կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-14 15:02
Քաղաքական

Հնարավոր է՝ կարկուտից տուժած բնակիչների վարկերի մարումը հետաձգվի

Հնարավոր է՝ կարկուտից տուժած բնակիչների վարկերի մարումը հետաձգվի

Այսօր կառավարության նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում, որի ընդունումը պայմանավորված է վերջին տասնօրյակում ՀՀ ամբողջ տարածքով, հատկապես` Արմավիրում, Արագածոտնում, Լոռիում, Գեղարքունիքում, Կոտայքում տեղի ունեցող բնական աղետներով:

Ըստ այդմ, կառավարությունը գումար է հատկացնում, վնասների հետևանքները վերականգնելու համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այդ հարցը քննարկել է հանրապետության նախագահի հետ, որոշում է կայացվել հնարավորինս օգնել տուժած ժողովրդին:

«Խնդիրը մեծ է, աղետ է տեղի ունեցել, այն դեպքում, երբ բնակիչների մեծ մասը ծախսեր ու վարկեր են ունեցել: Պարզ է, որ մեր բնակիչների բոլոր ցանկությունները չենք կարող բավարարել, բայց առաջարկ կա, որ հետաձգեն բնակիչների վարկերի մարումը: Ես խնդրում եմ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին և առաջարկում, որ համագործակցի առևտրային բանկերի հետ, որ գոնե մեկ տարով հետաձգվեն գյուղացիների վարկերի մարումը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նա կարևորեց, որ բոլոր նախարարությունները, գերատեսչությունները շատ ակտիվ աշխատեն մարզպետների ու գյուղապետերի հետ, որ կարողանան հնարավորինս օգնեն տուժած գյուղացիներին: Վարչապետը ներկայացրեց երեկ նախարարների հետ միասին Արթիկ կատարած այցելության տպավորությունները:

«Անհիմն տեղեկություններ կան որոշ հարթակներում, թե ոչինչ չի ձեռնարկվում կառավարության կողմից, թե դժգոհություններ կան բնակիչների կողմից և այլն: Մենք եղել ենք այն բնակարաններում, որոնք մեծապես տուժել են աղետից: Աշխատանքները կատարվում են, ընթացքի մեջ են:Իհարկե դժգոհություններ տուժած բնակիչների կողմից միշտ կլինեն, որովհետև նրանք միշտ էլ ցանկանում են առավելագույնը ստանալ կառավարությունից, բայց հանձնաժողովի ներկայացրած հաշվարկների դիմաց ենք ֆինանսնավորելու բոլորին: Աշխատանքները բնականոն ընթանում են, ես որևէ դժգոհություն չնկատեցի, նույնիսկ շնորհակալական խոսքեր հնչեցին բնակիչների կողմից, որոնք շատ օբյեկտիվ էին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: