կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-10 16:29
Հասարակություն

Վահեն եղել է պրոֆեսիոնալ զինվորական, բոլորի կողմից շատ սիրված, անչափ բարի․ անհետ կորած զինվորին կուրսընկերները սպասում են

Վահեն եղել է պրոֆեսիոնալ զինվորական, բոլորի կողմից շատ սիրված, անչափ բարի․ անհետ կորած զինվորին կուրսընկերները սպասում են

Վահե Կամոյի Ղահրամանյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանող է։ Վերջին պատերազմին մասնակցած Վահեից, ցավոք, դեռևս որևէ լուր չկա:

Ծնվել է 1997 թ. հունվարի 31-ին Լոռու մարզի Օձուն գյուղում։ 2014 թ. ավարտել է Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարանը, 2014 - 2018 թթ. սովորել և ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը։ Համալսարանն ավարտելուց հետո ՊԲ զորամասում նշանակվել է տանկային դասակի հրամանատար։

Վահեն ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Հոգեբանություն» մասնագիտության մագիստրանտ էր և շուտով պիտի ավարտական թեզ պաշտպաներ: ԳԿՄԿ հանրային կապերի բաժինը զրուցել է հերոս Վահեի մայրիկի՝ տիկին Էմմայի հետ:

Տիկին Էմման հպարտությամբ է պատմում որդու սխրագործությունների, նրա մարտական տրամադրվածության և Բաքուն գրավելու բուռն ցանկության մասին:

Վահեն սեպտեմբերի 27-ից մասնակցել է պաշտպանական շրջանների մարտական գործողություններին։ Նրա մասնակցությամբ բազմաթիվ հերոսական դրվագների մասին են պատմում նաև մարտական ընկերներն ու հրամանատարները։

Հոկտեմբերի 3-ի տվյալներով՝ Վահեն իր տանկով ոչնչացրել է թշնամու 15 և ավելի տանկ: Պատմում են նաև, թե ինչպես փոխգնդապետ Բազիկյանի հրամանատարությամբ նա «Եղնիկների» ուղղությամբ 1 տանկով շարքից հանել է մի քանի ՀՄՄ և հակառակորդի դիտակետեր։ Հոկտեմբերի 7-ին կատաղի մարտեր են ընթացել Ֆիզուլի-Ջաբրայիլ ուղղություններով:

Առաջին մարտի ժամանակ Վահեն հասցրել է մարտադաշտից դուրս բերել բազմաթիվ վիրավոր և զոհված ընկերների: Նույն օրը՝ երկրորդ մարտի ժամանակ, 20 ժամ անընդմեջ եղել է մարտական գործողությունների կիզակետում:

Սրանք ընդամենը մի քանի դրվագ են մեր հայորդու սխրագործություններից։ 

Կուրսընկերներն անասելի ցավով են խոսում Վահեի բացակայության մասին: Ռայան՝ կուրսի ավագը, պատմում է, որ Վահեն մանկուց ապրել և մեծացել է զինվորական կենսակերպով:

- Վահեն եղել է պրոֆեսիոնալ զինվորական, բոլորի կողմից շատ սիրված, անչափ բարի, հավասարակշռված և նվիրվող երիտասարդ: Չեմ կարող նրա հետ կապված որևէ բացասական դրվագ հիշել: Վահեի բացակայությունը անչափ ծանր է անդրադարձել յուրաքանչյուրիս վրա,- նշում է Ռայան:

Վահե Ղահրամանյանը ներկայացված է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ողջ անձնակազմն իր երախտիքի խոսքն ու աջակցությունն է հայտնում մարտի ընթացքում ընկած բոլոր տղաների ընտանիքներին: