Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ armeniangenocide100
Ասատուր Աբրազյանի հիշողություններից
1909 թ., Հաճըն
Սոնիա Կավայո Աբրազյանը ներկայացրել է իր պապի՝ Ասատուր Աբրազյանի պատմությունը, որը ծնվել է Հաճընում,և ընդամենը 6 ամսական է եղել, երբ թուրքերը թալանել են նրանց խանութն ու սպանել հորը: 1914 թվականին, երբ Ասատուրը 5 տարեկան էր, մոր հետ լքել են Հաճընը: Ուղևորվել են Հալեպ՝ միանալով հայկական առաջին ճամբարին: Հետագայում, մի օր զբոսանքից վերադառնալով, պարզել է, որ մորը ողջ-ողջ թաղել են՝ տիֆով վարակված մյուս փախստականների հետ միասին:
«Ծնողներս ինձ Ասատուր Աբրազյան են կոչել: Ծնվել եմ Հաճընում, որտեղ 32.000 բնակիչ կար, որից 2000-ը թուրքեր էին, մնացածը՝ հայեր: Չափազանց փոքր տարիքում եմ որբացել, այդ պատճառով էլ չգիտեմ ծննդյանս ամսաթիվը: Լիբանանում ապրող հորեղբայրս է ասել, որ ես ծնվել են 1909 թվականին: Իսկ որպես ծննդյանս ամսաթիվ ընտրել եմ դեկտեմբերի 8-ը՝ ի նշան Կույս Մարիամի օրվան:
Հայրս Փաշա Փանոս աղայի թոռն էր, պապիկիս անունն էր Առաքել, տատիկինս՝ Երանուհի Փենիկյան: Հորեղբայրս ասում էր, որ երեք հորաքույր ունեի:
Հայրս իր հորից ժառանգած խանութն ուներ: Խանութը հետզհետե վերածվում էր հացահատիկի նեմուծողի, և երբ Հաճընը սկսեց փոքր թվալ հայրկիս, մենք տեղափոխվեցին Այաս նավահանգիստ: Այնտեղ մենք երկհարկանի տուն էինք գնել, որի առաջին հարկը որպես խանութ էինք ծառայեցնում: Հորս չեմ հիշում. մոտ 6 ամսական էին, երբ թուրքերը կողոպտեցին խանութը և սպանեցին հորս:
Մայրական տատիկս և պապիկս Կարապետ և Եսաբեթ Չեկերդեմյաններն էին: Պապիկս՝ Կարապետ Աղան, Ադանայի քաղաքապետն էր: Նրանք երկու դուստր ունեին Սոնան՝ մայրս, Մերին՝ մորաքույրս և մեկ որդի՝ Փանոս անունով:
Մորեղբայրս՝ Փանոսը, Ցեղասպանությունից փրկվելու մասին ունի իր պատմությունը: 1914-ին նա հանգրվանել է Արգենտինայում, որտեղ հայտնի էր որպես Էստեբան Չեկերմեդյան:
Մայրս գեղեցիկ կին էր: Հիշում եմ, երբ Այասում սպանել էին հորս, մեր հարևան թուրք ընտանիքը պաշտպանում էր մայրիկիս, ինձ և քրոջս՝ Սուլթանին, որն ամուսնացել էր 13 տարեկան հասակում: Մյուս քրոջս անունը Սիրանուշ էր: Նա դայակություն էր սովորոււմ Անթեփ քաղաքում:
Մեզ պաշտպանող թուրք ընտանիքը Հաճընում ապրող հորաքրոջս ամուսնուն՝ Ասատուր Կարաթավուքյանին, տեղեկացրել էր մեր բնակության վայրի մասին: Ասատուրը՝ թուրքի պես հագնված, եկել և տարել էր մեզ Հաճըն:
Ինչ գնացել էինք Հաճընից, ամուսնացած քրոջս՝ Սուլթանի մասին ոչինչ չէի լսել: Հետո են ինձ պատմել, որ նրան տարել էին Սիրիայի Դեր Զոր անապատի համակենտրոնացման ճամբար, որտեղ էլ նա մահացել է:
Թուրքիայում հաճախ էին ապստամբություններ լինում: Թուրքերը հայկական տներ էին ներխուժում և ստիպում նրանց հեռանալ տներից: 1914 թվականն էր, 5 տարեկան էի, երբ մորս հետ լքեցինք Հաճընը: Մենք ուղևորվել էինք Հալեպ, այնտեղ միացել ենք հայկական առաջին ճամբարին: Շատ էինք հոգնել, առավոտյան արթնանալիս նկատեցինք, որ թուրքերը գողացել էին մեր կառքն ու ձիերին: Հետո մենք միացանք Սիրիայում գտնվող հայկական երկրորդ ճամբարին: Մեզանից բացի մոտ 9 ընտանիք կար: Քանի որ ամառ էր, գիշերները քնում էինք դրսում՝ ծառերի տակ: Մի օր ես մեզ մոտիկացող մի սայլ նկատեցի: Այդ սայլը շատ էր տպավորվել հիշողությանս մեջ:
Բոլոր 10 ընտանիքների երեխաներին հավաքեցին և տարան զբոսանքի: Այդժամ մենք չգիտեինք, որ մեզ տանում են, որպեսզի կարողանային լուծել տիֆով և այլ հիվանդություններից տառապող մարդկանց հարցերը: Երբ ես վերադարձա, չգտա մայրիկիս: Տեղի կանանցից մեկն ասել է, որ մորս տարել են, որովհետև նա հիվանդ էր տիֆով: Հետո են ինձ ասել, որ մորս և մնացած հիվադներին թաղել են մեկ ընդհանուր փոսի մեջ, հավանաբար այդժամ դեռ կենդանի:
Այժմ ես միայնակ էի: Հաջորդ օրը ստիպված էի լքել ճամբարը: Հաճընի մեր տան դիմաց հացատուն կար: Խանութի հետևում ապրում էր տերն իր 5 երեխաների հետ: Ճամբարից դուրս գալիս ես հանդիպեցի այդ հացթուխին, որը ճամբարը լքող մարդկանց հաց էր բաժանում: Երբ եկավ իմ հերթը, հացթուխի որդիներից մեկը ճանաչեց ինձ: Ինձ հրավիրեցին վրան, որտեղ ես կարողացա սնվել և քնել: Այդ օրն ընտանիքն ինձ իրենց հետ տուն տարավ:
Նրանք հաղորդագրեցին իմ եղբայր Ասատուր Կարաթավուքյանին, որն ապրում էր արաբական մի քաղաքում՝ 10 կմ հեռավորության վրա, իմ գտնվելու վայրի մասին: Երկար չանցած եղբայրս եկավ իմ հետևից: Նա ինձ իր հետ քաղաք էր տարել, որտեղ ես կրկին հանդիպեցի տատիկիս՝ Երանուհու հետ: Այնտեղ որոշ ժամանակ ապրելուց հետո, մեզ կրկին դուրս հանեցին: Երրորդ հայկական ճամբարը, որին մենք միացանք Իրաքում էր՝ Եփրատ գետի հարավային մասում: Այդ ճամբարը թուրք սպաներ էին հսկում: Այդ ճամբարում մահացել էր տատիկս, երբ ես քնած էի՝ հենված նրա ծնկներին:
Այդ ճամբարի պահակները օգնել էին մի քանի հայ ընտանիքի, այդ թվում նաև մեզ, անցնել գետն ու փրկվել: Չնայած որ փրկվել էինք, շարունակում էինք սովամահ լինել: Եղբայրներիցս մեկը՝ Սարգիսը, որոշել էր գնալ հարևան քաղաք՝ մթերք հայթայթելու: Ինձ էլ հետը տարավ: Ճանապարհին նա թողել էր ինձ երկու արաբ կանանց հետ և խոստացել, որ վերադառնալու ճանապարհին կվերցնի ինձ: Բայց նա այդպես էլ չվերադարձավ: Այդ երկու արաբ կանայք ինձ իրենց տուն տարան: Մի քանի օրից ես սկսել էի հոգ տանել իրենց երկու կովերին: Այնտեղ մոտ 6 ամիս ապրեցի, իսկ երբ հոգնեցի, գնացի այդ տնից:
Նույնիսկ չգիտեմ՝ քանի ժամ եմ քայլել: Ես մի արաբական քաղաք հասա, իսկ իրենց մոտ ընդունված է դիմավորել և ընդունել ամեն եկվորի: Այդպես ես հայտնվեցի քաղաքագլխի տանը: Պարզվեց՝ շեյխի եղբոր կինը հայուհի էր, ում ժամանակին առևանգել էին: Այդ կինը, իմանալով հայ լինելուս մասին, ամեն օր մթերք էր պատրաստում և թաքցնում խոտերի մեջ, որպեսզի ես կարողանամ գտնել այն գիշերը:
Նա գաղտնի կազմակերպել էր իմ փախուստն Ուրֆա: Այնտեղ մի ընտանիք աշխատող տղայի կարիք ուներ: Հայուհու ծանոթ մի արաբ կնոջ հետ ես ուղևորվեցի դեպի Ուրֆա, որտեղ հոգ էի տանում 25-ամյա մի կույր տղայի: Որֆայում ինձ մի հայ է հանդիպել Հակոբ Հալաջյան անունով: Այդ մարդն ինձ իր տուն տարավ և 5 օր թաքուն պահեց, որպեսզի ինձ չկարողնանան գտնել: Նա ինձ հարազատ որդու պես էր վերաբերվում: Նրա կինը հայ ակտիվիստ էր: Նա ինձ գրել, կարդալ էր սովորեցրել, եկեղեցի էր տարել: Կարծում եմ այնտեղ մոտ երկու տարի ապրեցի: Օրերից մի օր ընտանիքը կառք վարձեց և ինձ 6 որբի հետ միասին ուղևորեց Բեյրութ, որտեղ ամերիկյան բարեգործական մի ընկերություն հոգ էր տանում երեխաների մասին: Բեյրութից ավտոբուսով ուղևորվել էինք Լիբանան, որտեղ հայ երեխաների մանկատուն կար: Այնտեղ ես մոտ 3000 հայ որբի հանդիպեցի: Հարյուրավոր երեխաներ ոչ ընտանիքներ ունեին, ոչ էլ բարեկամական կապեր:
Մեզ տարել էին սովորելու Նազարեթում: Ճանապարհին մարդկանցից մեկը ճանաչել է ինձ: Նա մեր հեռավոր բարեկամներից մեկն էր: Իմանալով, որ ես հաճախում եմ տեղի դպրոցը՝ նա տեղեկացրել էր ինձ, որ քույրս՝ Սիրանուշը, նույնպես փրկվել էր: Նա ապրում էր Երուսաղեմում: Տեղեկացրել էր նաև, որ Սարգսի եղբայր Փանոսը արտագաղթել է Արգենտինա 1912 թվականին: Նրանք նամակագրական կապի մեջ էին Փանոսի հետ և տեղեկացրել էին նրան կենդանությանս և բնակությանս վայրի մասին:
Երբ 1920թ. եկա Նազարեթ, 11 տարեկան էի: Տեղի դպրոցում ես հայերեն և անգլերեն լեզուներն էի սովորում, պատմություն և մաթեմատիկա ուսումնասիրում: Այդպես ես սովորեցի մինչև 1927թ.: Ես սիրում էի սովորել, կարդալ, շատ գրքեր եմ կարդացել:
Պարզվել էր, որ քույրս՝ Սիրանուշ Աբրազյանը, դայակ էր Երուսաղեմի հայկական հիվանդանոցում: Նազարեթ գալուն պես ես սկսեցի փնտրել նրան, նա էլ էր բարեկամների փնտրում, բայց մենք չգիտեինք որտեղ և ինչպես փնտրել իրար… վերջին անգամ 5 տարեկան էի, երբ տեսել էր ինձ: Դպրոցի տնօրենը, իմանալով, որ փնրտում եմ քրոջս, լսել էր նրա մասին: Մենք չէինք հիշում միմյանց, բայց գիտեինք մեր ազգակցական կապի մասին, որովհետև ունեինք նույն ազգանունները, համապատասխանում էին նաև ծնողների անունները: Ծանոթանալուց հետո քույրս հաճախ էր այցելում ինձ:
18 տարեկանս լրանալուց և դպրոցն ավարտելուց հետո եկավ աշխատանք գտնելու ժամանակը: 1926-1929թթ. ես աշխատում էի Spinneys Limited ընկերությունում, Հաիֆա քաղաքում աշխատում էի որպես նամակատար և ապրում էի մի հայ կոշկակարի հետ: Աշխատանքիցս դուրս գալիս, գործատուն երաշխավորագրիս մեջ գրել էր. «Ներկայացնել ըստ պահանջի: Երաշխավորում եմ, որ 1926-1929թթ. նամակատար աշխատած Ասատուր Աբրազյանը լքել է աշխատանքը հոր մահվան պատճառով: Մեզ մոտ աշխատելու տարիներին նա աչքի էր ընկնում իր խելացիությամբ, արագությամբ և մաքրությամբ: Մենք երաշխավորում ենք նրան այլգործատուներին»: Սակայն իրականում աշխատանքից դուրս գալու պատճառն իհարկե հորս մահը չէր: Պատճառն այն էր, որ մորեղբայրս՝ Փանոսը, ինձ և քրոջս տոմսեր էր ուղարկել, որոնցով մենք պետք է հասնեինք Բուենոս Այրես: Բայց մեկնելուց առաջ ես պետք է լուծեի տեսողությանս խնդիրները և պատրաստեի փաստաթղթերը: Ես և քույրս փոխել ենք մեր ծննդյան տարեթվերը, քանի որ ճանապարհորդության ընթացքում տղամարդիկ պետք է կանանցից տարիքով մեծ լինեին:
Աչքերիս բուժումը 2-3 ամիս տևեց: Այդ ընթացքում ես նաև աշխատում էի մի առաքման ընկերությունում:
Բուենոս Այրեսում մորեղբայրս՝ Փանոսը, որն Արգենտինայում հայտնի էր որպես Էստեբան, և նրա կինը՝ Ռոջելիան, սպասում էին մեզ: Այդ ժամանակ Արգենտինայում բոլորը փախստական էին թվում:
Կրթությանս շնորհիվ ես արագ սովորեցի իսպաներեն և թարգմանչի աշխատանք գտա: Արգենտինայի հայկական համայնքում ես մի գեղեցիկ կնոջ հետ ծանոթացա: Նրա անունն Իսաբել Չեկերմեջյան էր: Հետագայում նա դարձավ իմ կինը: Եվ ի տարբերություն ինձ՝ մեծ ընտանիք ուներ»:
Ասատուրն ու Իսաբելը միասին ապրել են գրեթե 63 տարի: Նրանք մեկ որդի և մեկ դուստր ունեցան և 8 թոռ: Ասատուր Աբրազյանը մահացել է 91 տարեկան հասակում 2001 թվականին, Իսաբել Չեկերմեդյան-Աբրազյանը՝ 2004-ին: