Սողոմոն Թեհլիրյանն անձամբ չէր ճանաչում Թալեաթին, երբևիցե չէր հանդիպել նրան երես առ երես: Նրան վստահված կարևոր առաքելությունն իրագործելու համար Բեռլինում սպասում էր արհեստավարժ թիմը, որն արդեն կատարել էր հետախուզական և կազմակերպչական զգալի աշխատանք: Ձեռք բերված տեղեկություններից պարզ էր դարձել, որ Եվրոպա ճողոպրած ու դատավարությունից խուսափած երիտթուրքերի շրջանում մեծ ոգևորություն էին առաջացրել Մուստաֆա Քեմալի ռազմական և քաղաքական հաջողությունները Թուրքիայում: Կիլիկիայում մարում էին հայերի ինքնապաշտպանության վերջին օջախները, իսկ 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվել էր. երկրում հաստատվել էր նոր՝ բոլշևիկյան իշխանություն: Ուստի ռազմա-քաղաքական նոր շրջադարձը պահանջում էր հնարավորինս արագ և գրագետ գործել: Բեռլինյան գործողության մեջ ներգավված էր Հրափը (Հրաչ Փափազյանը), որը, ծնունդով լինելով Բուրսայից (Օսմանյան կայսրություն), փայլուն տիրապետում էր թուրքերենին և մուտք էր գործել Բեռլինում ծպտյալ ապրող երիտթուրքերի շրջանակ, մասնավորապես՝ Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիի որդու «մտերիմ ընկերն էր»: Նա գործում էր Մեհմեդ Ալի կեղծանունով և արժեքավոր տեղեկություններ էր փոխանցում ճողոպրածների գործունեության վերաբերյալ : Հետախուզական խմբի մյուս անդամներն էին Վազան (Վահան Զաքարյանը), Յազօրը (Հակոբ Զորյանը), որն առաջինն էր բացահայտել Թալեաթին Բեռլինում և գերմանական դատարանում դարձավ Ս. Թեհլիրյանի թարգմանիչը, Հայկոն, որին հետազոտող Վարդան Մատթեոսյանը նույնացրել է ՀՅԴ անդամ Հայկ Տեր-Օհանյանի հետ , և Բեռլինում ՀՀ ներկայացուցիչ, փոխհյուպատոս Լիպարիտ Նազարյանցը:
Թալեաթը Բեռլինում փոխել էր իր անձնական տվյալները և իր կնոջ հետ Ալի Սալիհ բեյ անունով ապրում էր Հարդենբերգ փողոցում վարձակալած ինը սենյականոց շքեղ բնակարանում: Ըստ լեգենդի՝ Ալի Սալիհը սնանկացած նախկին վաճառական էր, ով Բեռլինում արևելյան սրճարան էր աշխատացնում: Բնակարանը նրա և կնոջ համար վարձակալել էր թուրքական դեսպանատունը : Նա փոխել էր նաև արտաքին տեսքը. իր սիրելի թուրքական ֆեսի փոխարեն կրում էր եվրոպացուն բնորոշ գլխարկ: Թալեաթի նկատմամբ տարվող հետախուզությունը ուղղորդվում էր Բոստոնից, որտեղից պարբերաբար ուղարկվում էին ծածկագրված հեռագրեր: Ս. Թեհլիրյանին հաջողվում է բնակարան վարձել Թալեաթի իջևանած բնակարանի հարևանությամբ և մի քանի օր շարունակ մոտիկից հետևել նրան:
Թալեաթը բացահայտված էր. մանրակրկիտ ստուգված էր նրա ինքնությունը, քանի որ կարևոր էր, որ գործողության ընթացքում պատահական մարդ չտուժի: Նրա մահապատիժն իրագործվեց 1921 թ. մարտի 15-ին՝ Մոսկվայի հակահայկական պայմանագրի կնքման նախորդ օրը: Թերևս մահապատժի իրագործման օրը պատահական չէր ընտված, քանի որ ռուս-թուրքական կոնֆերանսում (1921 թ. փետրվարի 26-մարտի 16), որի արդյունքը Մոսկվայի «Բարեկամության և եղբայրության» պայմանագիրն էր, բոլշևիկներն ու քեմալականներն առանց հայկական կողմի մասնակցության որոշում էին հայկական տարածքների հարցը: Այդ օրը՝ առավոտյան, Բեռլինի Հարդենբերգ փողոցում Ս. Թեհլիրյանն ատրճանակով գնդակահարում է Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուին՝ Թալեաթ փաշային: Այն, որ սպանվողը Թալեաթն էր, այդ պահին գիտեր միայն Սողոմոնը:
Թեհլիրյանը ձերբակալվեց սպանության վայրում և տարվեց ոստիկանություն, որտեղ սկսվեց հարցաքննությունը: Քանի որ նա հարցաքննության պահին գրեթե չէր տիրապետում գերմաներենին, իբրև թուրքահպատակի՝ նրան առաջարկեցին հարցաքննվել թուրքերենով: Սակայն Թեհլիրյանի պահանջով հարցաքննությունը կատարվեց հայ թարգմանչի միջոցով: Նա պնդում էր, որ Թալեաթին սպանել է վրեժից դրդված, գործել է միայնակ և հանցակիցներ չի ունեցել:
«Ալի Սալիհի» դին ճանաչել էր նրա վաղեմի ընկերը՝ Բեհաէդդին Շաքիրը, ով հաստատել էր, որ սպանվածը Թուրքիայի նախկին մեծ վեզիր Թալեաթն է : Թալեաթին հուղարկավորեցին միայն մահվան 5-րդ օրը, քանի որ թուրքական իշխանություններն արգելեցին նրան ամփոփել հայրենիքում: Բեռլինում նախկին դաշնակիցները՝ գերմանացիները, կազմակերպեցին Թալեաթի ճոխ հուղարկավորությունը. բազմաթիվ ծաղկեպսակներ, տարբեր երկրներից ժամանած թուրքեր, հակահայկական ելույթներ և կոչեր… ։
Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը և Հատուկ գումարը
Ս. Թեհլիրյանի դատավարությունը դարձավ Հատուկ գործի ամենահնչեղ էջը։ Այն նաև դարձավ քաղաքական հարթակ՝ հայկական կոտորածների մասին բարձրաձայնելու և միջազգային հանրության ուշադրությունը վերստին այդ հարցի վրա հրավիրելու համար: Անհրաժեշտ էին զգալի նյութական միջոցներ՝ Գերմանիայի լավագույն դատապաշտպաններին վարձելու և Թեհլիրյանի պաշտպանական գործը պատշաճ կազմակերպելու համար: Այդ միջոցները հայթայթվում էին Հատուկ գումարի ֆոնդից, որը ստեղծվել էր դեռ 1920 թ.: Շահան Նաթալին այն անվանում էր «Վրեժի ֆոնդ» : Ա. Սաչակլյանի անձնական արխիվում Հատուկ գումարի վերաբերյալ հանդիպում ենք ինչպես դրամական նվիրատվությունների մասին նշումների, այնպես էլ կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվությունների : Ինչպես նշում է ամերիկահայ իրավաբան Վարդգես Եղիայանը, համայն հայության կողմից այդ նպատակի համար հանգանակվեց շուրջ 700.000 մարկ: Դրանից բացի, այդ օրերին Փարիզում Խաղաղության կոնֆերանսին մասնակցող հայկական պավիրակության ղեկավար Պողոս Նուբար փաշայի կողմից կազմակերպած հանգանակության շնորհիվ հավաքագրեց շուրջ 300.000 մարկ: Միայն դատավարության ընթացքում ծախսվեց 306.484 մարկ:
Ս. Թեհլիրյանին դատարանում պաշտպանելու էին Գերմանիայի անվանի իրավաբաններ Ադոլֆ ֆոն Գորդոնը՝ իրավական գաղտնի խորհրդական, Յոհաննես Վերթաուերը՝ իրավական խորհրդական, և Նիմայերը՝ Քիլի համալսարանի իրավագիտության բաժնի պրոֆեսոր: Յուրաքանչյուր դատապաշտպանի վճարվեց 75.000 մարկ:
Դատապաշտպանները Թալեաթի հանցանքը հիմնավորելու համար օգտագործեցին ժամանակին տրված բնօրինակ հեռագրեր , որոնցում Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարը տալիս էր հայերի բնաջնջման և տեղահանության հրամաններ: Դատավարության ընթացքում (Բեռլին, 2-3-ը հունիսի 1921 թ.) վկայություններ տվեցին գերմանացի բարձրաստիճան սպա Լիման ֆոն Սանդերսը, հայտնի հասարակական գործիչ, հայասեր Յոհաննես Լեփսիուսը, ցեղասպանությունը վերապրած հայեր, այդ թվում՝ Գրիգորիս Պալաքյանը, որի հետ դատավարության ավարտից հետո Թեհլիրյանը մեկնեց Մանչեստր : Իրավական առումով Թեհլիրյանի պաշտպանությունը հիմնվում էր Գերմանիայի քրեական օրնեսգրքի 51-րդ հոդվածի վրա, որը սահմանում էր.«Պատժելի արարք չկա, եթե արարքը կատարելու պահին հանցագործը գտնվում էր անգիտակից վիճակում կամ հոգեկան գործունեության պաթոլոգիական խախտում ունի, որի պատճառով բացառվում էր նրա կամարտահայտությունը»: 1921 թ. հունիսի 3-ին երդվյալ ատենակալների վճռով Ս. Թեհլիրյանն ազատ արձակվեց:
Ս. Թեհլիրյանի դատավարությունը հասարակական-քաղաքական մեծ արձագանք գտավ. այն լայնորեն լուսաբանվեց ինչպես ժամանակի եվրոպական, ամերիկյան ու հայկական մամուլում, այնպես էլ գերմանացի և թուրք լրագրողների կողմից:
Ի դեպ, Թեհլիրյանի դատավարության հաջորդ օրը, Փարիզի ոստիկանապետին Ազգային պատվիրակության ներկայացուցիչը նամակով հայտնում է, որ Կ. Պոլսից ունեցած իրենց հավաստի տեղեկությունների համաձայն Թալեաթի կողմնակիցները նրա մահվան համար վրեժխնդիր լինելու նպատակով Փարիզում նախապատրաստում են Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբար փաշայի մահափորձը:
Հետաքրքիր է այն փաստը, որ Ս. Թեհլիրյանի դատավարությունից շուրջ մեկուկես ամիս անց՝ 1921 թ. հուլիսի 18-ին, Միսաք Թորլաքյանը Կ. Պոլսում ի կատար ածեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբուդ խան Ջիվանշիրի մահապատիժը: Վերջինս պատասխանատու էր 1918 թ. սեպտեմբերին Բաքվի հայության և այնտեղ ապաստանած հազարավոր հայ գաղթականների սպանության համար: Ինչպես և Թեհլիրյանը, Թոռլաքյանը ևս ձերբակալվեց սպանության վայրում: Նրա դատավարությունը տևեց շուրջ 2 ամիս և ավարտվեց հոկտեմբերի 20-ին: Ինչպես Թեհլիրյանի, այնպես էլ այս դեպքում դատարանում պաշտպանությունը շեշտը դրեց այն հանգամանքի վրա, որ Թորլաքյանն ականատես է եղել իր ընտանիքի՝ Ջիվանշիրի հրամանով իրագործված սպանությանը, ինչը, դատարանում ցուցմունք տվող բժշկի վկայությամբ, ընկնավորության առաջացման պատճառ է դարձել: Ինչպես գիտենք, Թեհլիրյանի դատավարության ժամանակ նույնպես շեշտադրվում էին նրա ընկնավորության նոպաները, որոնք հատկապես սրվում էին կոտորածները մտաբերելիս : Անգլիական զինվորական դատարանը Թորլաքյանին անմեղսունակ ճանաչեց և ազատ արձակեց:
Դատավարությունից հետո Ս. Թեհլիրյանը բնակություն է հաստատում նախ Մանչեստրում, ապա՝ Բելգրադում (Սերբիա)՝ իբրև Սարո Մելիքյան: Ունեցել է սեփական բիզնես: Անվան փոփոխությունը կապված էր նրա և իր ընտանիքի անվտանգության հետ: 1953 թ. տեղափոխվել է Կասաբլանկա (Մարոկկո), այնտեղից էլ 1954 թ.՝ Սան Ֆրանցիսկո (ԱՄՆ), որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին՝ Սողոմոն Մելիքյան անունով: Նրա աճյունը հողին է հանձնվել Ֆրեզնոյում:
Անահիտ Թաթիկյանի հետ ամուսնությունից Ս. Թեհլերյանն ուներ 2 որդի՝ Զավեն և Շահեն:
Գոհար Խանումյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող