Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նոր բան տեղի չի ունենում, բայց այս հարցի հետ կապված տեղեկատվական լուրջ ճնշումներ կան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:
«Մեկ ամիս առաջ «Ինտերֆաքսը» գրել էր՝ «հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական գյուղերի վրա», երբ ժամանակին կիրառվում էր «հրադադարի ռեժիմի խախտում» ձևակերպումը, այսինքն՝ հիմա անուններ են տալիս, սա նշանակում է՝ կա տեղեկատվական գործիք, որն օգտագործվում է մեր դեմ: Սրանից հետևություն պիտի անել»,- նշեց նա՝ ակնարկելով, որ անգամ ռուս փորձագետներն են ընդունում այս փաստը:
Ըստ Պողոսյանի՝ սահմանին հարաբերական անդորրից օգտվելով` հայկական կողմը պետք է պատրաստվի հնարավոր սցենարների զարգացմանը:
«Եթե Ադրբեջանն առաջնագծում դիվերսիաներ չի անում, նշանակում է, որ մենք այնպես ենք նախապատրաստել իրավիճակը, որ Ադրբեջանը հասկանում է՝ հաջողության չի հասնի, ուստի փոքր անհաջողությունների դաշտ չի ուզում մտնել: Բայց արդյո՞ք դադարեցրել է ինժեներական աշխատանքները, զենք գնելը, ռազմատենչ հռետորաբանությունը»,- ասաց նա:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն էլ նշեց՝ չի կարծում, որ 2019-ին Արցախի հարցի հետ կապված կարգավորում է լինելու, քանի որ կողմերի պատկերացումները չափազանց տարբեր են:
«Ինչ էլ պայմանավորվենք շրջանների վերաբերյալ, եթե նման բան լինի, Արցախի կարգավիճակը Ադրբեջանը երբևէ չի ճանաչելու, ոչ էլ մենք թույլ ենք տալու, որ Արցախն այլ կարգավիճակ ունենա: Մամեդյարովը որոշակի դրական գնահատական է տվել, բայց բանակցային գործընթացն այնքան շերտեր ունի, այնքան լայն է, որ մի փոքր բանի շուրջ համաձայնությունը չի նշանակում, որ խնդրի կարգավորման վերաբերյալ կան ազդակներ, լուրջ հնարավորություններ»,- ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի արկածախնդրությունը կրկնվելու միտում ունի, չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ ապրիլյան դեպքերի նման մի բան լինի:
ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը հավելեց՝ հիպոթետիկ կերպով հարցի լուծումը պատկերացնելիս պետք է մեզ հարց տանք՝ 70 տարի հետո կրկին շարժո՞ւմ ենք սկսելու: «Մենք ունե՞նք կանխատեսում, թե 60-70 տարի հետո ինչ է լինելու ՀՀ-ի և Արցախի հետ: Ինձ համար հարցի լուծումը զուտ թուղթ չի, սա է: Պետք է որդեգրենք երկարատև ծրագրման, սցենարավորման մոտեցումներ: 1921-ին երրորդ երկրի կոմունիստական կուսակցության անդրկովկասյան ներկայացուցչությունն ինչ-որ թուղթ ստորագրեց և ասաց՝ սա է ձեր լուծումը: 70 տարի հետո լուծումը մեզ դուր գալի՞ս էր: Նույնը կարող է լինել: Ինձ համար լուծումը սա է՝ 70 տարի հետո տեսնել, թե ինչ է լինելու, նոր շարժումնե՞ր ենք սկսելու»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե այդպես չենք սկսելու մտածել, ականատես ենք լինելու սրան՝ որ կողմն ավելի մեծ ռեսուրս ունենա, մյուսին ճնշելու է:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը հավելեց՝ Հայաստանը որևէ ոլորտի հետ կապված ռազմավարություն չունի: «Ազգային անվտանգության ռազմավարությունը 11 տարվա փաստաթուղթ է, իսկ այս ընթացքում աշխարհը շատ է փոխվել: Չունենք ռազմավարություն արտաքին քաղաքականության, ռազմական ոլորտներում: Մենք անգամ չունենք ռազմավարություն, թե աշխարհաքաղաքական կենտրոններից որևէ մեկի հետ ինչպես պիտի աշխատենք, մասնավորապես` Վաշինգտոնի հետ կապված, որ մեր թշնամիները մեզ չհաղթեն, ինչպես այսօր սկսել են հաղթել: Այնպես որ` ստրատեգիկ մտածելակերպը մեզ համար չափազանց կարևոր է, ինչպես նաև գիտահետազոտական կենտրոնների ստեղծումն ու զարգացումը, դրանց աջակցելը, որ դրանք լուրջ պրոդուկտ տան պետական մարմիններին, ինչպես ընդունված է աշխարհում»,- ընդգծեց Սարգսյանը՝ նշելով, որ Վաշինգտոնի արտաքին քաղաքական որոշումները գիտահետազոտական կենտրոններում են կայացվում:
Թևան Պողոսյանը համակարծիք է՝ պետական միջոցներով այդ պատվիրակումները պետք է արվեն, իսկ փորձի իմաստով կարող ենք դրսի հետ համագործակցել: