Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցավալի է, երբ 2020 թվականի պատերազմում պարտություն կրեց Հայաստանն ու Արցախը, բայց բազմակի անգամ ցավալի է, որ այդ պարտությունների շարանը շարունակական է այսօր Հայաստանում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարությանը, որ Հայաստանի տարածքից 2020-ից հետո 127 քկմ կորուստ է եղել, իսկ Փաշինյանը խոսում էր 51 քկմ տարածքի մասին։
Նա նշեց, որ «Դիմադրության» շարժումն ուղղված է եղել փորձելու կանխել այդ ամենը, այսինքն՝ Արցախի տարածքների զգալի մասի կորուստներից հետո նաև հակառակորդի ուժերը բախեցին մեր դարպասները, այսօր փորձում են ներխուժել ՀՀ խորքը։
«Հայաստանի ԶՈւ ղեկավարությունը պետք է ճշգրիտ հաշվարկ կատարի և ներկայացնի հանրությանը՝ ինչ տարածքների կորուստ է եղել։ Վերջին բախման ժամանակ Ադրբեջանի կողմից հանցագործ գործողություններով, սադրանք կազմակերպելով Հայաստանի նկատմամբ, մերոնք խոսում են տարբեր հատվածներում մոտավորապես 50 դիրքի կորստի մասին տարբեր հատվածներում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Խոսելով պատճառների մասին՝ խմբակցության ղեկավարը նշեց, որ ամենամեծ հանցագործը Ադրբեջանն է, բայց նաև հանցագործություն է, երբ երկու տարի է սեփական երկրի իշխանությունները պետական, ռազմական կառավարման համակարգերում լուրջ որոշումներ չեն ընդունել, չեն կազմակերպել մեր երկրի պաշտպանությունը։
«Խոսում են զենք չմատակարարելու մասին։ Լավ, զենք չի մատակարարվել, բա մեր երկրում բահ, քլունգ չի եղե՞լ։ Մեր երկրում զգալի շինարարակական, ինժեներական ներուժ կա, բավականին լուրջ քանակությամբ կազմակերպություններ, որոնց հետ կարելի է պայմանագրեր կնքել, ապահովել նրանց աշխատանքը և երկրի պաշտպանությունը կազմակերպել։ Սահմանային բնակավայրերի բնակիչներն իրեք են ասում՝ երկար ժամանակ խնդրում են, որ իրենց ընդգրկեն պաշտպանական կառույցների սարքավորման, խրամատավորման գործում, բայց այս իշխանությունները, չգիտես ինչու, մի մասին ընդգրկում է, մի մասին չի ընդգրկում»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Հարցին, արդյո՞ք կա պատերազմի վտանգ, ՊՆ նախկին նախարարը նշեց․ «Պատերազմի վտանգ միշտ էլ կա, պարտությունների շարանը շարունակական է լինելու, երբ երկրի իշխանության ղեկին պարտված մարդիկ են, երբ բանակցողը նույնն է և գտնվում է թե ներքին, թե միջազգային հարթակում պարտադրանքի, ճնշման ներքո։ Ճնշումներն այն ուղղությամբ են, որ վերջնականապես կատարվի Ադրբեջանի ու Թուրքիայի կամքը՝ միջանցք բացվի ՀՀ տարածքով, իսկ Հայաստանի իշխանությունը չի հասկանում, որ ինչքան տաս, հակառակորդն այնքան շատ ուզելու է: Տալու փոխարեն պետք է ամրապնդել պաշտպանությունը: Իսկ եթե մարտական գործողությունների հավանականությունը մշտապես գոյություն ունի, պետք է ամրապնդել քո քառզմավարական կամքը, համախմբել ժողովրդին բանակի շուրջ, բանակը մոբիլիզացնել, ամբողջ պետական, ռազմական ներուժը համախմբել, երկիրը դնել ռազմական ռելսերի վրա և իրականացնել այդ պաշտպանությունը», - ընդգծեց Օհանյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։