Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ապառաժ»-ը ներկայացնում է Արցախի Հանրապետությունում գործող 12 նախարարությունների մամլո բաժինների աշխատանքը. ո՞ր նախարարություններն ունեն մամուլի խոսնակներ եւ որո՞նց նկատմամբ է ամենաշատը հետաքրքրություն ցուցաբերվում ֆեյսբուքյան տիրույթում՝ ստորեւ բերված փաստերով:
Կառավարության պաշտոնական կայք
Արցախի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջը http://gov.nkr.am/hy/ է: Կայքը գործում է 2005 թվականից, իսկ 2013 –ից վերաթողարկվել է: Կառավարության ֆեյսբուքյան էջը ստեղծվել է 2014-ի փետրվարին, ունի 26 558 հետեւորդ:
Կառավարությունն ունի մամուլի համապատասխան բաժին:
Աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարություն
Սոցապ նախարարության նորությունները տեղադրվում են նախարարության պաշտոնական կայքով՝ http://www.mss.nkr.am: Նախարարության կայքը գործում է 2019 թվականից, իսկ 2017-ին այն վերաթարմացվել եւ հագեցվել է նոր գործիքներով: Պաշտոնական կայքի լուրերը տեղադրվում են նաեւ 2018-ի սեպտեմբերին ստեղծված նախարարության ֆեյսբուքյան էջում, որն ունի 307 հետեւորդ միայն:
Նախարարությունը չունի մամուլի խոսնակ, հրապարակումներն արվում են կայքի պատասխանատուի կողմից՝ նախարարության գործունեության, գործող ծրագրերի եւ ընդունված նոր օրենքների մասին:
Առողջապահության նախարարություն
Առողջապահական համակարգի նորություններին Արցախի հանրությունը հետեւում է նախարարության պաշտոնական կայքով՝ http://moh.nkr.am/: Նախարարության կայքը գործում է 2013 թվականից, իսկ 2018-ին այն վերաթարմացվել եւ հագեցվել է նոր գործիքներով: Պաշտոնական կայքի լուրերը տեղադրվում են նաեւ 2014-ի մարտին ստեղծված նախարարության ֆեյսբուքյան էջում, որն ունի 4 379 հետեւորդ:
Նախարարությունը չունի մամուլի խոսնակ, լրատվամիջոցների ներկայացուցիչները նախարարությանն առնչվող հարցերով դիմում են նախարարի խորհրդականին:
Արդարադատության նախարարություն
Արդարադատության նախարարության պաշտոնական կայքը՝ http://www.minjustnkr.am է: Այն գործում է 2011 թվականից: Հատկանշական է նշել, սակայն, որ կայքի նորությունների բաժնի վերջին նորությունը տեղադրվել է 2018 թվականի սեպտեմբերին: Պաշտոնական կայքի պասիվությանը զուգահեռ՝ ակտիվ է արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջը՝ ստեղծված 2018 թվականի հունվարին՝ 2082 հետեւորդով:
Ինչպես վերոնշյալ նախարարությունները, արդարադատության նախարարությունը եւս չունի մամուլի խոսնակ:
Արտաքին գործերի նախարարություն
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը http://www.nkr.am է: Այն ստեղծվել է 1999 թվականին, իսկ 2017-ին նորացվել է: Նախարարության ֆեյսբուքյան էջը 2013 թվականի հուլիսի վերջից է գործում, ունի 7 513 հետեւորդ:
Արտաքին գործերի նախարարությունը Արցախի եզակի նախարարություններից է, որը ներկայացված է նաեւ Twiter, Youtube հարթակներում:
ԱԳՆ-ն ունի մամուլիս խոսնակ եւ մամլո բաժին, որը եւ իրականացնում է նախարարության քաղաքականության եւ դիրքորոշումներ հայտնելու դերը:
Բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարություն
Բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարության կայքը http://mnp.nkr.am է: Կայքի նորացված տարբերակը գործում է 2018 թվականի փետրվարից: Նախարարության ֆեյսբուքյան էջը 2018 թվականի փետրվարին է ստեղծվել, այսօրվա դրությամբ ունի 580 հետեւորդ:
Նախարարությունն ունի մամուլի խոսնակ:
Գյուղատնտեսության նախարարություն
Գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքը http://www.minagro.nkr.am է: Այն գործում է 2012 թվականից, ֆեյսբուքյան էջը՝ 2017-ի փետրվարից՝ 4392 հետեւորդով:
Նախարարությունն ունի մամուլի պատասխանատու:
Էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարություն
Էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքէջը http://nkrcadastre.am/?lang=hy է: Կայքէջը գործում է 2015 թվականից: Նույն թվականին ստեղծվել է նաեւ նախարարության ֆեյսբուքյան էջը՝1823 հետեւորդով:
Նախարարությունն ունի մամուլի խոսնակ:
Կրթության, գիտության եւ սպորտի նախարարություն
Կրթության, գիտության եւ սպորտի նախարարության կայքը http://www.edu.nkr.am է: Այն գործում է 2012 թվականից: Նախարարությունը նույնպես ներկայացված է ֆեյսբուքյան էջում՝ 2017 թվականի հոկտեմբերից՝ 3488 հետեւորդով:
Նախարարությունն ունի մամուլի պատասխանատու:
Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարություն
Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության պաշտոնական կայքը http://www.ministryofculture.am է: Ֆեյսբուքյան էջը գործում է 2013-ի հունիսից, ունի 5012 հետեւորդ:
Նախարարությունն ունի մամուլի խոսնակ:
Պաշտպանության նախարարություն
Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը http://www.nkrmil.am/ է: Այն գործում է 2010 թվականից, իսկ 2016-ին թարմացվել է: Պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջը 2012 թվականի մարտից է գործում, ունի 12 774 հետեւորդ:
Նախարարությունն ունի մամուլի խոսնակ եւ համապատասխան աշխատակիցներ:
Քաղաքաշինության նախարարություն
Քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքը գործում է 2015 թվականից: Քաղշինի ֆեյսբուքյան էջը նույն թվականի հունիսից է գործում, ունի 2194 հետեւորդ:
Նախարարությունն ունի մամուլի խոսնակ:
Ֆինանսների նախարարություն
Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը՝ http://www.minfin-nkr.am, գործում է 2009 թվականի հուլիսից: Նախարարության ֆեյսբուքյան էջը գործում է 2017 թվականի դեկտեմբերից, ունի 1341 հետեւորդ:
Նախարարությունն ունի մամուլի խոսնակ:
Լուսինե Թեւոսյան