Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի տարբեր հանքավայրերում հանքարդյունաբերական աշխատանքներ իրականացրած և 2016 թ-ից սնանկացած Գլոբալ Գոլդ Մայնինգի 140 աշխատակիցներ Yerkir.am-ին ահազանգել են, որ առայսօր չեն ստացել իրենց հասանելիք աշխատավարձերը։
Նրանք երկրաբաններ են, լեռնային ինժեներներ, հաշվապահներ, ֆինանսների մասնագետներ, շինարարներ, իրավաբաններ, բանվորներ և այլ մասնագետներ։
Գլոբալ Գոլդ Մայնինգը պատկանում է Ամերիկայի Հայկական Համագումարի համանախագահ Վան Կիրկորյանին։ Աշխատակիցներն այս 10 տարիներին, որ չեն ստացել իրենց աշխատավարձերը, բազմաթիվ նամակներ են գրել Վան Կիրկորյանին, բայց նա տարբեր պատրվակներով անընդհատ հետաձգել է վճարումները։
Գլոբալ Գոլդ Մայնինգը և նրա դուստր ընկերությունները Հայաստանում զբաղվել են թանկարժեք մետաղների արդյունահանմամբ:
Չվարձատրված աշխատակիցներն ու կապալառուները վստահեցնում են, որ ամբողջ 10 տարի իրենց հավաստիացրել են, որ վճարումները շուտով կկատարվեն, նույնիսկ խոստացել են պարգեւատրում` համբերատար սպասելու համար, ինչը սակայն մինչև օրս չի իրականացվել:
Աշխատակիցներից չորսն արդեն մահացել են՝ այդպես էլ չստանալով երկար տարիների աշխատանքի համար վարձատրությունը:
«Մեզանից ոմանք չեն կարողացել վճարել երեխաների ուսման վարձերը, ծնողների եւ մերձավորների բուժման եւ թաղման ծախսերը, նույնիսկ ապրուստի պարզ ծախսերը: Մեզանից շատերը, հավատալով մոտալուտ վճարման հավաստիացումներին, պարտք են վերցրել, որպեսզի կարողանան շարունակել աշխատանքը ԳԳՄ-ում, եւ արդեն օրհասական վիճակում են»,-ասացին նրանք:
ԳԳՄ-ի՝ սնանկության մեջ գտնվող ընկերություններից են «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն, որը շահագործել է Ապարանի մոտ գտնվող Թուխմանուկի հանքավայրը, «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն, որը շահագործել է Հայաստան-Նախիջեվան սահմանի մոտ գտնվող Մարջանի հանքավայրը, «Գետիկ Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն, «Գլոբալ Գոլդ Հանքավան» ՍՊԸ-ն եւ ուրիշներ։
Աշխատակիցները վստահեցնում են, որ Վան Կրիկորյանը եւ ընկերությունը շարունակում են խոչընդոտել նույնիսկ Հայաստանի կառավարության կողմից ընկերությունների նախկինում վճարված հարկերի վերադարձված գումարներից իրենց վճարումները:
«Այդ գումարները վաղուց արդեն գտնվում են սնանկության կառավարիչների հաշիվներին, սակայն Վան Կրիկորյանի կողմից իրականացվող իրավական մախինացիաների պատճառով մեզ չեն վճարվում: Վան Կրիկորյանը խոչընդոտում է նաեւ ընկերությունների գույքի աճուրդները` աճուրդի կեղծ հայտատուների միջոցով վիժեցնելով գույքի վաճառքը եւ մեր վճարումներն արդեն տարիներ շարունակ: Նույն միջոցները կիրառելով՝ Վան Կրիկորյանը խոչընդոտում է նաեւ պետական հարկերի, տուրքերի, համայնքային բյուջեներ գումարների եւ այլ վճարումները»,-ասացին աշխատակիցները:
Նրանք նշում են, որ իրենց վստահությունը, որ Վան Կրիկորյանը կվճարեր աշխատավարձերի պարտքերը, հիմնված է եղել այն ընկալման վրա, որ Վան Կրիկորյանը նաեւ Ամերիկայի Հայկական Համագումարի համանախագահն է:
Ամերիկայի Հայկական Համագումարը ԱՄՆ սփյուռքի իրավապաշտպան կազմակերպություն է, որը ստեղծված է աջակցելու մարդասիրական եւ զարգացման ծրագրերին Հայաստանում եւ Արցախում, ուստի աշխատակիցների համար պարզ չէ, թե ինչու՞ է ԱՀՀ-ի համանախագահը երկար տարիներ ապօրինի խոչընդոտում Հայաստանի քաղաքացիների հիմնարար իրավունքի իրականացմանը՝ այդ նպատակով օգտագործելով ԱՀՀ անունը՝ իրենց մեծ ծախսեր կատարելու միջոցով իրենց եւ պետության հանդեպ շարունակելով հարուցել խոչընդոտներ:
«Մենք համբերել ենք երկար տարիներ, սակայն արդեն հակված ենք կարծելու, որ մեր համբերությունն ընկալվում է որպես ամենաթողություն եւ մեզ պարտադրված արհավիրքին համակերպում` մեր հաշվին մասնավոր շահեր սպասարկելու ակնհայտ նպատակով: Մեր ընկալմամբ` մեզ պարտադրվել է մարդասիրական աղետ, որը ստեղծվել եւ ուղղորդվում է այդ մասնավոր շահերը սպասարկելու նպատակով»,-վստահեցնում են աշխատակիցները:
Գլոբալ Գոլդ Մայնինգը ամերիկյան հանքարդյունաբերական ընկերություն է: Սա արտառոց դեպք է, ասում են աշխատակիցները․ Հայաստանում աշխատողի կողմից կատարված աշխատանքի համար վարձատրությունը չպետք է տեւի երկար տարիներ, իսկ եթե տեւում է` ապա դա չարամիտ դիտավորության արդյունք է:
Նրանք կոչ են անում Հայաստանի իրավապահ համակարգին, իրավապաշտպաններին եւ հասարակական կազմակերպություններին` ուսումնասիրել այս խնդրով հնարավոր օրինախախտումների եւ օրինազանցության բոլոր փաստերը, որոնք բազմաթիվ են, եւ թույլ չտալ որպեսզի Հայաստանում այլեւս չարամտորեն ոտնահարվեն քաղաքացիների տարրական իրավունքները:
Աննա Բալյան