կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-23 11:40
Տարածաշրջան

Թուրքիան մտադիր չէ ԱՄՆ ճնշման ներքո հրաժարվել Ս-400 համակարգերից

Թուրքիան մտադիր չէ ԱՄՆ ճնշման ներքո հրաժարվել Ս-400 համակարգերից

Թուրքիան չի քննարկում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ճնշման տակ Ս-400 զենիթահրթիռային համակարգերից հրաժարվելու հարցը։ Այս մասին «Իզվեստիա» թերթին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։

«Սա մեզ համար քննարկման առարկա չէ: Մենք նախկինում քննարկել ենք այդ հարցը, իսկ հիմա պարզապես շարունակում ենք (համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ): Դրանից հրաժարվելը նույնիսկ չի քննարկվում»,- ասել է նա:

Դեմիրը նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումը խաղաղություն ապահովելն է և Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելը։

«Ես որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու Թուրքիան պետք է հրաժարվի մեր Ս-400-ներից և դրանք հանձնի Ուկրաինային,- «Իզվեստիա»-ին ասել է Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան։- Դա նրանց ինչի՞ն է պետք։ Դրանք ավելի արդյունավետ են, քան Patriot-ները: Կարծում եմ՝ Թուրքիան չի հետևի Ամերիկայի ասածներին»:

Ավելի վաղ Պենտագոնը հաստատել էր, որ ԱՄՆ-ն Անկարայի հետ բանակցություններ է վարում Ս-400 զենիթահրթիռային համակարգերն Ուկրաինա ուղարկելու համար՝ Թուրքիայի՝ հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ամերիկյան ծրագրին վերադառնալու և Անկարայի դեմ պատժամիջոցների չեղարկման դիմաց։