կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-13 11:36
Քաղաքական

Կործանման գաղափարախոսությունը շուրթերին «պսևդոխաղաղության հետևորդների» արշավն ընդդեմ Հայկական աշխարհի

Կործանման գաղափարախոսությունը շուրթերին «պսևդոխաղաղության հետևորդների» արշավն  ընդդեմ Հայկական աշխարհի

Ինչպես գիտեք՝ նախորդ տարի ընտրություններից առաջ հրապարակվեց «Կործանման N°28/20 ծրագրի 6 քայլերը» հոդվածը, որում նկարագրվում էին Հայաստանի և Արցախի հանրապետությունները կործանման տանող 6 շրջափուլերը և առաջարկվում հետագա 4 փուլերը կանխելու ճանապարհի առաջին քայլը: Սակայն, ցավոք, ժողովրդի մեծ մասը անհաղորդ մնաց հոդվածում նախանշված վտանգներին՝ այդպիսով այն ժամանակ ապագայապաշտական այդ հոդվածի 4 շրջափուլերը դարձնելով բացարձակ իրականություն:  

Բայց և այնպես, այս հոդվածը նպատակ չունի մեղադրելու ժողովրդին, ընդհակառակը՝ ուղղված է հայկական աշխարհի մաս կազմող այն անձանց, ովքեր պատրաստ են անձնուրաց կերպով պայքարելու հանուն Հայրենիքի։ Հոդվածների այս շարքը կլինի շարունակական՝ նպատակ հետապնդելով լույս սփռել սկզբնական հոդվածում նկարագրված յուրաքանչյուր քայլի նախադրյալների առաջացման պատճառների վրա, ապա առաջադրել իրավիճակի լուծման մեկ քայլ։ Այսպիսով՝ վերջնարդյունքում, սկզբնական հոդվածը հաջորդող հոդվածների շարքի հետ համադրելով, ճիշտ պահին կարելի է ստանալ մի ամբողջական պատկեր, որը և կուղղորդի կոնկրետ մարդկանց խմբի՝ արդյունավետ պայքար տանելու հանուն հակական աշխարհի պահպանման, կրթվածության, միասնականության և հզորացման։ Ինչպես նաև այն կարելի է ընկալել որպես հորդոր՝ ուղղված իրավիճակը փոփոխելու լեգիտիմ հնարավորություն ստացած անձանց, որպեսզի նրանք հետ պահեն կուսակցության կամ դաշինքի որոշ անդամների՝ բացառելու համար իրավիճակին հարմարվելու խոսույթով, անկարողության նախանշաններ ի ցույց դնող և արդարացումներ պարունակող տողատակերով հրապարակումները, որոնք հարվածում են պայքարի առնվազն տեսանելի ընթացքին և ծրագրին։ 

Առայժմ ոչ միայն լայն հանրության, այլ նաև փորձագիտական շրջանակների մոտ գերազանց ստացվում է սոսկ տեսանելի երևույթները վերլուծելու ու մեղավորներ նշանակելու պարզամիտ նախաձեռնությունը, մինչդեռ խորքային պատճառների մասին ակնարկն անգամ հապճեպ որակվում է դավադրության տեսության դրսևորում: Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ ընթերցողին նախորդ «ապագայապաշտական» հոդվածի ողջախոհությունը, հիմնավորվածությունը ապացուցել է սոսկ ժամանակը, մեր պարտքն ենք համարում ժողովրդին տեղեկացնելու Հայաստանին առնչվող հետագա գործընթացների և դրանց լուծման ուղիների մասին՝ միաժամանակ չափազանց պարզ կերպով ներկայացնելով պատմական որոշակի անցքեր և դեմքեր։ 

Այսօր կարելի է վստահ պնդել, որ Հայաստանում ապրեցվեց և մինչ այս հաղթում է կործանման գաղափարախոսությունը, որը սեփականացրեց և ողջ հայկական աշխարհով մեկ տարածեց  «Պսևդոխաղաղության հետևորդների», Հայկականության հետ ոչ մի ծագումնաբանական կապ չունեցող, հավաքագրված մարդկանց մի նոր խումբ՝ ներառելով նաև «հներին»։ Քաղաքական որոշակի ծրագրերի աջակիցը լինելու իրողության համար նրանք իրենց «հայ-ազգայնական» էին կոչում, հիմնելով պսևդոազգայնական կազմակերպություններ, և դատարկաբանում՝ «Բերքաբեր Արցախը: Աղդամը իմ հայրենիքն է...»: Իսկ ավելի վաղ՝ դեռ 2012 թ․ հունիս 5-ին փաստարկում էին, որ «պետք է պատերազմ սկսել, որպեսզի խաղաղություն ստեղծելու հնարավորություն լինի»: Ըստ 10 տարի առաջ հրապարակված այդ հոդվածի տխրահռչակ հեղինակի՝ «պատերազմի պարադոքսալ տրամաբանությունը կայանում է նրանում, որ հնարավորության դեպքում այն օգտակար գործառույթ է կատարում` խաղաղություն է բերում»: «Քոչվոր կառավարությանը» անդամակցած անհատների էությանը և կործանման գաղափարախոսությունը բնութագրելու նպատակով՝ մենք միառժամանակ պետք է շեղվենք ուղղակի շոշափելիք թեմայից, քանի որ հոդվածը բազմապլանային է. մի քանի տարբեր կետերից սկսվող պատումը վերջում միայն ընդհանրանում է ու հասնում իր տրամաբանական ավարտին։ 

ՀՀ,  այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը նախապատրաստվեց, կազմակերպվեց և ուղղորդվեց մի ուժի կողմից, որի անվան վրա հեղինակը դեռ հակված չէ լույս սփռել, բայց կարևոր է համարում նշել, որ դա տվյալ ուժի պատմության նորագույն շրջանի արժանահավատ, անհերքելի, ամենանշանակալից փաստն է, որը գաղտնազերծում է անցած իրադարձությունները և տալիս է ապագան տեսնելու բանալին։ Այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը մեր տասնամյակում «հեղափոխություն» հասկացությանը հայերիս համար նոր նշանակություն կամ, ավելի ճիշտ,  իսկական իմաստ հաղորդեց։ Այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը ցույց տվեց, որ հեղափոխությունները ներկայումս կազմակերպվում են որպես անընդհատ գործող կործանիչ ուժ, որը շարունակաբար ուղղորդվում է գլխավոր կենտրոնակայանի կողմից, ունի անձնակազմ, որի վերջնանպատակը համաշխարհային հեղափոխության վերածվելն է։ Դրա նպատակները տեղական պայմանների հետ ոչ մի կապ չունեն և կոչված չեն որևէ տեղական անարդարություն շտկելու։ Հեղափոխությունն ունի կործանման ինքնանպատակ, որպեսզի խորտակի պետությունների բոլոր օրինական կառավարությունները ու դրանց տեղը դնի նոր իշխանություններ և կառավարիչ-հայրենավաճառներ։ 

Ի տարբերություն 2008 թ․ հեղաշրջման փորձի, 2018 թ․, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը ուղղակիորեն ցուցադրում է համաշխարհային դավադրության ընդհանրական արմատները։ Այդ պահից սկսած՝ հեղափոխական պլանի բնույթը հստակ երևում էր, ինչը չի կարելի ասել դավադիրների մասին, որոնք հայտնաբերվելիս ներկայանում էին որպես իրարից անկախ, Արցախի կործանման հանդեպ ընդհանուր սադրիչ կիրք ունեցող անհատների հրոսակախումբ, թաքնվելով քաղաքացիական հասարակության այն շերտի հովանու ներքո, որը,  այսպես կոչված, գլոբալ արժեքների պաշտպանության ջատագով էր։ Մի թևում՝ պատերազմ քարոզելու, մյուս թևում՝ պսևդոխաղաղության Օվերտոնի պատուհանները բացելու, բայց այդ ողջ ընթացքում նույն կենտրոնակայանի կողմից գործելու նպատակն այլևս բացարձակ ակնհայտ է, սակայն բուն կազմակերպիչները գաղտնի են մնում առնվազն լայն հանրության համար։ Ուսումնասիրելով հեղափոխական իրադարձությունների հետազոտող դասականներից՝ անգլիացի պատմաբան և քաղաքագետ լորդ Ակտոնի (1834-1902 թթ.) մեկ այլ կիսագաղտնի պատմական անցուդարձի բնորոշման արմատները, նրա խոսքը նրբանկատորեն պրոյեկտել ենք ՀՀ-ում տեղի ունեցած գունավոր հեղափոխությանը, այսպես․ «Հեղափոխության մեջ ամենասոսկալին ոչ թե վայրագությունն ու սանձարձակությունն են, այլ դրա կազմակերպումն է։ Դագաղների ու սև ժապավենների ստվերների տակ մենք տեսնում էինք հաշվենկատ կազմակերպվածության առկայությունը։ Կազմակերպիչները տարատեսակ և բազմաբնույթ կեղծ դիմակների տակ քողարկվում են, սակայն հենց սկզբից նրանց առկայության ոչ մի կասկած չկար»։

Այլ կերպ ասած՝ 2018 թ․, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունն այդ իրադարձությունների ակունքներում բացահայտեց համաշխարհային ծավալներով կազմակերպչական պլան։ 2008 թ․ հեղաշրջման փորձում տարերային թվացողը 2018 թ․, այսպես կոչված, թավշյա հեղափոխության ընթացքում ներկայացավ որպես կանխապես հաշվարկված պլան։ Իսկ այս փոխկապակցված ողջ դավադրությունն այնքան հասուն ու հզոր երևաց, որ ենթադրել է տալիս, թե այն իր արմատներով հասնում է մինչև նախորդ հեղաշրջման փորձը։ Թավշյա հեղափոխության ժամանակ էլ չհաջողվեց կազմակերպիչներին ամբողջովին դիմակազերծել, և դրա գաղտնիքը նույնիսկ այժմ առնվազն ժողովրդի գիտակից հատվածի համար բացահայտված է կիսով չափ։ 

Դեռ 1999 թ․ ՀՀ-ում համաշխարհային հեղափոխությունը համարվեց պերմանենտ՝ անընդհատ, չընդմիջվող, որի նպատակը համաշխարհային չափի հաղթանակն է։ Իսկ հիմա այն, ինչը նախկինում համարվում էր գաղտնի դավադրություն, դարձավ կենտրոնակայանից կառավարվող ու բոլոր երկրներում ներկայացուցչություն ունեցող բացահայտ գործող քաղաքական կազմավորում։ 

Այսպիսով՝ 2018 թ․ գունավոր հեղափոխությունը, իր հերթին, հստակորեն ցուցադրեց 2008 թ․ հեղաշրջման փորձի ուրվագծերն ու ակունքները։ Նախկին երկու «հեղափոխությունների» առաջնորդների՝ փութաջանորեն թաքցվող և քողարկված բնույթը բացահայտվեց լրիվ այլ կողմերով, կամ էլ հնարավոր դարձավ գոնե ենթադրել դրանց ով լինելը, իսկ մինչ այդ ոչ մեկի մտքով չէր անցնում՝ մանավանդ, առաջինի դեպքում, ով Արցախյան հերոսամարտի գլխավոր դերակատարն է, թեպետև մյուսը ի սկզբանե շարքային խարդախ է։ Այս հարցի բոլոր քննարկումների համար 2018 թ., այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը կարևոր էր նրանով, որ ապացուցեց համաշխարհային հեղափոխության պլանի և դրա կազմակերպիչների առկայությունը Հայաստանում։  

Հեղափոխական կազմակերպության գործունեությունը մեր նորանկախ պետականության առնվազն նախորդ 26 տարիները վերածեց մեծ դավադրության տասնամյակի։ 2018 թ․  կատարվողի մասին նույնիսկ լրիվ չգիտակցող մտավորականության և պետական պաշտոնյաների մի ստվար հատված զգում էր խավարում թաքնված ինչ-որ թշնամական ուժի առկայությունն այնպես, ինչպես ստորերկրյա խորխորատում փակվածը դողում է գիշերային անհասկանալի ձայներից։ Նույնիսկ մեզ շրջապատող օդը ախտահարված էր դավադրության չարաժանտ ոգով։ Իսկ այժմ այդ դավադրությունը մեր մաշկի վրա փորձարկվողներիս առաջ հստակորեն ուրվագծվում է «Սև Առանձնատան» կերպարը։ 

Փաշինյանի փայլուն հաջողությունների ամենավատթար ծառայությունը հայության առաջ եղավ այն, որ ժողովրդի ուշադրությունը շեղվեց հայությանը սպառնացող ավելի լուրջ վտանգից՝ կենտրոնակայանի գաղտնածածկ գործակալների ծանրակշիռ ներկայությունից, Արցախյան հարցի կարգավորման գործընթացի վատթարացումից և ազգային գաղափարախոսության բացակայությունից, կենտրոնացնելով ողջ մտայնությունը դեպի նեղ-անձնային, սոցիալ-տնտեսական պայմանների քննարկման դաշտ, ի դեպ, ոչ թե սեփական սոցիալական վիճակի բարելավման, այլև դիմացինի վիճակի վատթարացման հարթությունում։ Եթե Փաշինյանը չհայտնվեր, իսկ նախորդ իշխանությունները ցուցաբերեին իրապես ողջախոհ և պետականամետ քաղաքականություն, ապա հայ ազգն այդ դավադրության կանխարգելման, ժողովրդի մնացյալ հատվածին կրթելու և Արցախյան շարժման վերջնական հաղթանակի վրա ավելի մեծ ուշադրություն կդարձներ: Եվ թեև դեռևս 2018 թ. առաջ առկա չէին ազգային գաղափարախոսության և որակյալ կրթական համակարգ ստեղծելու արդյունավետ նախաքայլերը, որոնք կհանդիսանային մի շարք վտանգների կանխարգելման հիմք, մենք խուսափում ենք խոսել անցյալի սխալներից, քանզի դրանց առկայությունը ոչ մի դեպքում չի արդարացնում ռեժիմի շղթայական գործուղությունների դավաճանական քայլերը, այլ միմիայն ընդգծում է մեր անկարողության պատճառները՝ դիմակայելու այս ազգակործան ծրագրին։ Հետևաբար, նախորդ իշխանությունների գործողությունները ենթակա են մասնագիտական խոր վերլուծության՝  հետևելով հատուկ ընթացակարգերի, բայց ներկայումս վտանգավոր է այն հանրային կերպով քննարկել, մասնավորապես,  այն պատճառով, որ ցանկացած նմանատիպ քննադատություն, մանիպուլացվում և դառնում է հերթական կեղտոտ զենքը թշնամու ձեռքում։ Հիմա պայքարելու, եղած ուժերով դիմադրելու ժամանակն է, ու դեռ կգա ուսումնասիրելու, ուղղվելու ժամանակը։  

Նիկոլ Փաշինյանը՝ ասես, մի շարքային բացարձակ բռնապետ, փորձում է իրեն հռչակել իշխանության լիակատար կրող, սակայն մոտ ապագայում տեսիլքի պես կանէանա, քանզի այստեղ  գոյություն են ունեցել ներքին կարգերի գրեթե ցանկացած ձև, և դրանք բոլորն էլ պատմության ինչ-որ փուլում մերժվել են։ Փաշինյանի և նրան թեկուզև չնչին աջակցություն ցուցաբերած «հայերի» հանդեպ որոշումներում պետք է գործի ոչ թե օրենքի ուժը, այլ ուժի օրենքը, ամենից ավելի՝ «զորավար-տիկնոջ» շղթայի հումքի ուժը, թեև հուսով եմ՝ վերջին անգամ։ Որովհետև դավաճանությունը չի կարելի ներել։ Մենք՝ արժանապատիվ հայերս, ասենք, ներենք, բայց մարդիկ երբեք իրենց չեն ներում և դրա համար միշտ վտանգավոր են։ 

Ոչ մի հանրույթ այնքան իշխանություն և ոչ մի առաջնորդ այնքան համառություն և ոչ մի համակարգ այնքան դինամիզմ չի ունեցել, որ կարողանար իր կամքը տևական ժամանակով պարտադրել ամբողջ ժողովրդին, քանզի, ելնելով վերջին տասնամյակում նրա ցածր կրթական մակարդակից, միշտ էլ հայտնվել է մի ուժ, որ կարողացել է շեղել և կենտրոնացնել նրա մեծամասնության ներուժը մեկ այլ ուղղությամբ, թեկուզև հաճախ պետական շահի զրո գիտակցմամբ։ Իսկ այսօր նմանատիպ ուժերից մեկը, որին կենտրոնակայանը՝ հնարավորություն,  իսկ հայ ժողովուրդը՝ լուռ համաձայնություն տվեց հատելու բոլոր ազգային և պետական կարմիր գծերը, խոսում է պացիֆիզմի, թշնամական երկրների միջև խաղաղության մասին։ Արաբաթ Միրզոյանը ու Չավուշօղլուն ողջագուրվում են․․․ մանկամտություն է։ Ընդհանրական, բայց և մեզ վերաբերական պատմությունից գիտենք, որ ամեն անգամ, երբ հանուն նոր պատերազմի՝ ուժերի դասավորման մասին պայմանգրեր են կնքվել, այդ պայմանագրերին «խաղաղ» անունն են տվել, սակայն յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է, որ դրանք ապագա պատերազմի նոր բաղադրիչները նախանշող պայմանագրեր են։ Մարդիկ, ովքեր վառ խանդավառությամբ սպասում են կարմիր, բայց և այնպես հորդառատ ներդրումների, չեն գիտակցում, որ ով զբաղեցնում է տարածքը, նա էլ այնտեղ իր սոցիալական համակարգն է պարտադրում։ Այլ կերպ լինել չի կարող։ Այդ համակարգում մեզանից որևէ մեկը տեղ չի ունենալու, թեկուզև մի մասը՝ ողջ, մյուս մասը՝ մեռած։  

Վերջապես պետք է գիտակցել, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ներկայումս դարձել են համաշխարհային փոփոխություններին նպաստող գործոններ, քանի որ այդ հայեցակարգի բովանդակությունն ու կիրարկումը այսօր ավելի ճկուն են դարձել։ Ի վերջո, տարբեր ժողովուրդների ժողովրդավարական մոդելները կարող են միանգամայն տարբեր արդյունքների հանգեցնել։ Սակայն, վստահաբար, եթե մոտ ապագայում կապիտուլացիոն ռեժիմին դիմադրելու լեգիտիմ հնարավորություն ստացած ուժը ի ցույց դնի, որ սոցիալական ու քաղաքական հարցերում կարող է ողջամիտ արդյունավետությամբ ու պարկեշտությամբ գործել, որ հարգում է կարգուկանոնն ու իր պարտավորությունները, չպետք է վախենա կտրուկ և շրջադարձային քայլերից, մերժելով ներկա իշխանությունների կործանարար ժողովրդավարության սահմանումը, և առաջ քաշել մեր ժողովրդի նոր ժողովրդավարական մոդելը, հարկ ենք համարում նշել, որ այդ իրավունքի լեգիտիմությունը դեռ տարիներ առաջ նույնիսկ հաստատվել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի կողմից։ Այս հարցին անդրադառնալու պահը առջևում է, իսկ առայժմ անհրաժեշտ է ցուցաբերել բացարձակ ճկունություն և կանխատեսելիություն՝  ապացուցելով, որ ամենևին կարիք չկա Հայաստանը ներառել ինքնիշխան տերությունների թիվը նվազագույնի հասցնելու ծրագրում, որոնք միտված են դառնալու կառավարելի՝ պահպանելով հարաբերական խաղաղություն և կարգուկանոն։

 

Նվեր Սաղաթելյան

Ջոնս Հոփքինսի և Օքսֆորդի համալսարանի ուսանող



Տես նաև՝  SIS Education. «Վարդաններին» դեպի «Վարդան Գրեգորյաններ» տանող ճանապարհը:


Տես նաև՝  Կործանման N°28/20 ծրագրի 6 քայլերը:


Տես նաև՝  Նիկոլիզմի մոլորեցումները և կրթական վեկտորների ձևախեղումն ընդդեմ «Կուրթ Հահնի»:


Տես նաև՝  Ն. Փաշինյանին և Վ. Դումանյանին լքել է բովանդակության գիտակցման զգացումը:


Տես նաև՝  Սորոսի կրթաթոշակը չխանգարեց Նեթանյահուին՝ Իսրայելում արգելել հիմնադրամի գործունեությունը: