Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը, ուսումնասիրելով ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների (ԷԲՊ) նախարարության մի շարք պաշտոնական փաստաթղթեր, որոնք վերաբերում են «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ի եւ այդ գերատեսչության համագործակցությանը, պարզել է, որ դրանք աչքի են ընկնում իրենց անփույթ շարադրանքով եւ ձեւակերպումներով:
Բացի դրանից, ըստ այլ կայքերի, բնապահպանական ՀԿ-ների հարցումներն ու նախարարության պատասխանները հաստատում են կասկածները, որ նախարարությունը փորձում է թաքցնել տեղեկատվությունը: Ընդ որում` նման աշխատաոճով այդ գերատեսչությունը ոչ միայն կոպտորեն խախտում է է ՀՀ Սահմանադրության եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջները, այլ նաև, որպես հարկատուների գումարներից սնվող, պարտավոր է աշխատել թափանցիկ ու հաշվետու լինել հանրությանը:
«Գլոբալ-Գոլդ Մայնինգ» ընկերության եւ դրան մաս կազմող «Մեգո- Գոլդ» ՍՊԸ-ի վերաբերյալ որոշ փաստաթղթեր, որը մեզ հաջողվել է ձեռք բերել ոլորտը համակարգող նախարարությունից, աչքի են ընկնում մասնագիտական անորակությամբ եւ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ տարբեր տարիներով թվագրվող մի քանի փաստաթղթերից պատճենահանման շնորհիվ հորինվել է մի «ամբողջական» փաստաթուղթ:
Փաստաթղթերում երկրաբանական ուսումնասիրության եւ հանքարդյունաբերության համար տրամադրված տարածքների կոորդինատները նշված են (ոչ միասնական կոորդինատային համակարգով) սխալ կամ պարզապես շատ խառը, եւ ակամայից մտածում ես, որ փորձել են անհնար դարձնել տեսչական ու վերահսկողական աշխատանքները:
Օրինակները բազմաթիվ են, սակայն yerkir.am-ը դրանցից առանձնացրել է ընդամենը մեկը` «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի հանքային դաշտի երեւակումում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու համար N15 ուսումնասիրության հատուկ լիցենզիայի տրամադրման եւ երկարաձգման պատմությունը:
Նախարարությունից ձեռք բերված փաստաթղթերից երեւում է, որ N 15 հատուկ լիցենզիան առաջին անգամ տրամադրվում է վերոհիշյալ ՍՊԸ-ին 2004թ. նոյեմբերի 11-ին:
Ընթերցողին տեղեկացնենք, որ, ըստ Կոնցեսիայի մասին օրենքի, լիցենզիային կցվում են կատարվելիք աշխատանքների նախագծային փաստաթղթերը, ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասի քարտեզը՝ երկրաբանական հատկացման սահմաններով: Լիզենզառուի եւ լիազոր մարմնի միջեւ կնքվում է լիցենզային պայմանագիր:
Այն, ինչպես նաեւ ուսումնասիրության նախագիծը հանքային իրավունքի հավաստման լիցենզիայի անբաժանելի մասն են:
Լիցենզիայի գործողության ժամկետի սկիզբ է համարվում լիցենզային պայմանագրի կնքման պահը: Լիցենզիայի տրման եւ լիցենզային պայմանագրի կնքման միջեւ ընկած ժամանակահատվածը չի կարող գերազանցել 5 ամիսը` ուսումնասիրության հատուկ լիցենզիայի համար:
Սակայն ստացվում է, որ N 15 լիցենզիայի (ժամկետը՝ 11.11.2004- 31.12.2006) հիման վրա 2006 թ. նոյեմբերին կնքվել է N 198 լիցենզիոն պայմանագիրը, այսինքն` լիցենզիայի ժամկետի ավարտից ընդամենը մեկ ամիս շուտ կամ լիցենզիայի տրամադրումից մոտ 2 տարի հետո, իսկ օրենքն ասում է, որ այդ ժամանակահատվածը չի կարող գերազանցել 5 ամիսը:
Նույն լիցենզիայի (N15) մասին հիշատակվում է ՀՀ ԷԲՊ նախարար Արմեն Մովսիսյանի՝ 2008 թ. դեկտեմբերի 11-ի` թիվ 51-Ա հրամանում, որով N15 լիցենզիայով տրամադրված տարածքը ընդլայնվում է: Նախարարն իր հրամանով կարգադրում է համապատասխան փոփոխություններ կատարել 2008թ. մայիսի 13-ի լիցենզիայում եւ 2006թ նոյեմբերի 10-ի N 198 լիցենզիոն պայմանագրում, այնուհետեւ ներկայացնել ստորագրման:
