կարևոր
5590 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-06 13:09
Հասարակություն

Նրանք ընկան, որ հարատևեր մեր մեծագույն նվաճումը՝ ազատագրված Արցախը. այսօր Վարնկաթաղի հերոսների հիշատակի օրն է

Սեպտեմբերի 27-ից մինչ նոյեմբերի 9-ը՝ պատերազմի «տաք»  փուլի յուրաքանչյուր օր, ինչպես նաև հետպատերազմյան «սառը» փուլի տարբեր օրեր ինքնաբերաբար վերածվեցին նաև նահատակ հայորդիների հիշատակի օրերի:

Հոկտեմբերի 6-ն այդ օրերից մեկն է: Մինչ այդ…

1994 թ. զինադադարից հետո Արցախյան գոյապայքարում փառավոր ուղի անցած ՀՅԴ Շուշիի առանձին մոտոհրաձգային գումարտակի հենքով Արցախում ստեղծվեց 77-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը: Պաշտպանության բանակի այդ ստորաբաժանումը մինչ օրս գործում է, իսկ գումարտակի վետերանները պարբերաբար  այցելում են այդ զորամասը՝ հայտնի «Պետոյի չաստը» (լեգենդար Պետոն՝ Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանը, Շուշիի առանձին հրաձգային գումարտակի փոխհրամանատարն էր):

ՀՅԴ Շուշիի առանձին մոտոհրաձգային գումարտակի հենքի վրա շուրջ երկու տասնամյակ անց՝ 2017 թվականին, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամանով, իբրև առանձին հրաձգային ստորաբաժանում, կազմավորվեց նաև ՀՅԴ անդամներից ու համակիրներից կազմված Պահեստազորային կամավորականների գումարտակը, որը նաև  ԶՈւ զորամասերից մեկում մասնակցեց մեկշաբաթյա վարժական հավաքների: 2018 թվականին` ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, նշյալ գումարտակը կազմալուծվեց:

Շուրջ մեկ տարի անց՝ 2019 թվականին, «Կամավորական շարժում» հայրենասիրական, բարեգործական, հասարակական կազմակերպության նախաձեռնող խումբը հայտարարեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցաբար ստեղծվում են բանակին կից, բանակի հրամանատարությանը ենթակա պահեստային ստորաբաժանումներ (վաշտեր), որոնք պետք է կազմված լինեին կամավորության հիմունքով: Արդյունքում՝ 2019 թ. նոյեմբերին ստեղծվեց ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունը, որի խորհրդի նախագահն է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:  

«Մենք պարտադրված ենք պաշտպանել մեր սահմանները, պարտավոր ենք մեր սերնդի մեծագույն նվաճումը՝ ազատագրված Արցախը, իբրև հայրենիքի անբաժան մաս, փոխանցել հաջորդ սերունդներին». «Կամավորական շարժում» ՀԿ-ի հիմնադրման մասին ազդարարող հայտարարության սույն տողերը յուրօրինակ կանխազգացում էին, որ ազատագրված Արցախի գլխին շատ շուտով սև ամպեր են կուտակվելու։ «Կամավորական շարժման» ստեղծումը, հիրավի, հայության ինքնապաշտպանական բնազդի պոռթկումն էր, հայոց անկախ պետականության, ազատագրված Արցախի լինելիության իրավունքի նվաճման, հայկական շարունակականության ուղենիշը:  

… Հոկտեմբերի 2-ին Արցախի հյուսիսային պաշտպանական դիրքեր մեկնած ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության 2-րդ վաշտի 22 և 1-ին վաշտի (այն Արցախի հյուսիսային դիրքեր էր մեկնել սեպտեմբերի 27-ին) 2 կամավորականների առավոտը հոկտեմբերի 6-ին բացվեց վերջին անգամ: Վարնկաթաղ (Լուլասազ, մինչ 2002 թ.՝ Հակոբ Կամարի) գյուղին հարող ռազմավարական նշանակության բարձունքը նվաճելը թուրք-ադրբեջանական զինված ստորաբաժանումների համար կարևորագույն նշանակություն ուներ: Եվ գործի դրվեց թուրքական լավագույն սպառազինությամբ հագեցած ստորաբաժանման ողջ ներուժը՝ նվաճելու այն: Վարնկաթաղի պաշտպանության, իսկ այնուհետև՝ դեպի բարձունք ծավալված թշնամուն հետ մղելու, հակագրոհի ծանր և անհավասար մարտերում նահատակվեցին՝ 

  • Մհեր Հարությունյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի հրամանատար)
  • Դանիել Թովմասյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Արշակ Մելիքյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Նարեկ Սահակյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Քրիստափոր Արթինը  (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Գևորգ Հաճյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Աբրահամ Բարնջյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Վիգեն Մուրադյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Տավրոս Աբրահամյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Մանուկ Մարգարյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Հովհաննես Պետրոսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Երվանդ Թադևոսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Մանուկ Թորոսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Գոռ Սարգսյան (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Արման Խաչատրյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Կարեն Բադալյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Ալբերտ Խառատյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Արայիկ Մկրտչյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Սուրեն Հովսեփյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Ալիկ Մկրտչյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Սուրեն Վանցյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Արկադի Իսրայելյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Տիգրան Ասատրյանը (ՀՅԴ կամավորական 1-ին վաշտ)
  • Արկադի Միսկարյանը (ՀՅԴ կամավորական 1-ին վաշտ):

Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար նահատակ 24 հայորդիներից Մհեր Հարությունյանը պարգևատրվեց Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, Քրիստափոր Արթինը՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով, իսկ մնացյալ 22-ը՝ Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալներով:

Փա՛ռք Վարնկաթաղի հերոսներին:

Փա՛ռք Հայրենիքի նահատակներին:

 

Վահե Սարգսյան