Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն գործընթացը, որը տեղի է ունենում այսօր, կարող ենք համարել Հայաստան պետության կազմաքանդման գործընթաց. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ պետք է քննարկել Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հարցը:
«Պետականակործան ուժն իրականացնում է պետականակործան գործընթաց: Սա ոչ թե քաղաքական գնահատական է, այլ օբյեկտիվ, ստեղծված իրավիճակից և նրանց քայլերից բխող միակ գնահատականն է: Տվյալ անձի հայտարարությունից հետո, նույն այդ անձը փորձել էր սրբագրել՝ դա նկատի չուներ: Համոզված եմ, որ այն, ինչ իրենք անվանում են խաղաղության գործընթաց՝ դա Հայաստանին կապիտուլացիայի ենթարկելու վերջնական փաթեթավորումն է: Իրենք պարզապես իրերն իրենց իրական անուններով չեն կոչում. դա ոչ թե խաղաղության հաստատում է, այլ կապիտուլացիայի ընդունում: Այս իշխանությունները ոչ թե ամեն գնով գնալու են խաղաղության, այլ, ամեն գնով Հայաստանը տանելու են վերջնական կապիտուլացիայի, եթե այլ իրադարփություններ չլինեն, և չկանխվի իշխանությունների պետականակործան գործունեությունը: Իսկ երեկ հնչած հայտարարության մասին հետևյալ կարծիքն ունեմ. իշխանության տարբեր ներկայացուցիչներ, տարբեր զգայուն հարցերում բացում են Օվերտոնի պատուհաններ, հատում են կարմիր գծեր, և կարծես իրենց մեջ մի յուրահատուկ «չելենջ» է՝ ո՞վ ավելի շատ Օվերտոնի պատուհաններ կբացի, և ո՞վ ազգային, զգայուն կարմիր գծեր կհատի: Այս ամենը պատահականություն չէ. այն գաղափարների իրագործումը, ինչն այս իշխանությունները ներկայացնում են իբրև խաղաղության գործընթաց, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում և այլն, տեղի է ունենալու մեր ազգային, պետական շահերի հաշվին: Եվ ստացվելու է, որ անցնող երեսուն տարիների ընթացքում Արցախի, Թուրքիայի, Հայաստանի արտաքին քաղաքականության՝ մեզ համար կարևոր ուղղությունների հետ կապված բոլոր գործընթացները իզուր են եղել. դրանք բոլորը ջուրն են նետվում մի ուժի կողմից, որը հեռու է պետական մտածողությունից և ազգային, պետական գաղափարներից»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Երեկ թուրքական «Անադոլու» գործակալությունը հրապարակեց Արարատ Միրզոյանի հարցազրույցը, որը Միրզոյանը տվել էր Անթալիայում՝ դիվանագիտական ֆորումի շրջանակներում: Ըստ Միրզոյանի՝ ընդհանուր առմամբ իրենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական են գնահատում, և Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը: Թուքագետի կարծիքով՝ Միրզոյանի այցը Թուրքիա և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական առումներով տապալված այց է, որն այսօրվա իշխանության դիվանագիտության խայտառակ էջերից է:
«Թուրքիա կատարած այցելության վերջին խայտառակ արարը այդ հարցազրույցն էր, որտեղ մի շարք խնդիրներ և անճշտություններ բարձրաձայնվեցին ՀՀ ԱԳՆ պաշտոնը զբաղեցնող անձի կողմից: Առաջինը՝ այն ձևակերպումը, ըստ որի՝ հայ հասարակության մեծամասնությունը երազում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, պարզ մանիպուլացիա էր: Հայ ժողովուրդը այս իշխանությանը չի տվել մանդատ՝ Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատվության, պատմական հիշողության հաշվին Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի նախապայմաններին, ապա, ինչպես Ադրբեջանի կողմից առաջարկվող կապիտուլացիան են այս իշխանությունները համարում են խաղաղություն, այնպես էլ Թուրքիայի պարագայում է. թուրքական նախապայմաններն այս իշխանությունները համարում են դրական ազդակներ, արդյունքում՝ հայ-թուրքական գործընթացն ընթանում է թուրքական դրոշի ներքո: Այս իշխանությունները փորձում են տեսնել մի բան, որն այդպես չէ, ինչն էլ սեփական ժողովրդի հանդեպ առնվազն անազնիվ պահվածք է. իշխանությունը խեղաթյուրված է ներկայացնում Թուրքիայի պահանջները և Թուրքիայից եկած ազդակները: Ե՛վ թուրքական, և՛ ադրբեջանական ճակատներում այս իշխանությունները տանում են Հայաստանի շահերին հակասող կապիտուլացիոն և թուրքական նախապայմանների վրա հիմնված քաղաքականություն, որն իրենք անվանում են խաղաղության դարաշրջան, հայկական խաչմերուկ: Եվ վերջում՝ եկեք պատահական չհամարենք, որ երեկ հայաստանյան և թուրքական լրատվամիջոցներով գրեթե միաժամանակ և ոչ պատահական զուգադիպությամբ հրապարակ նետվեցին կարմիր գծեր հատող փաստեր: Մի կողմից Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե հայ հասարակությունը երազում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, մյուս կողմից ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահի սկանդալային հարցազրույցը. հայ հասարակությունը երեկ ուղղակի ենթարկվեց թուրքական և հայկական համապատասխան լրատվամիջոցների համատեղ գրոհին, իսկ գրոհի ժամանակ կիրառվող փամփուշտը ապատեղեկատվությունն էր ու հակահայկական, հակահայաստանյան այն հայտարարությունները, որոնք անում են ճակատագրի հեգնանքով այս պահին իշխանությունը ստանձնած ուժի ներկայացուցիչները»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը:
Լենա Կարապետյան