կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-07 14:21
Մշակույթ

Նանսենը մահացավ` "հայ" բառը շուրթերին

Նանսենը մահացավ` "հայ" բառը շուրթերին

ՀՀ կառավարության որոշմամբ` ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով` անվանի բեւեռախույզ, գիտնական եւ հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ միջոցառումներ կազմակերպելու նպատակով:

 

Հոբելյանական միջոցառումների ծրագիրը մեկնարկել է «Ֆրիտյոֆ Նանսեն` աշխարհի խիղճը» փաստավավերագրական ֆիլմով եւ պետական պատվերով հրատարակված` Ֆելիքս Բախչինյանի «Նանսենը եւ Հայաստանը» ուսումնասիրությամբ:

 

«Մեծագույն հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի կատարած աշխատանքն անգնահատելի է: Դժվար է այսօր գտնել նման մեծագույն հումանիստի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

 

Նա հիշեցրեց, որ նանսենյան անձնագրերով 320 հազար հայ է փրկվել` ապաստան գտնելով աշխարհի 52 երկրներում: «Նա միակն էր, ով կարողացավ Հայոց ցեղասպանության մասին այդքան ճշմարիտ տեղեկություններ սփռել աշխարհով մեկ: Նանսենն ասել է, թե դժվար գտնվի մի մարդ, ով, ծանոթ լինելով Հայոց ցեղասպանությանը, չսարսռի»,- ասաց փոխնախարարը:

 

Նա նշեց, որ զարմանալի չէ, որ անգամ մահվան մահճում Նանսենը մտքով հայերի հետ է եղել. «Նանսենի մահից հետո նրա աղջիկն ասել է, որ հայրը մահացել է «հայ» բառը շուրթերին»:

 

Ծրագիրը կեզրափակվի նոյեմբերի 9-ին, որի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Նանսենին նվիրված նամականիշի մարում, Աբովյան-Մոսկովյան փողոցների հատման մասում կտեղադրվի Գարեգին Դավթյանի քանդակած հուշարձանը, իսկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահում կբացվի Նանսենի կյանքին ու գործունեությանը նվիրված լուսանկարների եւ գրքերի ցուցահանդես, ապա տեղի կունենա համերգ. սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա նորվեգացի դիրիժոր Թերյե Միկելսենի եւ շեփորահար Թորմոդ Ասգարդի հետ:

 

Թերյե Միկելսենը նշեց, որ Նորվեգիայում Նանսենը հայտնի է որպես գիտնական, ճանապարհորդ, իսկ հայերի սերը Նանսենի հանդեպ ֆանտաստիկ մի երեւույթ է: Միկելսենն առաջին անգամ է Հայաստանում եւ նրա կարծիքով` «մարդիկ բարի են, եւ ամենագնահատելին այն է, որ նրանք շատ են ուզում դրական փոփոխություններ անել»:

 

Դիրիժորը հայկական երաժշտությունը լսելիս հասցրել է նկատել, որ երաժիշտներն անգամ նվագելիս են մտածում առօրյա հոգսերի մասին: «Մեզ մոտ էլ է այդպես»,- ասաց նա:

 

Ի դեպ, համերգային ծրագիրն ընտրելիս հաշվի են առնվել նաեւ Նանսենի երաժշտական նախասիրությունները: