կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-01 18:52
Առանց Կատեգորիա

Այն ամենը, ինչ վեդեցիները կկարդան ստորև, կարող է կրկնվել շատ շուտով իրենց իսկ շրջանում

Այն ամենը, ինչ վեդեցիները կկարդան ստորև, կարող է կրկնվել շատ շուտով իրենց իսկ շրջանում

2022 թ. մարտի 27-ին Վեդիում կայացան տեղական ինքնակառավարման մարմնի վերընտրություններ, որտեղ Փաշինյանի ռեժիմը, որպեսզի նվաճի Վեդիի ավագանին և հագուրդ տա հակապետական կրքերին, պետական բյուջեից վերստին ծախսելով ավելի քան 33 մլն դրամ, վարչական լծակների, ճնշումների, տեղական օլիգարխիայի և այլ մանր ու մեծ օպերացիաների միջոցով Վեդիի ղեկավար դարձրեց հայտնի կոկորդիլոսաբույծ Գարիկ Սարգսյանին: Այստեղ խնդիրը ոչ այնքան իր զավեշտալի վարքագծով, անհեթեթ ու կրկեսային ներկայացումներին բնորոշ հայտարարություններով ոմն Գարիկ Սարգսյանի ներկայությունն է Վեդի համայնքում, այլ այն իրողությունը, որ Վեդի խոշորացված համայնքի 19 բնակավայրերի հայությունը, ի դեմս Գարիկ Սարգսյանին ներկայացնող ուժի, ընտրել է թուրք-ադրբեջանական շահերի ծառա կամ կցորդ ուժին:

Yerkir.am-ը ներկայացնում է մի հրապարակում առ այն, թե ինչպես են վարվել թուրք-թաթարական (իմա՝ ադրբեջանական) բաշիբոզուկները Շարուրի հայության հանդեպ ոչ վաղ անցյալում: Վեդիի ազգաբնակչությունը, իհարկե, լավ գիտի սեփական բնակավայրերի դիմացի բարձունքների հետևում տարածվող Շարուրի գավառի, Արփա և Արաքս գետերի միախառնման ավազանում տարածվող Շարուրի դրախտային դաշտի ու զավթված Շարուր-Նախիջևան-հայրենիքի մասին: Պարզապես հիշեցնենք, որ, ուշքի չգալու և Փաշինյանի թուրանամետ ուժին շուտափույթ չվռնդելու պարագայում՝ վեդեցիները պարտավոր են գիտակցել, որ այն ամենը, ինչ կկարդան ստորև, նույնությամբ կրկնվելու է արդեն բլուրներից այս կողմ: Քանզի չի փոխվել ո՛չ թուրք-ադրբեջանական ախորժակը, ոչ էլ այդ տանդեմի հայաջինջ մեթոդները:

Վ. Սարգսյան

 

 

ՇԱՐՈՒՐԻ ՀԱՅԵՐԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԿՈՏՈՐԱԾԸ

1919 թ. հուլիսի 20-ից Շարուրի թուրքերը ապստամբեցին Հայկական Հանրապետության դեմ և Շարուրի հայերը գերի մնացին նրանց ձեռքում։

Այդ ժամանակ, հուլիսի 24-ից, Խալիլ փաշան Շարուրում պրիստավ է նշանակում Նախիջևանի Միրզա Ալաքպարին։ Վերջինս երեք օրից հետո առաջարկում է հայերին զենքերն իրեն հանձնել։ Հայերը պատասխանում են, որ հենց առաջին օրը, գերի ընկնելուց հետո, հանձնեցին զենքերը։ Միրզա Ալաքպարը չի հավատում, խուզարկություն է կատարում և գտնելով հայերի մոտ 3 հրացան, հայերի ազդեցիկ մարդկանց պառկեցնում է գետնին, մերկացնում և հրամայում ծեծել։ Այնուհետև, սիստեմատիկ կերպով, թուրքերը սկսում են հայերի տները թալանել, կանանց տանել բռնաբարել և հետ դարձնել։ Հայերն ասկյարների օգնությանն են դիմում, բայց օսմանցոց ասկյարները նրանց աղաչանքը անհետևանք թողնելով՝ դեռևս մեղադրում են հայերին զրպարտության մեջ։

Օգոստոսի 10-ին հայերից 10 բանիմաց մարդիկ գնում են Ենգիջա բողոքելու թուրքերի Միլլի-Շուրային, որի ղեկավարներ Մաշադի Հասան Համզաևը, Ամիլբեգ Սուլթանովը և Հաջի-Մամադ Քյաթանբեգովը հանգստացնում են հայերին խոստումներով  ու հետ դարձնում՝  հայերի վրա հսկիչ նշանակելով  օսմացի Հասան Թարղբեկին։ Վերջինս 15 օրից հետո փոխվում է և նրա տեղը նշանակվում է Հուսեյն Ջաֆար օղլին, որը սեպտեմբերի 15-ից հրամայում է արգելել հայերին գյուղերից դուրս գալ և հանդգնողին ենթարկել դաժան ծեծի։ Հրամայում է նաև բոլոր հայ երիտասարդներին ծեծելով տանել Արաքսի ափերում խոտ հնձել և ծեծելով հետ բերել։ Սրանից հետո թուրքերը հրամայում են հայերին իրենց ձեռքով քանդել տները և փայտեղենը տանել երկաթուղու կայարանը՝ գնացքի համար վառելու։

Հոկտեմբերի 5-ին նշանավում է պրիստավ Քելբա-Մամդբեգ-Շահ-Հուսեյն-բեկովը՝ 16 ժանդարմներ ստանալով իրեն թիկնապահ։ Սա էլ նշանակված օրից պահանջում է հայերից իր և իր ծառայողների համար ամեն գիշեր մի կին, և թույլ է տալիս թուրքերին դուրս տանել ֆուրգուններով հայկական տներից նրանց ունեցածը՝  պարբերաբար կոտորելով երիտասարդերին։

Հոկտեմբերին Շարուր է գալիս Ամերիկայի պատվիրակը Ալիխանի հետ։ Հայերը բողոքում են Ամերիկայի պատվիրակին, բայց նա հայերի լեզուն  չի հասկանում, իսկ Ալիխանը հուսադրում է հայերին թե նրանց կգաղթեցնի Երևան։

Նոյեմբերին Քելբա-Մամադ բեգը հրամայում է հավաքել բոլոր հայերին  Փարչի գյուղում։ Այնտեղ թուրքերը մերկացնում են հայերին, նաև՝  քահանաներին և տաքացրած շամփուրներով մարմնի վրա խաչեր են քաշում։  Երեխան մոր արգանդից հանում էին, առաջարկում հորը՝ ուտել միսը։ Ամուսինների ներկայությամբ բռնաբարում են կանանց։ Այսպես շարունավում է ամբողջ նոյեմբեր ամիսը։ Դեկտեմբերի 15-ին նորից կոտորում են հայերին և կենդանի է մնում 2300 հոգի, որոնց բոլորին տեղավորում են 3 տան մեջ Փարչի գյուղում՝ պահելով խիստ հսկողության տակ և անդադար բռնաբարում են կանանց և արգելում հայերին որևէ սնունդ տալ։ Թշվառ հայերն այնուհետև սկսում են կերակրվել շան, կատվի ու մեռած մարդկանց դիակներով։ Քնած մարդկանց վիզը կտրում և ուտում են։ Հայերին սպանոմ և միսը բերում ծախում են հայերին։

Հունվարի 3-ին մոտավորապես 700 հոգի տանում են Ալիշար գյուղի մոտ և ձգում Երասխը, կենդանի մնացողներն էլ ցիրուցան են լինում թուրքերի տներում, որի մի մասը կոտորվում է անտեղ։ Սրանց կանանց թուրքերն աճուրդի են դուրս բերում և բռնաբարում 5 տարեկաններից բարձրին։

Փետրվարի 15-ին հայերին հավաքում են նորից և տանում ձգում Երասխը։ Մնացածները, մահն աչքի առաջ առնելով, փախչում են, սար ու քար ընկնում և հազիվ 300-350 հոգի կարողանում է փախչել ու հասնել հայկական գյուղերը։

Այսպիսով Շարուրի 6400 հայից  մի կոտորածից հետո մնում է 4002-ը,  դեկտեմբերի 15-ի կոտորածից հետո՝ 3300 հոգի։

Վերջիվերջո, կենդանի են մնում միայն այն արհեստավորները, որոնք անհրաժեշտ էին թուրքերին. նրանք են՝ փարչեցի Ստեփան Սաֆարյանը Հարություն Պետրոսյանը՝  իր ընտանիքով և Ստեփան Հովնանյանը, Վարմազյարից՝ Կոստան Ստեփանյանը, Ղազար Մուրադյանը, Հարությունը, Նահապետը, դաշարխեցի Ալեքսան Վարդանյանը, պարսկաստանցի կոշկակար Խաչատուրը, քեշտանցի Քյալաշ և Գրիգոր Ավագյանները և սիագութցի Հոհաննես Աբրահամյանը, Սողոմոն Պողոսյանը, ջաղացպան Հակոբը և Առաքելը։

Ներկայումս Շարուրի հայ գյուղերը հիմնահատակ են եղած և վերածված՝ մոխրակույտերի։ Այս տարվա հուլիս ամսում մեր զորքերը Շարուրը գրավելուց հետո, շարուրցի հայերը զանազան կողմերից վերադառնալով Շարուր, ընդամենը կազմում են 1194 հոգի։ Երբեմն դեռևս պատահում են վերադարձողներ՝ իրենց գյուղերում բնակություն հաստատելու և տեղավորվում են առայժմ թրքական լքյալ գյուղերում։

Ահա Շարուրի մոտիկ անցյալը և ներկան։ Հետագա դեպքերի մասին մենք կհաղորդենք յուր ժամանակին։  

Միքայել Տեր-Ավագյան

«Ժողովուրդ»

 20.10.1920 թ.

 

Վերահրապարակվում է «Նախիջևան – Շարուրը 1918-1921 թթ, փաստաթղթեր և նյութեր» ժողովածուի (Բանբեր Հայաստանի արխիվների, թիվ 1-2, 1993, էջ 311-313):