կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-21 12:27
Արցախ

Անհրաժեշտության դեպքում դպրոցներում դասապրոցեսի մեկնարկը պետք է հետաձգվի. Արցախի նախագահ

Անհրաժեշտության դեպքում դպրոցներում դասապրոցեսի մեկնարկը պետք է հետաձգվի. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին Հանրապետության տարածքում ձյան աննախադեպ տեղումների հետևանքով առաջացած խնդիրներին։

Մայրաքաղաք Ստեփանակերտում տիրող իրավիճակը, խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները ներկայացրել է քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Քաղաքապետի խոսքով՝ համայնքային և մասնավոր ընկերությունների ռեսուրսների համատեղմամբ քաղաքային իշխանություններն անում են հնարավորը ձնամաքրումն արդյունավետ իրականացնելու համար, սակայն մայթերի՝ ձյունից և սառույցից մաքրումը շարունակում է մնալ ամենադժվար մարտահրավերներից մեկը։ Դավիթ Սարգսյանը նշել է նաև, որ մարտի 21-ից, երկօրյա դադարից հետո, մայրաքաղաքի հանրային տրանսպորտը նորից աշխատում է բնականոն ռեժիմով։ 

Համապատասխան ոլորտներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։

Նախագահը հատուկ անդրադարձ է կատարել կրթական ոլորտին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում դպրոցներում դասապրոցեսի մեկնարկը պետք է հետաձգվի։

Երկրի ղեկավարը հանձնարարել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ակտիվացնել համայնքներ տանող ճանապարհների անցանելիությունն ապահովելու ուղղությամբ աշխատանքները, իսկ քաղաքաշինության նախարարին՝ ձնամաքրման գործընթացին առավելագույնս ընդգրկել նաև մասնավոր շինարարական կազմակերպություններին։

Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ուժերով։ Այս առումով երկրի ղեկավարը հանձնարարել է, որ մարտի 21-ից ձնամաքրման միջոցառումներին միանան պետական համակարգի աշխատակիցները, և կոչ արել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին ու քաղաքացիներին ևս ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն՝ ներգրավվելով իրականացվող աշխատանքներին։