կարևոր
3292 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-20 14:23
Հասարակություն

Պահեցողության այս շրջանում Կաթողիկոսի հորդորն է միմյանց հանդեպ լինել առավել հոգատար, ազնիվ ու հարգալից

Պահեցողության այս շրջանում Կաթողիկոսի հորդորն է միմյանց հանդեպ լինել առավել հոգատար, ազնիվ ու հարգալից

Մեծ Պահքի շրջանի մեկնարկին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել պատգամով․

«Սիրելիներ,

Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան։ Այս ժամանակամիջոցը քրիստոնյայի կյանքում կարևոր հանգրվան է սրբության ու կատարելության աստվածապատվեր ճանապարհին: Պահքի մեջ աղոթական խոկումներով, ինքնաքննությամբ ու երկնային շնորհների հայցով զորություն ենք ստանում ի կատար ածելու Քրիստոսի հորդորն ու պատգամը. «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48): Կատարելության ուղին սկզբնավորվում է զղջումով ու ապաշխարությամբ, որոնցով սրբագրվում են մտքի, խոսքի և գործի սխալներն ու սայթաքումները։ Հատկապես այս խորհրդավոր շրջանում, ավետարանական առակի օրինակով (Ղուկ. 15.11-32) առ Երկնավոր Հայրը դառնալով, խնդրում ենք Տիրոջից գթությամբ ներել մեր մեղքերը, մաքուր սիրտ հաստատել մեզանում։ Հայցում ենք լուսավորել մեր միտքը, ամրացնել մեր կամքը՝ ընթանալու տերունավանդ պատվիրաններով։

Պահեցողության այս շրջանում Հայրապետիս հորդորն է ու պատգամը՝ միմյանց հանդեպ լինել առավել հոգատար, ազնիվ ու հարգալից, բարությունն ու սերը դարձնել հիմը փոխհարաբերությունների և ամուր պահել նվիրումն ու հավատարմությունը առ Աստված, ազգն ու հայրենին։ Մեր օրերում, երբ մեր հայրենիքն ու ժողովուրդը վիրավոր են մեզ պատուհասած պատերազմի արհավիրքներից, աղոթական կյանքով Աստծո հետ մշտական երկխոսության մեջ լինենք, զերծ մնանք ամեն չար ու վատ մտածումից ու գործից՝ միասնաբար նորոգելու համար հայրենական ու ազգային մեր կյանքը, դիմագրավելու մեր դեմ հառնած նեղությունները և մեր հարազատ երկիրը՝ Հայաստանն ու Արցախը դարձնելու «հույսի հայրենիք, լույսի հայրենիք»։ 

Աղոթենք, որ Ամենակալն Աստված Իր ողորմությունն ու պահպանությունը տարածի աշխարհասփյուռ մեր ժողովրդի վրա, պարգևի անվտանգ ու բարօր կյանք և խաղաղության մեջ պահի մեր երկիրը։ Թող Փրկիչ մեր Տերն ընդունի մեր սրտերի խնդրանքներն ու հայցը, արժանի դարձնի Իր կենսատու և փրկարար շնորհներին և զորացնի ամենքիս՝ Մեծ  Պահքի միջոցով հասնելու հուսառատ Սուրբ Հարության տոնին։

«Շնորհք, ողորմութիւն, խաղաղութիւն յԱստուծոյ ի Հօրէ եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ Որդւոյն Հօր, ճշմարտութեամբ եւ սիրով եղիցին ընդ ձեզ» (Բ Հովհ. 3), այսօր և միշտ. ամէն»: