կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-31 15:06
Մշակույթ

«Մուսա լեռան 40 օրը» վեպը 40 ժամ շարունակ կկարդան գերմանացի 200 դերասաններ

«Մուսա լեռան 40 օրը» վեպը 40 ժամ շարունակ կկարդան գերմանացի 200 դերասաններ

Ապրիլ ամսին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում շուրջ 40 ժամ շարունակ գերմանացի 200 դերասաններ կկարդան Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Քրիստիան Պապկեն նշեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իրենք մի շարք միջոցառումներ են ծրագրել:

 

«Մենք ունենք «Խոսել սահմանների մասին» մի ծրագիր, որի շրջանակներում էլ իրականացնում ենք Ցեղասպանության զոհերին նվիրված միջոցառումները: Կսկսենք վեպի ընթերցմամբ, իսկ հետո մենք մարդկանց կներկայացնենք նաև, որ սա ուղղակի վեպ չէ, այն իրական հիմքեր ունի: Միջոցառման վերջին օրը Գերմանիա կայցելեն նաև անվանի ցեղասպանագետներ, որոնք հասարակությանը կներկայացնեն մի շարք փաստեր Ցեղասպանության վերաբերյալ: Միջոցառումը կեզրափակվի հայ անվանի երգչուհի Հրաչուհի Բասենցի համերգով»,- ասաց Պապկեն:

 

Ըստ նրա` իրենք նպատակ ունեն առաջին հերթին իրազեկել հասարակությանը, քանի որ, ցավոք, մարդիկ դեռ բավարար չափով տեղեկացված չեն: «Ես ինքս ուսումնասիրել եմ Գերմանիայում պահվող մի շարք փաստաթղթեր Ցեղասպանության մասին, և ինձ համար պարզ դարձավ Գերմանիայի որոշ պատասխանատվությունը Ցեղասպանության հարցում»,- նշեց ռեժիսորը:

 

Հարցին, թե ինչպե՞ս է արձագանքում Գերմանիայում թուրքական համայնքը նման միջոցառումներին, Պապկեն պատասխանեց. «Մեծ, չռված աչքերով: Մեզ համար կարևորը սահմանները բացելն է` երկու կողմերի համար էլ»:

 

Գերմանիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կլաուս Կուզեմբերգը նշեց, որ իրենք նույնպես մասնակցում են Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներին: «Մենք հրավիրել ենք նաև պառլամենտականներին, սակայն շեշտը ոչ թե դրա, այլ հասարակության իրազեկվածության վրա ենք դրել, այդ իսկ պատճառով էլ թուրք պաշտոնատար անձանց չենք հրավիրել»,- ասաց Կուզեմբերգը` հավելելով, թե լավ է, որ աշխարհը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առումով դարձյալ արթնանում է:

 

Ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին, ապա, Պապկեի կարծիքով, նրանք երբ գնան ընտրությունների, գործ կունենան իրազեկված հասարակության հետ և արդեն պարտավոր կլինեն իրենց քաղաքական ծրագրերում փոխել ինչ-ինչ դրույթներ: