կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-30 10:11
Քաղաքական

Հայաստանի ԱԳՆ արձագանքը` Ալիեւի Երեւանը եւ Սյունիքը Ադրբեջանի պատմական տարածք լինելու մասին հայտարարություններին

Հայաստանի ԱԳՆ արձագանքը` Ալիեւի Երեւանը եւ Սյունիքը Ադրբեջանի պատմական տարածք լինելու մասին հայտարարություններին

Շահագրգռված լինելով սահմանազատման և սահմանային անվտանգության ապագա հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով՝ Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա: Այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի  «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին ի պատասխան: 

Գործակալությունը հարց էր ուղղել, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են, ինչպե՞ս կմեկնաբանեն այս հայտարարությունները: 

«Մենք քարտեզների ուսումնասիրություններին դեմ չենք: Բայց ինչու՞ սահմանափակվել 20-րդ դարով: Կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում Բաբելոնում ստեղծված, կամ Հերոդոտոսի կողմից Քրիստոսից առաջ 5-րդ դարում ստեղծված, կամ Ստրաբոնի կողմից Քրիստոսից առաջ 1-ին դարում ստեղծված, կամ Կլավդիոս Պտղոմեոսի կողմից արդեն Քրիստոսից հետո 2-րդ դարում ստեղծված,  կամ նույն ժամանակահատվածում Պլինիոս Ավագի կողմից ստեղծված քարտեզներից և շարունակել հետագա ժամանակաշրջանների բազմաթիվ լատինական, բյուզանդական, արաբական և այլ աշխարհագրական նկարագրություններով և քարտեզներով: Հայաստանն ինքն իրեն այդ քարտեզներում չգտնելու մտավախություն չունի: 
Այնուամենայնիվ, շահագրգռված լինելով սահմանազատման և սահմանային անվտանգության ապագա հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով՝ Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա»,- ասվում է պատասխանում։