կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-18 10:50
Առանց Կատեգորիա

Ծառուկյանիզմի և նրա պայքարող հետևորդների մասին

Ծառուկյանիզմի և նրա պայքարող հետևորդների մասին

Դուք մի ձմեռային առավոտ արթնացել եք ու հայտնաբերել, որ ձյուն է եկել: Ի՞նչ եք անում: Ոմանք ժպտում են, ոմանք բացականչում` հրաշալի է, ոմանք տրտնջում` սկսվե՛ց... Այդպես չէ՞:

 

Բայց կա մարդկանց մի տեսակ, որ, տեսնելով առաջին ձյունը, անմիջապես մեղավոր է փնտրում, թե ո՞վ իրեն այնպես չպահեց, որ ձյուն եկավ: Ահա մարդու այս տեսակի մասին ենք ցանկանում խոսել այսօր, քանզի սա բոլորովին նոր և չուսումնասիրված տեսակ է, և նույնիսկ վտանգ չկա սխալվելու: Ո՞վ պետք է մեզ հարցնի, թե ինչ գիտական գրականություն ենք օգտագործել կամ ինչ աղբյուրներ, երբ սա տառացիորեն մեկ տարվա պատմություն ունեցող գաղափարաբանություն է:

 

Մեր հարցադրումը հետևյալն է` ի՞նչ է ծառուկյանիզմը: Չշտապենք պատասխանել: Առանձին անհատների ստեղծած գաղափարական ուղղությունները, սովորաբար, հետագայում կոչվում են իրենց հիմնադիրների անուններով: Օրինակ` մարքսիզմ, լենինիզմ, դարվինիզմ և այլն: Բայց դուք հարցրեք անձամբ Գագիկ Ծառուկյանին` ինքը որևէ ուսմունք ստեղծե՞լ է: Եթե ասի` այո, հարց չկա, ես հենց այստեղ վերջակետ կդնեմ ու ներողություն կխնդրեմ պարոն Ծառուկյանից: Բայց քանի որ ոչ ոք նման բան չի հարցնի Ծառուկյանին, քանզի վերջինս կարող է մտածել, որ իրեն ձեռ են առնում և այդ դժբախտին գցի առյուծի վանդակը, ես առայժմ, գլուխս կախ, կշարունակեմ իմ գրելիքը:

 

Եվ ուրեմն, եթե Ծառուկյանը ուսմունք չի հիմնադրել, ապա ո՞վ կամ ովքե՞ր են հիմնադրել այդ երիտասարդ գաղափարախոսությունը:

 

Սպորտսմենները, բնական է, չէին կարող: Նազիկ Ավդալյանին թողնես` միայն աշխարհի չեմպիոն դառնա: Նրա ի՞նչ գործ` զբաղվել պոլիտիկա: Այդպես էլ մյուսները: Եթե ընդունենք նաև, որ բարեգործությունն ինքնին մարդկային երևույթ է և կապ չունի գաղափարաքաղաքական ուղղությունների հետ, ապա կարող ենք ասել նաև, որ ծառուկյանիզմ ստեղծել չէին կարող նաև այն հազարավոր մարդիկ, ովքեր անհամբեր սպասել և այսուհետ էլ սպասելու են Գագիկ Ծառուկյանի բարեգործություններին ու, թեև Ծառուկյանը որոշել է չառաջադրվել, չեն թաքցնելու իրենց հիացմունքը,: Ավելին` Ծառուկյանը դառնար նախագահ, գուցե մոռանար բարեգործությունների մասին կամ ժամանակի սղության պատճառով դրանք հասցներ մինիմումի:

 

