կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-27 20:55
Աշխարհ

ԵՄ-ն որոշել է չեղարկել վիզային պահանջները Կատարի եւ Քուվեյթի քաղաքացիների համար

ԵՄ-ն որոշել է չեղարկել վիզային պահանջները Կատարի եւ Քուվեյթի քաղաքացիների համար

Եվրամիությունը որոշել է չեղարկել վիզային պահանջները Կատարի եւ Քուվեյթի քաղաքացիների համար, որպեսզի նրանց համար հեշտացվի մինչեւ 90 օրով մուտքը եվրոպական շատ երկրներ, հայտնում է AP-ն։

Եվրահանձնաժողովը հայտնել է, որ խորհուրդ է տվել թույլատրել մերձավորարեւելյան երկու երկրների քաղաքացիներին, որոնք ունեն կենսաչափական անձնագրեր, առանց վիզայի մուտք գործել ԵՄ՝ կարճատեւ կացության համար:

Առաջարկը կվերաբերի գործնական, զբոսաշրջային եւ ընտանեկան ուղեւորություններին եւ կտրամադրի առանց վիզայի մուտք դեպի ԵՄ անդամ բոլոր երկրներ, բացի Իռլանդիայից, ինչպես նաեւ մուտք դեպի Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա եւ Շվեյցարիա:

ԵՄ օրենսդիրներն ու անդամ երկրները նախ պետք է հաստատեն հանձնաժողովի ծրագիրը, ապա համաձայնագիր կկնքվի Կատարի ու Քուվեյթի հետ։

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ այս երկու երկրները «անօրինական միգրանտներին Եվրոպա թույլ տալու ցածր ռիսկ են ներկայացնում»: Քուվեյթը եւ Կատարը «ԵՄ-ի համար նաեւ կարեւոր տնտեսական գործընկերներ են, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում», ասվում է հաղորդագրության մեջ։

Վերջին ամիսներին ԵՄ-ն բանակցություններ էր վարում Կատարի հետ՝ գազի մատակարարում ապահովելու համար, քանի որ մտավախություններն աճում էին, որ Ռուսաստանը կարող է կրճատել մատակարարումները Եվրոպա:

Ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնն ասել է, որ ԵՄ-ն «կշարունակի համագործակցել Պարսից ծոցի մնացած վիզա պահանջող երկրների հետ, որոնք շահագրգռված են ԵՄ առանց վիզայի մուտք ունենալու մեջ»: