կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-14 16:49
Մշակույթ

Թուրքական կայքէջի անդրադարձը Ադանայի 1909 թ․ կոտորածին

Թուրքական կայքէջի անդրադարձը Ադանայի 1909 թ․ կոտորածին

Akunq.net-ը ստորև թուրքերենից թարգմանաբար և առանց կրճատումների ներկայացնում է թուրքական «Բիանեթ» կայքէջի անդրադարձը՝ 1909 թ կիլիկիահայության կոտորածին

Նամի Թեմելթաշ

«Կոտորածներից հետո Ադանայում գրեթե հայ չէր մնացել։ Մի մասն սպանվել էր, մյուս մասին հաջողվել էր փախչել, իսկ մնացածները հանձնվել էին մի քանի ժանդարմի հսկողությանը՝ ոչխարի հոտի նման։ Երբ սկսեցին ուսումնասիրել այս հարցը, մի կողմում իրենց մտերիմների համար արցունք թափելուց սպառված խեղճ մարդկանց ավերակներն էին, մյուս կողմում՝ հրահրողները, կոտորածի կազմակերպիչները, կողոպտիչներն ու մարդասպանները։ Իսկ ի՞նչ արեց քաղաքացիական ադմինիստրացիան այս պայմաններում։ Կառավարության դեմ ըմբոստություն բարձրացնելու և հրդեհ հրահրելու մեղադրանքով ողջ մնացածներից աչքի զարնած բոլոր անձանց բանտ նետեց և շղթայեց։ Այդ տարօրինակ վերաբերմունքի միջոցով չիմացողները ևս տեղեկացան, որ կոտորածների մտահղացողն ու կազմակերպիչը հենց ինքը քաղաքացիական ադմինիստրացիան է․․․»։

Հետագայում իր տանը կասկածելի կերպով մահացած գտնված (ըստ պաշտոնական զեկույցի՝ սրտի կաթվածից, իսկ համաձայն հայկական աղբյուրների՝ թունավորումից) Հակոբ Պապիկյանի զեկույցում հանդիպող այս ցուցմունքները, զեկույց, որն արգելքների պատճառով միայն 1912 թ․ է հրատարակվել, պատմում էին 1909 թ․ սկսած և մի շաբաթ տևած հայերի կոտորածների մասին։

Ջարդերի ընթացքում սպանվածների թիվը թեև ըստ աղբյուրների փոփոխվում է, սակայն կոտորված հայերի թիվը 20-30 հազար էր։

Պաշտոնական աղբյուրներից Ադանայի նահանգապետ Ջեմալ փաշայի հուշերում գրված է, թե մահացել էին 17 հազար հայեր և 1850 մահմեդականներ։

Ջեմալ փաշայի հուշերը հերքում էին սույն կոտորածը որպես միջկրոնական հակամարտություն ներկայացնել փորձող այն աղբյուրները, որոնք գրում են, թե իբր երկու կողմերից էլ հավասար չափով մարդ է կոտորվել։

1909 թ․ 550 հազար բնակչություն ունեցած Ադանայում շուրջ 60 հազար հայ էր ապրում։ Այն տարիներին Չուքուրովան կոչվում էր Կիլիկիա։ Դրա համար այս կոտորածը զեկույցներում հանդիպում է որպես «Կիլիկիայի ջարդ» արտահայությամբ։

Ադանան տվյալ ժամանակաշրջանում Անատոլիայի ամենահարուստ քաղաքն էր, որի ամենակարևոր եկամուտն ստացվում էր բամբակի մշակումից։ Բամբակը կարևոր արտադրանք էր, որի կորիզն օգտագործվում էր որպես վառոդի հումք։ Ամբողջ Եվրոպան օգտվում էր դրանից, իսկ ամենամեծ գնորդը Անգլիան էր։

Այդ հումքը կորցնել չցանկացող Եվրոպան որոշ դեպքերում աչք էր փակում որոշակի դեպքերի վրա։ Դրա համար էլ Մերսինի ափերին սպասող անգլիական ռազմական նավատորմը ոչ մի ձևով չմիջամտեց այդ դեպքերին։

Ապրիլի 12-ին հայերը Զատիկ էին նշում։ Բացի այդ, գարու հունձքի համար շրջակա գյուղերից ժամանած հայերի շնորհիվ այստեղի հայկական բնակչությունը կրկնապատկվել էր։ Բամբակի քաղհանման համար եկած քրդական արմատներով բանվորներն էլ վրաններ էին տեղադրել քաղաքի շուրջը։

Ամիսներ տևած խոսակցությունների միջոցով քաղաքում տիրող անհանգստությունը շատ մեծ էր։ Մուսուլմաններին գրգռում էին՝ ասելով, թե «Հայերը կոտորած են անելու, մզկիթները հրկիզելու են, բոլոր մահմեդականներին՝ սպանելու, լուծելու են 1894 թ․ վրեժը», և զինում էին նրանց։ Հայերն էլ այդ վիճակը տեսնելով՝ իրենք էլ էին զինվում։ Ամբողջ բնակչությունն անհանգիստ էր։ Սակայն մուսուլման բնակչության թիվը հայերից տասնապատիկ ավել էր։

Ապրիլի 13-ին Ադանայում շուկա էր ստեղծվում։ Ամբողջ ժողովուրդն անհանգիստ էր։ Շուկայի բացման օրը սկսած անկարգությունները մեծ ընդհարումների վերածվեցին։ Աշխարհը շուռ եկավ։ Հայերը փորձում էին իրենց պաշտպանել։ Հարձակվողները մեծ թիվ էին կազմում, և հայերի ինքնապաշտպանությունը գրեթե անհնարին էր։ Հարձակումը հրահրումների պատճառով իսկական կոտորածի վերածվեց։

Շուրջ մեկ շաբաթ տևած հարձակումների և ջարդերի հետևանքով 20 հազարից ավել հայ կոտորվեց։ Ընդհարումների ժամանակ սպանված մուսուլմանների թիվը նույնիսկ 2 հազարի չէր հասնում։ Ողջ մնացած հայերին, հատկապես՝ երիտասարդներին ձերբակալեցին և տարբեր պատիժներ սահմանեցին նրանց համար։ Հայ ընտանիքների մի մասը կարողացավ փախչել և արտասահման հեռանալ։

Այդ ջարդից հետո Ադանայում հայերի թիվը մի քանի հազար դարձավ։ Վերացվեցին հատկապես երիտասարդ բնակիչները։ Ասում են, թե այդ կոտորածը նախապատրաստական աշխատանք էր 1915 թ․ տեղահանության (Հայոց ցեղասպանության-Ակունքի խմբհամար և նպատակ ուներ տեղահանության ժամանակ հայ բնակչությանը զրկել պաշտպանելու ունակ երիտասարդ սերնդից։

Մայիս ամսին երկու Ռազմական արտակարգ ատյան հիմնվեց, մեկը Ադանայում, մյուսը՝ Օսմանիյեում։ Երկարատև դատական գործընթացի ժամանակ դատարանի կազմը հայերին մեղադրեց, թե իբր «խելոք չեն մնացել, քանի որ 1894-1896 թթ նրանց ինչպես հարկն է, չեն խրատել», ինչպես նաև նրանք մեղադրվեցին «օտարերկրյա պետությունների հրահրմամբ ըմբոստություն նախապատրաստելու մեջ»։

Դատարանի այդ որոշումն, ըստ էության, ցույց էր տալիս, թե ինչու էր այդ ջարդն իրականացվել, և որ այն նախապես էր մշակվել, և որ խոսքը չէր գնում ինքնաբերաբար զարգացած ընդհարման մասին։

1894-96 թթ․ 2 տարի տևած հայերի կոտորածների ժամանակ շուրջ 300 հազար հայ բնակչություն էր վերացվել։ Այդ ջարդերի ընթացքում ևս Եվրոպայի լուռ մնալու պատճառը բամբակի հումքի գնումն էր, և այդ լուռ կեցվածքը շարունակվել էր նաև 1915 թ․ տեղահանության ընթացքում։ 1894-96 թթ․ Ստամբուլից ստացված հրամանի համաձայն՝ հայերի բնակած Վան, Բիթլիս (Բաղեշ-Ակունքի խմբ), Դիարբեքիր, Սասուն և Մուշ նահանգներում մեկնարկել էին սիստեմատիկ ճնշումներով ու հարձակումներով ուղեկցվող հայերի կոտորածները, հարյուրավոր եկեղեցիներ ու տաճարներ էին ավիրվել կամ մզկիթի վերածվել։

Օտարերկրյա դեսպանությունները բավարարվել էին միայն բողոքելով և ոչ մի գործողութուն կամ հակաքայլ չէին ձեռնարկել։ Սասունի, Մուշի և Բիթլիսի շրջակայքում հայ երիտասարդների ինքնակազմակերպվելու և զինվելու շնորհիվ այդ շրջաններում շատ կոտորած ու ջարդ չէր եղել, իսկ այն վայրերում, որտեղ ինքնապաշտպանական մարտեր չէին ընթացել, կոտորածը շատ ծանր էր եղել։

Թե 1894-96 թթ․ կոտորածները և թե 1909 թ․ Ադանայի ջարդը փորձաքար էին առաջիկայում (1915 թ․) նախապատրաստվող/ծրագրավորվող տեղահանության համար։ Հատկապես երիտասարդ սերունդն էր կոտորվում․ այդպիսով աշխատում էին անպաշտպան թողնել հայ ազգաբնակչությանը։ Բացի այդ, մեծամասամբ ոչնչացվեցին նաև այդ վայրերում գործող Արմենական ու Հնչակյան կուսակցությունների ղեկավար կադրերը։ Այն ժամանակաշրջանում հնչակյանների գործողություններին չմասնակցած դաշնակցականները միակ կազմավորումն էին, որ հաջողեցրին ողջ մնալ (հեղինակը շփոթում է փաստերը, քանի որ իրականում Դաշնակցությունը ինքնապաշտպանություն կազմակերպած կուսակցություններից մեկն էր-Ակունքի խմբ)։

1896 թ․ օգոստոսի 26-ին 26 դաշնակցականներ, երիտասարդ Բաբկեն Սյունիի առաջնորդությամբ պայթուցիկ նյութերով զինվելով, գրավեց Բանկ Օտոմանը։ Նրանց պահանջների շարքում էին ընդհանուր համաներումը, բռնազավթված գույքի վերադարձը, 6 վիլայեթներում եվրոպացի պաշտոնյաների հսկողությամբ բարեփոխումների արագ իրականացումը և մուսուլմաններից ու հայերից բաղկացած խառը ժանդարմերիական ուժերի ստեղծումը։

Ընդհարումների ժամանակ 10 հոգի սպանվեց։ Մնացածները գործողությանը վերջ տվեցին այն բանից հետո, երբ եվրոպացի դիվանագետները նրանց համոզեցին, թե հաշվի կառնեն նրանց պահանջները։ Նրանք նավով հեռացան Եվրոպա՝ իրենց անվտանգության ապահովման մասին երաշխիքներ ստանալով։

Որպես այդ դեպքի արձագանք՝ կառավարության հրահրմամբ բռնկված ըմբոստությունները մոտավորապես 6 հազար հայի կյանքն արժեցան։

Ադանայի ողբը

Կոտորածն անգութ, հայերը թող լան,
Անապատ դարձավ շքեղ Ատանան:
Կրակը, սուրը ու անխիղճ թալան,
Ռուբենյաց տունը, ա՜խ, ըրավ վերան:

Ալ մի’ տար լույսդ, պայծառ արեգակ,
Լուսին, շուրջ կապե դուն սուգի մանյակ,
Անցավ մեր երկրեն հարավի խորշակ,
Չորցուց, թոռմեցուց ծառ-ծաղիկ համակ:

Րոպե մը չանցավ ու հայոց խեղճեր,
Ինկան սուրին տակ խուժանին ահեղ:
Ժամեր ու դպրոց բոցի մեջ կորան,
Բյուրավոր հայեր անխնա մեռան:

Պարապ է ավա՜ղ, հարուստ Ատանան,
Մոխիր է դարձեր ամբողջ Կիլիկյան,
Միայն ապրեցավ Հաճընը սիրոյն,
Ինչո՞ւ չի շարժիր ապառաժ Զեյթուն:

Երեք օր գիշեր կրակը մեջեն,
Թշնամվույն սուրը, գնդակը դրսեն,
Ջնջեցին հայը երկրին երեսեն,
Արյուն կը վազե մեր ջինջ գետերեն:

Ալ բավ է որքան վատերուն լուծը
Կրեցինք, թողունք մեր լացն ու կոծը,
Օտարին տունը ալ չէ ապահով,
Հայ հողի վրա մեռնինք մենք փառքով:

https://m.bianet.org/bianet/siyaset/173824-kilikya-katliami-uzerinden-107-yil-gecti?fbclid=IwAR3BhlgTX_ykL6EN11cfdTlq6HKMvQ1wehS9elHwWm7kuChGZulIdbdNhoM

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net