Լիցենզային պայմանագիրը սահմանում է կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ուստի հայտնի չէ, թե «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ն ի՞նչ աշխատանքներ էր պարտավորվել կատարել 2006-2008թթ., եւ նախարարությունը ինչպես է այն վերահսկել:
Փաստաթղթերում հանդիպում ենք նաեւ N15 լիցենզիայի` երկրորդ անգամ երկարաձգման փաստին՝ 2008-2010 թթ., որին կցված են 2010-2012թթ. ուսումնասիրության աշխատանքների նախագիծը եւ տեղամասի քարտեզը:
Սա է՞լ է ՎՐԻՊԱԿ, եթե այո, ուրեմն պետք է տեսչական ստուգումների ժամանակ նկատած ու ուղղած լինեին, բայց, արի ու տես, որ դա տեղի չի ունեցել: Կարծում եմ, սա հաստատում է, որ գերատեսչությունում եւ համապատասխան վարչությունում հատուկ ծրագիր է իրականացվում:
Ամենահետաքրքիր մասը սկսվում է փաստաթղթի հաջորդ էջից. ոչ բլանկ` պարզապես սովորական սպիտակ թղթի վրա միմյանց հաջորդում են ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ստորագրությունները: Ա.Հարությունյանը հաստատում է N15 լիցեզիային կից (13.05.2008թ) ուսումնասիրվող տարածքի կոորդինատները:
Բնապահպանության նախարարի ստորագրության տակ ՀՀ ԷԲՊ նախարար Արմեն Մովսիսյանի ստորագրությունը դրվել է 2010թ. հունիսի 16-ին եւ հավաստում է, որ N 15 լիցենզիան երկարացվում է 2010-2012թթ. Տարբերակ 1:
Ուշագրավ է, որ ՀՀ ԷԲՊ նախարարությունը մինչ այդ տրամադրել էր նույն փաստաթուղթը, որից, սակայն, բացակայում էր Արմեն Մովսիսայնի ստորագրությունը Տարբերակ 2:
«Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է հատուկ լիցենզիայի միայն երկու երկարաձգում: Ուստի երրորդ, չորրորդ, հինգերորդ երկարաձգումները ապօրինի են:
Սակայն ՀՀ ԷԲՊ նախարարությանը դիմում է խորամանկության՝ 2012 թ. հուլիսի 2-ին ԳԳՄ-ին տրամադրում է երկարաձգման լիցենզիա առանց նշելու «N15» թիվը` պահպանելով նույն «N15» լիցենզիայում ուսումնասիրության տարածքի կոորդինատները, եւ որպեսզի «երկարաձգման» տպավորություն չստեղծվի, գործողության ժամկետ է սահմանվել 02.07.2012 թ.-ից 02.07.2016թ.-ը:
Ի՞նչ նպատակով է սա արվում, հնարավոր ներդրողներին մոլորեցնելո՞ւ, թե՞ …
Այն որ ԳԳՄ-ն երկրաբանական ուսումնասիրություն անող չէ, դա արդեն հասկանալի է, բայց դե նրան գումար է հարկավոր: Լիցենզիան չորս տարով լինել չի կարող, միայն` 3` ըստ օրենքի:
Սա հաշվի առնելով` ԳԳՄ-ն իր անգլերեն` ոչ պաշտոնական թարգմանությունում նշել է 2013-2016թթ: Ընթերցողին տեղեկացնենք, որ մինչև 2012թ. գործում էր «Կոնցեսիաների մասին» ՀՀ օրենքը, որը ուժը կորցրեց «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի ընդունումից հետո, որի համաձայն` տրված բոլոր լիցենզիաները պետք է վերաձեւակերպվեին` պահպանելով իրենց ժամկետները:
Եվ արդեն բոլորիս է պարզ է, որ N15-ի ժամկետը լրացել էր դեռեւս 2008 թ.-ին, լավ` թող 2010 թ.-ին, ուստի չէր կարող վերաձեւակերպվել մինչեւ 2016-ը: Բայց, կարծես, ՀՀ ԷԲՊ նախարարության եւ «Գլոբալ- Գոլդ Մայնինգ»-ի համար մեր երկրում «չի կարելի» ասվածը գոյություն չունի:
Հիշեցնենք, որ նախարարությունը գրել է, թե «վրիպակ է» տեղի ունեցել, բայց արդյո՞ք «վրիպել» է նաեւ ԳԳՄ-ն, վերցնելով ապօրինի փաստաթուղթը եւ տեղադրել իր կայքում:
Այսպիսով` հրավիրում եմ համապատասխան իրավապահ մարմինների ուշադրությունը այս փաստերի վրա:
Գալուստ ՆԱՆՅԱՆ
Շարունակելի