կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-25 16:36
Հասարակություն

«Վիրավոր արծիվը․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմը» գրքի շնորհանդես և հանդիպում հեղինակի հետ

«Վիրավոր արծիվը․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմը» գրքի շնորհանդես և հանդիպում հեղինակի հետ

Սույն թվականի ապրիլի 27-ին, ժամը 18։30-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում հանդիպում կկազմակերպվի «Վիրավոր արծիվը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմը» գրքի հեղինակ՝ հայկական և քրդական արմատներ ունեցող հայտնի լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզի հետ։

Ծագմամբ Կարինից (ներկայիս թուրք․ անվանումը՝ Էրզրում) սերող Դեմիր Սյոնմեզը ներկայում բնակվում է Շվեյցարիայում։ Նա սկսել է լրագրությամբ ու լուսանկարչությամբ զբաղվել Թուրքիայում 1980-ականներին, բայց չի կարողացել շարունակել իր գործունեությունը՝ քաղաքական հետապնդումների պատճառով։ Այդ հալածանքների ու բանտային խոշտանգումների հետևանքով ստիպված է եղել լքել Թուրքիան և մշտական բնակություն հաստատել Շվեյցարիայում։

Դեմիր Սյոնմեզը 2020 թ․ աշնանը լուսանկարներով վավերագրել է 44-օրյա Արցախյան պատերազմը։ Այդ լուսանկարները զետեղված են նրա՝ նաև հայերեն թարգմանված «Վիրավոր արծիվը․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմը» գրքում, որի շնորհանդեսը կկազմակերպվի ապրիլի 27-ին, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում։

Ստորև ներկայացնում ենք Դեմիր Սյոնմեզի հակիրճ ինքնակենսագրությունը․

«1978-ից 1982 թվականներին բազմիցս ձերբակալվել եմ իմ քաղաքական գործունեության պատճառով և դաժան կտտանքների ենթարկվել։ Այդ ընթացքում ինձ հինգ անգամ բռնել են ու գցել Ուլուջանլարի, ապա՝ Մամաքի բանտեր։ Նախ Անկարայում, ապա Մամաքի բանտում ինձ երեք շաբաթ տանջել են Ա բլոկի խցում։

1992-1990 թթ․ սովորել եմ նախ Հաջեթթեփեի, հետագայում էլ Անադոլու համալսարանի տնտեսագիտության բաժնում: Երբ մարդկանց անհետացումների ու չբացահայտված սպանությունների թիվն ավելացավ, լքեցի երկիրը և ապաստան խնդրեցի Շվեյցարիայում։ Իմ մշտական կացության դիմումը բավարարվեց միայն 10 տարի անց՝ 2000 թ․։

Մինչ սպասում էի, որ իմ ապաստանի հայցումն ընդունվի, 1994 թ․ մի խումբ ընկերների հետ ստեղծեցինք Ժնևի Ժողովրդական տունը, և մինչև 2006 թ․ ակտիվորեն ղեկավարում էի այդ ասոցիացիան: Ժողովրդական տանը գործունեությանս պատճառով մի քանի անգամ սպառնալիքներ եմ ստացել թուրք գործակալությունների և ֆաշիստների կողմից։

1994 թ․ մինչ օրս ավելի քան 1600 նորություններ և հարցազրույցներ են հրապարակել «Özgür Politika», «Evrensel», «Artı Gerçek», «Ermeni Haber», «Le Courrier» և «Tribune de Genève» թերթերում և կայքերում, ինչպես նաև իմ անձնական բլոգում։

«2006 թ. հետո որպես իմ գործունեության հիմնական ոլորտ ընտրել եմ լրագրությունը, որով զբաղվում եմ մինչ օրս։ 2016-2019 թթ․ այցելել եմ Հարավային Քուրդիստան ու Ռոժավա և ռեպորտաժներ պատրաստել այնտեղ:

Առաջին գիրքս լույս է տեսել 2016 թ․՝ «Ազգերի հրապարակ / Ժողովուրդների հրապարակ» վերնագրով։ Լուսանկարչական ցուցահանդեսը, որ բացեցի ՄԱԿ-ի հրապարակում այս գրքի լուսանկարներով, դիվանագիտական ճգնաժամ հարուցեց Թուրքիայի և Շվեյցարիայի միջև: Թուրքիայի կառավարությունը երկու անգամ դիմել է Շվեյցարիային՝ ինձ Թուրքիա արտահանձնելու համար, սակայն՝ ապարդյուն։

Իմ երկրորդ գիրքը «Genève Confinée»-ն էր, որը հրատարակվել է 2021 թ․ և վավերագրում է կորոնա համաճարակի շրջանը լուսանկարներով… Ցուցահանդեսը, որի լուսանկարները տեղ են գտել այս գրքում, գտնվում է Ժնևի լճի ափին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կենտրոնի դիմաց․ այն վեց անգամ հարձակման է ենթարկվել, հավանաբար թուրք ազգայնամոլների կողմից»:

Մուտքն ազատ է, հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։

Ամսաթիվ` 2022 թ. ապրիլի 27, ժամ՝ 18։30։

Հասցե` Գյուլբենկյան 38 (ՀՅԴ Արամ Մանուկյանի անվան երիտասարդական կենտրոն), 5-րդ հարկ։

Akunq.net