Մնացին ինտելեկտուալները, որոնք վխտում էին(են) Ծառուկյանի շուրջ: Սրանց կարելի է երկու խմբի բաժանել: Ինտելեկտուալներ, ովքեր հասարակության մեջ հարգված, ծանրակշիռ անհատներ են, և ինտելեկտուալներ, որոնց հիմնական գործառույթը ԲՀԿ-ի և հատկապես` նրա նախագահի քայլերի իմաստավորումն ու դրանց շարունակականության ցուցադրությունն է` «Մեր խոսքը գործ է» մեկ և մնայուն կարգախոսի շրջանակներում: Ինտելեկտուալների առաջին խմբից` նախկին նախարարներ, պաշտոնյաներ, նախկին և ներկա շատ պատգամավորներ, դոկտորներ, պրոֆեսորներ, ինչպես տեսնում ենք, առանձնապես տրագեդիա չեն ապրում Ծառուկյանի որոշումից: Կարելի է ասել` ըմբռնումով են մոտենում և առանձնապես խանդավառ էլ չեն ՀԱԿ-ի հետ համագործակցության փաստից: Ըստ նրանց` ի՞նչ է պատահել, Գագիկ Ծառուկյանը ընդունել է այն որոշումը, որ պետք է ընդուներ Գագիկ Ծառուկյանը: Բայց ահա ինտելեկտուալների երկրորդ խումբը, բաղկացած հիմնականում չկայացած կամ կիսակայացած անհատականություններից, այնպիսի աղմուկ է բարձրացրել Գագիկ Ծառուկյանի որոշման շուրջ, ասես` Գագիկ Ծառուկյանը դավաճանել է ծառուկյանիզմին: Մի՞թե նման բան հնարավոր է:

 

Ամբողջ ցավն այն է, որ ինտելեկտուալների այս խումբն է իր համար ստեղծել այդ ուսմունքը: Այն հիմնականում հետևյալն է` Գագիկ Ծառուկյանը գալիս է, նրան է միանում Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո միանում են մյուս ընդդիմադիրները, ստեղծվում է «կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» վիճակ, ու հոպ` իշխանափոխություն է տեղի ունենում: Այնքան էին համոզված իրենց ճշմարտացիության մեջ, որ ո'չ պահեստային տարբերակ էին մշակել, ո'չ էլ նահանջի ճանապարհներ ճշտել: Ու հանկարծ տեղի ունեցավ իրենց համար ամենաանսպասելին: Իշխանափոխության հոյակապ պլանը տապալվեց, որովհետև Գագիկ Ծառուկյանը, ով ոչ մի հոգեմտավոր կապ չուներ այս ուսմունքի հետ, չեկավ, ինչի պատճառով էլ նախ` Լևոնը չմիացավ նրան, հետո` նաև մյուս ընդդիմադիրները, և այսպես շարունակ:

 

ԲՀԿ ինտելեկտուալների այս խմբի մոտ էներգիայի այնպիսի պաշար է կուտակվել, որ կբավականացնի` մի ամբողջ ատոմակայան աշխատեցնելու: Եվ, պատկերացրեք, պարոն Գագիկ Ծառուկյանը նույնիսկ դրանից էլ տեղյակ չէ, այլապես մի շատ օգտակար բիզնես ծրագրի կուղղեր այդ էներգիան:

 

Ինչևէ, սա է մարդկանց այն տեսակը, որ, առաջին անգամը լինելով, առավոտյան ձյուն տեսավ ու սկսեց մեղավորներ փնտրել: Եվ կամաց գալիս են այն համոզմանը, թե բոլորն են մեղավոր, որ Ծառուկյանը չեկավ` իշխանափոխություն անելու:

 

Իհարկե, չես նախանձի այդ վիճակում հայտնված մարդկանց: Մեկ-մեկ լեզուներն էլ սայթաքում է, ու ճչում են, թե սա նահանջ է երգով, Գագիկ Ծառուկյանը Արթուր Բաղդասարյան չի դառնա և այլն: Հալյուցինացիաներ: Այ ձեր ցավը տանեմ, հանգստացեք: Ո՞վ ասաց, թե Ծառուկյանը նահանջեց, մանավանդ ո՞վ ասաց, որ դարձավ Արթուր Բաղդասարյան: Դուք ձեզնից ու ձեր ստեղծած ուսմունքի շվաքից վախեցած եք պարզապես, հանգստացեք: Շուրջներդ նայեք, ախր, բոլորը համարում են, որ Ծառուկյանը ճիշտ և խոհեմ որոշում է կայացրել: Ինչո՞ւ եք իզուր հերսոտել, դարձել մի-մի եռացող թեյնիկ: Մի՞թե բացառապես ձեր անձնական երազներում չեք տեսել, թե ինչպես է գալիս Ծառուկյանն ու իշխանափոխություն իրականացնում: Պատահում է, ո՞վ երազախաբ չի լինում:


Էդիկ Անդրեասյան