների խիզախության, գրոհի լավ կազմակերպման արդյունքն էր: