կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-17 15:44
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչքան խեղճացանք, էնքան վզներիս տալու են, բերեք չխեղճանանք․ Ի․ Սաղաթելյանն ու մյուս ընկերները Կիմի շիրմին են այցելել

Հիշում եմ՝ պատերազմի առաջին օրերին, երբ մեր առաջին, երկրորդ վաշտերի կազմում Կիմը ներգրավված չէր՝ որքան էր նեղսրտում, որքան էր բողոքում, և հերթի մեջ կանգնած սպասում էր, թե երբ է գալու իր հերթը․ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հիշողությունն է Կիմ Խաչատրյանի շիրմի մոտ նրա ծննդյան օրը՝ մարտի 17-ին՝ հայտնում է Yerkir.am-ը։

Կիմին որևէ մեկը չէր ասում, որ պետք է գնաս պատերազմ և հայրենիք պաշտպանես, պատմեց նա,  Կիմն առաջիններից էր, որ կռիվ էր տալիս՝ երբ է հասնելու իր հերթը։ Եվ եթե այսօր ունենք մեր հայրենիքի այս փոքր մասը, ասաց Իշխան Սաղաթելյանը, ունենք նաև Կիմի և իր ընկերների շնորհիվ։

Կիմն այսօր 27 տարեկան կդառնար։ Ընդամենը։ Մեղրիում զինծառայությունն ավարտել էր ու վերադարձել։ Բժիշկ կդառնար․ վերջին կուրսում էր։ Նրա ծնունդը, սակայն, հայրենի Արենի գյուղում բարձրացված արծվակերպ շիրմաքարի մոտ են նշում։ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի հյուսիսային սահմաններին՝ «Եղնիկներում» զոհվեց 2020 թ. հոկտեմբերի 31-ին։ Եվ այսօր հավաքվել ու նրա կերպարը տարբեր պատմություններով կենդանացնում են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները, որի ջոկատի հրամանատարն էր Կիմը, ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը, այլ ընկերներ, հարազատներ։

Մխիթարական ինչ խոսքեր կասեք՝ ինձ մոտ մի ասեք, թե տղերքը իզուր տեղը գնացին, կռվեցին, ասաց Կիմի հայրը՝ Սիմոն Խաչատրյանը․ իզուր չէր, ինքն իր փայ կռիվը տվեց, Ռուբենն իր փայ կռիվը տվեց, Զաքարը տվեց՝ խրամատի մեջ խփվեց և այլն․․․ անունները չտամ՝ հանկարծ մեկին չմոռանամ։

«Դասականը ճիշտ է ասում, որ սա հաստատ իրենց չէ պետք՝ մեզ է պետք․ մի՛ թողեք, որ հայի ոգին կոտրվի, մի խեղճացեք, խեղճանալու համար կան մի քանի րոպեներ, սենյակ, մի մութ անկյուն, որից հետո պետք է ցույց չտալ, որ ինչ-որ սարսափելի բան է կատարվել։ Կիմն ու մնացած տղերքը չմեռան՝ զոհվեցին․ հզոր տարբերություն կա»,-ասաց հայրը, որը ռազմագիտության ուսուցիչ է ու դարձյալ ՀՅԴ անդամ։

Արենի գյուղը ինչքան էլ փոքր է՝ 13 զոհ տվեցինք Ղարաբաղում, փաստեց նա, հենց այնպես չտվեցինք այդ զոհերը մենք․ դարեր շարունակ մեր ժողովուրդը ճակատամարտեր շատ է տվել, հաղթել է, պարտվել է․․․ այս ճակատամարտն, իհարկե, պարտվեցինք, բայց պատերազմը շարունակվում է, հայ-թուրքական պատերազմը դեռ չի ավարտվել։

«Նման անողնաշարների հետ շատ դժվար կլինի, ես տեսնում եմ դավաճանությունների շարանը, բայց վստահ եմ՝ հայի ոգին կա, լինելու է»,-ցածրաձայն, առանց պաթոսի, վստահ արտաբերեց Սիմոն Խաչատրյանը։

Յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ ենք հիշում մեր ընկերոջը, ասաց Իշխան Սաղաթելյանը, ապրում ենք Կիմով, նրա տեսակով, բոլորս հիշում ենք այն երջանիկ պահերը, երբ առիթ ու պատիվ ենք ունեցել Կիմի հետ ընկերություն անելու։

«Մենք Կիմին ճանաչում ենք աշխույժ, ժպտերես, հայրենասեր, լավ ընկեր, որի վրա միշտ կարելի էր հույս դնել, որի հետ կարելի էր ճանապարհ գնալ, որի հետ կարելի էր գործ բռնել ու ավարտին հասցնել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա շնորհավորեց սիրելի ընկերոջ տարեդարձը՝ ինչպես ողջ ժամանակ կշնորհավորեր։

Կիմի հայրը խաղաղություն ցանկացավ հայոց ազգին, բոլորի ընտանիքներին, բայց հարատև խաղաղություն։ Իսկ դրա համար, ասաց նա, մեծ ջանքեր են պետք, անձնազոհություն է պետք, հենց այնպես չի լինում․ «Ինչքան խեղճացանք, էնքան վզներիս տալու են, բերեք չխեղճանանք»։

Աննա Բալյան

Լուսանկարները՝ այստեղ։

Մանրամասն՝ տեսանյութում․