Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
Հովասը ծնվել է 1997 թվականին Արագածոտնի մարզի Արագած գյուղում: Դպրոցական տարիներին մեծ սեր և հետաքրքրվածություն էր ցուցաբերում հաոց պատմություն առարկայի նկատմամբ: Փոքր ժամանակվանից շատ ինքնուրույն նպատակասլաց երեխա էր մեծանում, ցանկացած գործ, որը հանձն էր առնում, հասնում էր առավելագույն վերջնաարդյունքի: Սիրում էր խորանալ և վերլուծել պատմական իրադարձությունների դեռևս չպարզված հանգամանքները: Ըստ այդմ էլ նրա համար անհասկանալի էր Մանազկերտի ճակատամարտի ողբերգական արդյունքները: Եվ նա մանրամասն ուսումնասիրել էր հայ ժողովրդի համար առանցքային դարձած այդ իրադարձությունն ու տվել հստակ վերլուծություն և գնահատական դրա արյունքների մասին:
Այնուամենայնիվ դպրոցն ավարտելուց հետո Հովասը սկզբում ընդունվում է Գյուղատնտեսական ակադեմիա, բայց դա իր ոլորտը չէր, ուստի կարճ ժամանակ անց թողնում է ակադեմիան և ընդունվում ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետ, ընդ որում Հովասի հավաքած միավորները այդ տարվա ընդունելության քննությունների ժամանակ եղել են ամենաբարձրը: ՀՊՄՀ-ի ուսանող լինելը նրան հնարավորություն է տալիս խորանալ իր սիրելի` պատմաբանի մասնագիտության մեջ: Հենց այս տարիներին էլ մայր հայրենիքի ազատ Արցախի մասին մտքեր ու գաղափարները ավելի են ամրանում նրա հոգում:
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը նրան բնութագրում է որպես բացառիկ համեստ, կարգապահ, պարկեշտ և շատ կազմակերպված անձնավորություն, որը աչքի էր ընկնում բավականին բարձր առաջադիմությամբ:
Ուսման ավարտից հետո անմիջապես զորակոչվում է ծառայության, որը անցկացնում է Արցախի Հանրապետության Ասկերանի զորամասում: Զինվորական բարձր կարգապահության շնորհիվ անմիջապես գրանցվում է ծառայողական առաջընթացը: Ընդամենը մի քանի ամիս էր մնացել, որ Հովասն ավարտեր ծառայությունը, երբ սկսվեց չարաբաստիկ 44-օրյա պատերազմը: Պատերազմի օրերին Ասկերանի ուղղությունը այն եզակիներից էր, որտեղ հայկական ուժերը գրեթե կորուստներ չէին կրել, Հովասն էլ իր մարտական ընկերների հետ անսասան էր մնացել իրենց վստահված տեղանքում: Որպես հին ծառայող այդ օրերին և ընդհանրապես մշտական ուշադրության կենտրոնում էր պահում կրտսեր ծառյակիցներին ավագ եղբոր կամ հոր պես հոգ էր տանում նրանց մասին:
Այդ օրերին հատուկ որոշում է կայացվում Ասկերանի զորամասից ստորաբաժանում առանձնացնել և տանել դեպի Հադրութի ուղություն` հատուկ մարտական առաջադրանք կատարելու համար: Ի սկզբանե Հովասը տվյալ անձնակազմում ընդգրկված չէր, բայց զինվորական մեքենայի շարժվելուց հետո, տեսնելով, որ իր կրտսեր ծառայակիցներն են այդ մեքենայում, վերցնում է իրեն կցված զենք-զինամթերքը վազելով հասնում մեքենայի ետևից գաղտնի տեղավորվում շարժվող մեքենայի թափքում և ընկերների հետ հասնում նախատեսված շրջան:
Հենց այստեղ անձնակազմը հանդիպում է մինչև ատամները զինված թշնամու դիվերսիոն խմբին, միաժամանակ ընկնում անօդաչու թռչող սարքերի անընդմեջ կրակի տակ: Հովասն իր ընկերների հետ մինչև վերջին շունչը մարտընչում է` ընկնելով հերոսի մահով 2020 թվականի Հոկտեմբերի 11-ին:
Զոհվելով Հովասը կիսատ թողեց իր ամենամեծ երազանքներից մեկը: Նա որոշել էր ծառայության ավարտից հետո յուրացնել նաև իրավաբանի մասնագիտությունը, դառնալ լավ իրավաբան որ միջազգային ատյաններում «Հայոց հարցը» բարձրացներ, պայքարեր ցեղասպանության ճանաչման համար,բայց ավաղ.,,,
Արցախի Հանրապետության նախագահի հրամանով Հովասը հետմահու պարգևատրվել է մարտական ծաայության մեդալով:
2021 թվականին էլ ՀՊՄՀ-ն տեղադրել է խաչքար ի հիշատակ 44-օրյա պատերազմում անմահացած իր ուսանողների, որտեղ և զետեղված է նաև Հովասի անունը: