Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
- Փաստորեն ստացվում է, որ դուք ուրիշ երկրների համար եք աշխատում:
- Այո, ակամայից տրանզիտի դերում եմ հայտնվել:
- Ուսանողները լա՞վն են:
- Շնորհքով ուսանողներ, այո, ունեցել եմ, բայց կոնտինգենտը փոխվում է տարեցտարի:
Նոյեմբերին Ջաղացպանյանը համերգ կունենա Պետական կամերային նվագախմբի հետ: Ձմռանը չի բացառվում համերգն ՙիմ լավ ընկերների՝ իմ լավ ուսանողների ՙԼոս լոկոս՚ խմբի հետ՚: Համերգներ է ունեցել Ռուբեն Հախվերդյանի հետ, միասին լազերային մի քանի սկավառակ են թողարկել:
- Իրար չե՞ք խանգարում կատարման ժամանակ:
- Պատահում է, որովհետեւ երբեմն ես իր բնավորության հետ չեմ համակերպվում, ինքը` իմ: Մեկ-մեկ նվագելիս նայում է վրաս, ժպտալով ասում է` նենց ես նվագում, մոռանում եմ, ինչ պիտի երգեմ:
- Դուք ինչքան էլ վիրտուոզ նվագեք, զանգվածներին ավելի հայտնի են դառնում այն կիթառահարները, որոնք նաեւ բարդ են՝ երգեր են գրում ու երգում:
- Այդ արվեստն, իհարկե, չեմ համեմատի ֆասթ ֆուդի, համբուրգերների հետ. դե գիտեք, ամբողջ աշխարհում տարածված է, ուտում են: Բայց կան այնպիսի կերակրատեսակներ, որոնք շատ սուղ են, եւ դրանցից կարող ես օգտվել միայն համապատասխան վայրերում:
- Հայաստանում շա՞տ են այդ համապատասխան վայրերը:
- Վերաբերմունքը դեպի արվեստն այստեղ համարժեք չէ: Ես գտնում եմ, որ ձրի եմ դասավանդում կոնսերվատորիայում: Խոսքը քսան, քսանհինգ հազար դրամի մասին է: Եվ բոլոր քիչ թե շատ օժտված իմ ուսանողներին աջակցում եմ, որ գնան, ընդունվեն Եվրոպայում, որ պրծնեն այս թշվառ վիճակից, որում գտնվում է երաժիշտը. լավ երաժիշտը՝ լավ քաղաքում:
- Ֆուտբոլում ինչ-որ բան արվեց, եւ արդյունքները հիմա քաղում ենք, երաժշտության մեջ ի՞նչ պիտի արվի:
- Պիտի գնաս դուրս, մի երկու-երեք տարի ապրես, հետո համերգով այստեղ գաս: Այ, այդ ժամանակ քեզ լրիվ ուրիշ աչքերով կնայեն: Մյուս կողմից, դրսում մենք ենք ներկայացնում մեր երկիրը: Մի քանի տարի Ռուսաստանում համերգաշրջան ունեցա. հազար տեղանոց դահլիճները լեփ-լեցուն էին: Սամարայում մի հայ համերգից հետո շնորհակալություն հայտնեց ու ասաց՝ հպարտ եմ, որ հայ եմ: Իրականում մեզանով են ճանաչում հայերին եւ ոչ թե այն օլիգարխով, որը գնում է օտար երկիր՝ ապրում տասնյոթ աստղանի հյուրանոցում եւ այլն եւ այլն:
Ի դեպ, ֆուտբոլի մասին. առաջին անգամ, երբ Վարդան Մինասյանին ներկայացրին որպես մեր գլխավոր մարզիչ, հարցրի, թե ո՞վ է: Ասացին` չգիտեմ ում բարեկամն է, դե դրել են, էլի: Ես նայեցի դեմքին ու մտածեցի՝ այս տղան մի բան կանի:
Հորից է փոխանցվել կիթառի հանդեպ սերը. «Հայրս կապ չուներ երաժշտության հետ, էներգետիկ էր: Բայց ամեն երեկո աշխատանքից վերադառնալիս մի կես ժամ ինքն իր համար նվագում էր: Ես էլ նախանձով նայում էի, որովհետեւ եթե ինչոր բան անում եմ, կամ շատ լավ պետք է անեմ, կամ չպետք է անեմ: Եվ օրինակ, եթե լրագրող լինեի, կլինեի երեւի լավագույնը: Չնայած ասեմ, որ հայկական թերթ չեմ կարդում, հեռուստատեսություն չեմ նայում: Ռուսական թերթեր կարդում եմ, որովհետեւ իմ երկրի մասին չեն գրում, ու շատ ցավագին չեմ տանում»: Ուսումնարանն ավարտելուց հետո բանակում ծառայեց, եկավ՝ կոնսերվատորիայում կիթառի բաժին չկա. «Չունեի լուրջ մասնագիտություն, այսինքն՝ դիպլոմ, որը հետագայում տղային կկապեր ինչ-որ լավ աղջկա հետ կամ լավ ապագա կունենար: Որոշեցինք, որ պետք է գնամ պոլիտեխնիկի ինչ-որ մեխանիկական ֆակուլտետ: Միջադեպ եղավ, մոռացանք պոլիտեխնիկը: Հերթի մեջ մյուսը մանկավարժականի ինչոր ինդուստրիալ ֆակուլտետ էր, որտեղ տրակտորների մասին առարկաներ էի անցնում: Զրո կուրսից հասա վեցերորդ կուրսի դիպլոմային քննություններին, բայց չգնացի, որպեսզի չավարտեմ: Փաստորեն, վեց-յոթ տարի անիմաստ ժամանակ կորցրի, մինչեւ 1990թ. կիթառի բաժին բացվեց կոնսերվատորիայում, եւ ես ընդունվեցի»:
Հակոբը կիթառն առաջին անգամ ձեռքն է վերցրել 6 տարեկանում: Իսկ երբ դպրոցն ավարտելուց հետո երաժշտական ուսումնարան ընդունվեց. «Ծնողներիս համար սուգ էր: Մաթեմատիկոս մայրս նույնիսկ լաց էր լինում՝ ո՞նց կարող է ողջ-առողջ ծնողներ ունեցող տղամարդը հոժար կամքով երաժիշտ դառնա: Չնայած, այդ ժամանակներում դա շատ պատվավոր գործ էր, եւ կիթառը ձեռքիս շատ հպարտ էի քայլում փողոցում: Հիմա երբեմն մտածում եմ` գործիքով դուրս գա՞մ փողոց. կարող է ինչ-որ ռեպլիկ լինի, արձագանքեմ, եւ սկանդալ դառնա»:
- Ձեր կինն ու երխանե՞րն էլ են երաժիշտ:
- Կինս՝ Մարգարիտա Բաղդասարյանը, երաժշտագետ է: Նա իմ ամենակարեւոր քննադատն է: Նրա նման երաժշտական գրականություն իմացողներին մատների վրա կարելի է հաշվել: Որդիս դեռ փոքր է, հաճույքի համար նվագում է կիթառ, դուստրս այս տարի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնի մագիստրատուրան ավարտեց. չորս լեզու գիտի, տանն է սովորել:
- Ի վերջո, ձեզ ձեր ո՞ր դիպլոմով համաձայնեցին աղջիկ տալ:
- Պարզվեց, որ աղջիկ ուզելու համար դիպլոմ պետք չէ. պետք է ունենալ ինտելեկտ եւ հումոր:
- Փեսացուի հումորը աղջկա՞ն է պետք, թե՞ նրա ծնողներին:
- Ես գլոբալ իմաստով եմ ասում: Մեր քաղաքին պակասում է հումորի զգացողությունը. ջահել աղջիկներ կան, վաճառողուհիներ, որ խանութում ինչ-որ կատակ ես անում, սառած, ապուշ հայացքով նայում են դեմքիդ: Չգիտեն՝ ինչ ռեակցիա տան: Դե պարզ է, խելքի կամ հումորի կամ շփման պակասի արդյունք է:
- Մեր քաղաքական գործիչները ո՞նց են հումորից:
- Միգուցե նրանցից մի քանիսը հումոր ունի, բայց ոմանց թվում է, որ եթե պաշտոնյա են, չի կարելի ամեն տեղ ժպտալ: Վերջերս առիթ եղավ, կարճ շփում ունեցա վարչապետի հետ, շատ նորմալ մարդ է:
- Դե պարզ է՝ ինքն էլ է կիթառ է նվագում, ձեզ դուր է եկել:
- Կիթառի մասին չգիտեի: Պարզապես շփվեցինք այնպես, ինչպես կշփվեիր մտերիմ ընկերոջդ հետ: Գիտե՞ք, ինչ առաջարկ ունեմ՝ ում ընտրում ենք կամ նշանակում պաշտոններում, մի հատ ՙֆեյս քոնթրոլ՚ անցկացնենք:
- Մենք էլի ենք ունեցել կիթառահար վարչապետներ. ինչի՞ նշան է:
- Երեւի, որ հաջորդ վարչապետը ես պիտի լինեմ: Իսկ եթե լուրջ՝ լավ է, որ երաժշտության հետ կապ են ունեցել, միգուցե բոլոր վարչապետներին կամ նախարարներին պետք է երաժշտության տալ, հետո դնել պաշտոնի:
- Բայց դրանից երկրի տնտեսությունը կշահի՞:
- Իհարկե: Մանավանդ, երբ թողնում ես երաժշտությունը, շատ բարի ես դառնում… Տիգրան Սարգսյանն այս պահին շատ բարի է, Բագրատյանին վաղուց չեմ տեսել, չեմ կարող որեւէ բան ասել:
Հարցազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