Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեդիամաքսի «Հատուկ գործ» շարքը պատմում է «Նեմեսիս» օպերացիայի մասին:
Շարքի առաջին հոդվածում անդրադառնում ենք մինչնեմեսիսյան շրջանը, երբ Թուրքիայում Ռազմական արտակարգ ատյանի դատարանը երիտթուրք ղեկավարներին մեղավոր ճանաչեց քրիստոնյա բնակչության տեղահանության ու կոտորածների որոշման ընդունման հարցում ու հեռակա կարգով ենթարկեց մահապատժի:
Առաջին Համաշխարհային պատերազմում պարտությունից հետո Թուրքիայում լարված ու անորոշ մթնոլորտ էր, երկիրը մասնատման ու անգամ վերացման առաջ էր կանգնած:
1918 թ. հոկտեմբերի 7-ին Թալեաթ փաշայի կառավարությունը հրաժարական էր տվել, իսկ նոյեմբերի 1-ի գիշերը, Մուդրոսի զինադադարից հետո, երիտթուրք 7 պարագլուխները ծովով փախել էին Գերմանիա:
Երիտթուրքերի պարագլուխների փախուստի մասին հոդվածը
Լուսանկարը` Մելինե Անումյանի արխիվից
1918 թվականի նոյեմբերից ու 1919-ի գրեթե ողջ ընթացքում օսմանալեզու մամուլն անդրադառնում էր այն թեմային, թե որքան ծանր իրավիճակի է հասցվել երկիրը երիտթուրքերի օրոք, հնչում էին նաեւ մեղադրանքներ քրիստոնյա բնակչությանը կոտորելու ու զանգվածային տեղահանության ենթարկելու պատճառով:
Այս ֆոնին, արտաքին պարտադրանքներով պայմանավորված, քննարկումներ սկսվեցին Օսմանյան խորհրդարանում. թեման՝ քրիստոնյա բնակչությանը կոտորածի ենթարկելն էր:
Լուսանկարը` Մելինե Անումյանի արխիվից
Թուրք հասարակության մեջ, մամուլում եւ խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների արդյունքում Օսմանյան պետության խորհրդարանում ստեղծվեց պատգամավորներից կազմված 5-րդ հանձնաժողովը, որը հարցաքննության ենթարկեց պատերազմի ընթացքում երկիրը կառավարած վարչակազմերի անդամներին:
Հանձնախումբը չհասցրեց գործն ավարտել ու եզրակացություն տալ։ Քանի որ պատգամավորների մեծ մասը դեռ երիտթուրք էր, որոշվեց լուծարել խորհրդարանն ու ձեւավորել նորը: Ամեն դեպքում հանձնախմբի կատարած գործը կարեւոր նշանակություն ունեցավ երիտթուրքերի հետագա դատավարության ժամանակ, քանի որ վկայություններն ու խոստովանությունները հետագայում տրամադրվեցին Ռազմական արտակարգ ատյանին:
Այդ ընթացքում գործում էին նաեւ այլ հետաքննիչ հանձնաժողովներ: Դրանցից էր Մազհարի հանձնախումբը, որը պատկանում էր ներքին գործերի նախարարությանը ու կազմված էր նաեւ իրավաբաններից: Վերջիններս հետաքննում էին Հայոց ցեղասպանության պատասխանատուներին:
Թուրքիան սկսում է դատել սեփական առաջնորդներին
1919-ի սկզբին Փարիզում խաղաղության վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նախնական համաժողով, որի արդյունքում ստեղծվեց Պատասխանատվության եւ պատժամիջոցների հանձնաժողովը: «Տասնհինգի հանձնաժողով» անունով հայտնի մարմինը պետք է գտներ ու պատժեր պատերազմական հանցագործներին:
Հանձնաժողովի վերջնական զեկույցը եզրակացրեց, որ «թշնամի երկրների այն բոլոր քաղաքացիները, ովքեր խախտել են մարդկային օրենքները կամ պատերազմական ավանդույթները, ենթակա են դատական հետապնդման»:
«Թուրքերը որոշեցին դատավարություն սկսել դաշնակից երկրների ճնշումների հետեւանքով. զուտ խղճից ելնելով նրանք նման քայլի չէին դիմի:
Փարիզի վեհաժողովով եւ ապագայում նախատեսվող խաղաղության պայմանագրի կնքումով պայմանավորված՝ նրանք կարծում էին, որ պետք է դաշնակից երկրներին ցույց տալ, թե իրենք էլ են քննադատում երիտթուրքերին:
Երիտթուրքերի ընդդիմադիր, իշխող «Հյուրիեթ վե Իթիլյաֆ» (Ազատություն ու համաձայնություն) կուսակցությունը նպատակ ուներ քրիստոնյա բնակչության զանգվածային տեղահանության եւ կոտորածների համար մեղադրել հիմնականում «Իթթիհաթ վե Թերաքքի» (Միություն եւ առաջադիմություն) կուսակցությանը եւ պատասխանատվության ենթարկել առանց պատճառի երկիրը պատերազմի մեջ ներքաշած եւ բազմաթիվ տնտեսական չարաշահումներ կատարած երիտթուրքերին»,- նշում է թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը:
Լուսանկարը` Մելինե Անումյանի արխիվից
Այնուամենայնիվ, երիտթուրքերին հաջողվեց այնպես անել, որ կուսակցության անունը չվարկաբեկվի ու մեղքը բարդվի մի քանի անձանց վրա միայն:
Անումյանի համոզմամբ, թուրքերը ցանկացան անձամբ իրականացնել դատավարությունը, որպեսզի որոշ գաղտնիքներ այդպես էլ ի հայտ չգան, քանի որ միջազգային ատյանում դատվելու դեպքում բացահայտվելու էին ցեղասպանության այնպիսի փաստեր, որոնք երկրին ձեռնտու չէին լինի:
Առաջին մահապատիժը, հանցագործների փոխադրումը Մալթա
Սուլթան Մեհմեթ 6-րդ Վահիդեդդինի հատուկ հրամանագրով Պոլսում ստեղծվում է Ռազմական արտակարգ ատյան, որը 1919-ի ապրիլի 28-ից սկսում է քննել Հայոց ցեղասպանության կազմակերպման եւ իրականացման մեջ մեղադրվող երիտթուրքական կուսակցության եւ կառավարության անդամների գործը։
Սուլթան Վահիդեդդինը
Լուսանկարը` Մելինե Անումյանի արխիվից
Դատավարությունը հարթ չի ընթացել, որովհետեւ երիտթուրքերի դրդմամբ, ովքեր դեռ մեծ թվով ներկայացուցիչներ ունեին հատկապես ուժային կառույցներում, անկարգություններ էին կազմակերպվում, դատավորների, դատական ատյանի անդամների նկատմամբ բռնության կոչեր ու ահաբեկումներ էին արվում:
1919-1921 թթ. Ռազմական դատարանում հայերի տեղահանության եւ կոտորածների մեղադրանքով հարուցված դատական գործերի շարքում առաջինը Յոզղատի դատավարությունն էր: Երկրում մեծ ցույցեր սկսվեցին ապրիլ-մայիս ամիսներին, երբ մահապատժի ենթարկվեց Բողազլըյանի գավառապետ Քեմալը:
Լուսանկարը` Մելինե Անումյանի արխիվից
Մահապատիժն ի կատար ածվեց Կ․Պոլսի գլխավոր հրապարակներից մեկում՝ Սուլթան Բայազետում:
«Ըստ օրենքի՝ մահապատիժը կատարվում էր նախքան արեւածագը, իսկ դատապարտյալի թաղումը` անշուք: Մինչդեռ Քեմալի մահապատիժն ի կատար է ածվել երեկոյան, մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ ու հոծ բազմություն: Դիակը դրվել է մզկիթի լվացարանում: Մեծ շուքով կազմակերպվել է Քեմալի թաղման արարողությունը, որին ներկա են եղել ավելի քան 10 հազար ցուցարարներ: Ոճրագործը հռչակվել է «ազգային նահատակ», նրա այրին ու զավակները` վերցվել ազգային խնամակալության տակ»,-պատմում է թուրքագետը:
Կ․Պոլսի Սուլթան Բայազետ հրապարակը
Լուսանկարը` Մելինե Անումյանի արխիվից
Այդ ժամանակ արդեն սկսվել էր հույն-թուրքական պատերազմը, Հունաստանը դեսանտ էր իջեցրել Զմյուռնիայում եւ հաջողություններ էր գրանցում, ինչը եւս բուռն արձագանք էր առաջացրել: Որպեսզի իրավիճակը մի քիչ հանդարտվի, վարչապետ Դամադ Ֆերիդ փաշան հրահանգեց 41 մեղադրյալների բաց թողնել, ժամանակավորապես դադարեցնել կուսակցության անդամների դատաքննությունը:
Դրանից հետո Մեծ Բրիտանիայի գերագույն կոմիսարի տեղակալ, ծովակալ Վեբը որոշում է մի շարք մեղադրյալների տեղափոխել ավելի ապահով վայր, որպեսզի հետագայում Անգլիան ինքը կազմակերպի Հայոց ցեղասպանության պատասխանատուների դատավարությունը:
Լուսանկարը` Մելինե Անումյանի արխիվից
«1919 թ. մայիսի 28-ին անգլիացիները 67 հոգու, ովքեր ամենավտանգավորն էին համարվում, բանտից նավով տեղափոխում են Մալթա կղզի: Վերջին պահին նավ են նստեցնում եւս 11 հանցագործի: Նրանց հետագայում բաց թողեցին, քանի որ Անգլիան վերջիններիս փոխանակեց իր ռազմագերիների հետ: Այդ մարդիկ վերադարձան Թուրքիա, ակտիվորեն մասնակցեցին քեմալական շարժմանը եւ դարձան Թուրքիայի Հանրապետության հիմնադիրներից»,- շեշտում է Անումյանը:
Երիտթուրքերի խոստովանությունները
«Միություն եւ առաջադիմություն» կուսակցության անդամների դատավարությունն սկսվել է 1919 թ. ապրիլի 28-ին, հեռակա կարգով մեղադրվել են 11, իսկ ներկա`20 կուսակցական գործիչներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ:
Դատաքննության հանձնաժողովի նախագահ, գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Նազըմը տալիս է հավանություն բացականերին հեռակա կարգով դատելու համար: Նշվում է, որ «թվարկված հանցագործությունները կատարվել են ոչ թե կառավարության անունից, այլ կուսակցության կենտրոնական կոմիտեի որոշումներից ելնելով»:
Կովկասյան ճակատի 3-րդ բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վեհիբ փաշան դատաքննությանը ներկայացրած վկայության մեջ ասում է, որ «հայերի բնաջնջման եւ ունեցվածքի կողոպտման հարցը վճռվել է «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի կողմից, 3-րդ բանակի շրջակայքում հրոսակախմբերի կազմակերպողն ու ղեկավարողը եղել է Բեահեդդին Շաքիր բեյը»:
Վեհիբ փաշան
Ներքին գործերի նախարարության հատուկ գրասենյակի պետ Իհսան բեյը նույնպես հաստատում է, որ Հալեպ գործուղված Աբդուլլահատ Նուրի բեյը հայտարարել է, որ հայերի տեղահանման հիմնական նպատակը նրանց ոչնչացումն է, ու հրամանն ստացել է Թալեաթից:
Հալիտէ Էտիպը վկայել է Թալեաթի խոստովանությունը, որ «այնքան ժամանակ, երբ մի ազգ իր սեփական շահերի համար անում է ամեն ինչ եւ հաջողում է, աշխարհն ընդունում է այդ: Ես պատրաստ եմ մեռնելու այդ բանի համար, ինչ կատարեցի եւ ես գիտեմ, որ կմեռնեմ դրա համար»,- հայտարարել է Թալեաթը:
«Ամբաստանագրում շեշտվում էր, թե ոճիրները կրել են ոչ թե տեղական բնույթ, այլ կանխամտածվել եւ իրականացվել են մեղադրյալներից կազմված «հատուկ կենտրոնի» բանավոր հրահանգներով ու գաղտնի հրամաններով, լիովին ապացուցվել է, թե հայերի կոտորածները կատարվել են Թալեաթի, Էնվերի եւ Ջեմալի հրամաններով»,-շարունակում է Անումյանը:
Կալանավորների բանտային հսկողությունը շատ թույլ է եղել, նրանք գտնվել են մի խցում, շփվել են իրար հետ, քննարկել, թե ինչ ցուցմունքներ են տալու, փաթեթներ են ստացել դրսից: Նրանց հանդիպումները որակվում էին որպես «նախարարների ժողով»:
Հաստատվում է «Թեշքիլաթը մահսուսե»-ի կապը երիտթուրքերի հետ
Դատավարության առանցքում կարեւոր տեղ է զբաղեցրել կոտորածներն իրականացրած «Թեշքիլաթը մահսուսե»-ի (Հատուկ կազմակերպություն) անդամների հարցաքննությունը: Այս կառույցը կյանքի էր կոչվել «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամների որոշմամբ:
«Թեշքիլաթը մահսուսե»-ի անվան տակ գործել են երկու գաղտնի կազմակերպություն: Մեկը եղել է զինվորական կազմակերպություն եւ նպատակ է ունեցել կովկասյան մուսուլման ժողովուրդների մեջ Ռուսաստանի դեմ խռովություն սերմանելու նպատակով հավաքագրել Կովկասի տարածքին ծանոթ, տեղի ժողովուրդների լեզուների տիրապետող մարդկանց եւ խմբերով ուղարկել սահմանից այն կողմ:
Երկրորդը գտնվել է ներքին գործերի նախարարության տրամադրության տակ եւ Բեահեդդին Շաքիրի ղեկավարությամբ իրականացրել է հայերի տեղահանությունը եւ կոտորածը: Սա հաստատել է կոմիտեի անդամ Ռըզա բեյը. «Իմ կարծիքով Ռազմական նախարարության հրամանով կազմակերպուած «Թեշքիլաթ»-ը մահսուսէ»-ն գործել է ռազմաճակատում եւ ընդհանրապես հակառակորդի գտնուած շրջաններում: Միւս՝ երկրորդ «Թեշքիլաթ»-ը մահսուսէ»-ն ստեղծուել է, որպէսզի մի շարք վիլայէթներում, սանճակներում, կազաներում իրականացնի տեղահանութիւնը»:
Բեահեդդին Շաքիրը
Շաքիր բեյի ստորագրությամբ Խարբերդի վալի Սապիթ բեյին եւ Նազըմ բեյին ուղարկված հեռագիրը. «Եղբայր իմ, մեզ պարզորոշ տեղեկացրէք, այդտեղից ուղարկուող հայերին զտո՞ւմ էք, թէ ոչ: Վտանգաւոր մարդկանց, որոնց վտարման ու աքսորի մասին յայտնել ենք, ոչնչացնո՞ւմ էք, թէ՞ ճամբու էք դնում»:
Հետաքննություններից պարզվել է, որ կուսակցության եւ «Թեշքիլաթը մահսուսե»-ին վերաբերող կարեւոր նյութերը մեծ մասամբ ոչնչացվել են: Դա հիմնականում արվել է դոկտոր Նազըմի կողմից, որը հանցագործությունները թաքցնելու նպատակով փախցրել է կուսակցության արխիվը:
Միտհատ Շյուքրի բեյը այս առիթով դատարանում խոստովանել է. «Հրաժարական տալու ժամանակ ասաց. «Այս փաստաթղթերը կարեւոր են եւ վերաբերում են ինձ: Ես չեմ ցանկանում 20-23 տարի Փարիզում գտնուելու ընթացքում իմ աշխատանքին վերաբերող փաստաթղթերն այստեղ մնան: Ես իմ յարաբերությիւնները խզում եմ: Նոյնիսկ այսուհետեւ համագումարներին էլ չեմ մասնակցելու»:
Ռազմական արտակարգ ատյանի ձեռքին հայտնվել են մի շարք գրավոր փաստաթղթեր, որոնք հաստատել են այս երկու կառույցի միջեւ եղած համագործակցությունն ու կապը:
«Մեղադրական եզրակացությունը կայացնելիս հենվել են հատկապես ծածկագիր ու ոչ ծածկագիր հեռագրերի վրա: Ընդհանրապես, փաստաթղթերի ոչնչացումը շատ կարեւոր թեմա է: Թալեաթը հեռագրատան աշխատող է եղել ու լավ իմացել է բոլոր գաղտնիքները, նա իր տնից է կազմակերպել այդ գործընթացն ու հրամայել հեռագիրը ստանալուն պես ոչնչացնել»,-ասում է Անումյանը:
20 մահապատիժ, որոնցից միայն 3-ն է իրականացվել
Ռազմական արտակարգ ատյանը գլխավոր դատավարությունը վերսկսում է 1919 թ. հունիսի 3-ին:
Հուլիսի 5-ին կայացված դատավճռով քրեական օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասով Թալեաթի, Էնվերի, Ջեմալի եւ Նազըմի նկատմամբ դատարանը մահվան հեռակա դատավճիռ է կայացնում: Նույն հոդվածի վերջին կետի համաձայն Ջավիդը, Մուստաֆա Շերեֆը եւ շեյխ-ուլ-իսլամ Մուսա Քյազիմը դատապարտվում են 15 տարվա տաժանակիր աքսորի:
Բավարար հանցանշաններ չունենալու պատճառով Ռիֆաթ բեյը եւ Հաշիմ բեյն ազատ են արձակվում: Վերջին երկուսի որոշման հետ դատարանի ոչ բոլոր անդամներն են համաձայն եղել: Դատավճռում ոչինչ չկա Մալթա կղզի աքսորված հանցագործների մասին:
Հայերի տեղահանության եւ կոտորածների մեղադրանքով հարուցված ավելի քան 60 դատական գործի արդյունքում ընդունվել է 20 մահապատժի որոշում, սակայն միայն երեքն են կյանքի կոչվել, մյուսները ընդունվել են հեռակա կարգով:
Այլ մեղադրանքներ
Կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարների եւ պաշտոնատար անձանց դատաքննությունը տեղի է ունենում 1919-ի հունիսին, դատավճիռը կայացվում է 1920-ի հունվարի 8-ին, մեղադրվում է 36 հոգի:
«Նրանք տեղերում կազմակերպել եւ վերահսկել են տարբեր շրջանների հայության տեղահանումն ու կոտորածները, մասնակցել են Թալեաթի եւ նրա գործընկերների կատարած հանցագործություններին: Յուրացրել են հայերի գույքը, կազմակերպել աքսոր, զինված հրոսակախմբերի հետ շրջել ամենուր, մեծ հարստություն դիզել»,-շարունակում է Անումյանը:
Մեղադրյալները հիմնականում ասում են, որ ոչինչ չեն իմացել, իրավունք չունեին միջամտել պետական գործերին, պարզապես կատարել են հրաման:
«Տեղահանութիւնը տեղի էր ունենում օրէնքի հիման վրայ: Մենք կարո՞ղ էինք արդեօք հակառակուել պետության հաստատած օրէնքին…Ինչ-որ տեղահանութեան օրէնք են ասում, դրա հիման վրայ էին կատարում: Այն գործադրւում էր տուեալ վիլայէթի վալիի կողմից, նոյնիսկ ոստիկանութեան եւ ժանտարմի միջոցով: Մենք ինչպէ՞ս կարող էինք միջամտել: Չէ՞ որ օրէնք կար, ժանտարմ կար…»,- կուսակցության Էդիրնեի (Ադրիանապոլիս) պատասխանատու քարտուղար Աբդուլ Ղանի բեյի ցուցմունքից:
Նրանցից մի քանիսը 10 եւ ավել տարվա, մյուսները մի քանի տարվա բանտարկության են դատապարտվում: Այստեղ եւս մոռացության են մատնված Մալթա աքսորվածները:
Տրապիզոնի դատական գործի ժամանակ Ջեմալ Ազմին եւ Նայիլը հեռակա կարգով դատապարտվել են մահվան, մյուսները տարբեր տարիների աքսորի:
Առանձին-առանձին են տեղի ունեցել նաեւ Երզնկայի, Բաբերդի, Չանքըրըի, Ադաբազարի, Էդիրնեի, Ամասիայի, Դեր Զորի, Բահչեջիքի, Իզմիթի եւ այլ շրջանների կառավարիչների դատաքննությունները։
Քեմալը լուծարում է ռազմական ատյանները
Քեմալականների իշխանության գալով՝ դատավարությունը կամաց-կամաց մարում է, ոճրագործներն ազատ են արձակվում կամ արդարացվում: Ի վերջո՝ Մուստաֆա Քեմալը լուծարում է ռազմական ատյանները:
Ըստ որոշ աղբյուրների՝ Քեմալը ծածուկ այցելել է բանտ ու հանդիպել երիտթուրք հանցագործներին, հրաժարվել է ընդունել նրանց ոճրագործությունը. «Ես Միություն եւ առաջադիմություն» կուսակցության ներկայացուցիչը չեմ… Սակայն Ձեր թույլտվությամբ պետք է ասեմ, որ Միություն եւ առաջադիմությունը հայրենասեր կազմակերպություն էր», -ասել է նա անգլիացի գործակալ Ֆրյուին:
Մուստաֆա Քեմալը
Քեմալականների ճնշումների պատճառով Դամադ Ֆերիդը 1920 թ. հրաժարական է տվել: Նրան փոխարինել է Թեւֆիկ փաշան, որի իշխելու ժամանակ ձերբակալվել են Բաբերդի դատավճիռն արձակած դատավորները: Դատավոր Նեմրութ Մուստաֆա փաշան դատապարտվել է 7, իսկ դատարանի անդամները` 5 ամսվա ազատազրկման:
Մահապատժի ենթարկված 3 անձից երկուսը՝ Մեհմեդ Քեմալը եւ Բեհրամզադե Նուսրեթը, հերոսացվել են:
Հայերի ու ՀՀ-ի վերաբերմունքը թուրքական «արդարադատությանը»
Դատավարությունը սկզբում դռնբաց էր, սակայն անկարգություններով պայմանավորված` դռնփակ դարձավ:
Հայկական մամուլը շատ ակտիվ հետեւում էր իրադարձություններին: Հայությունը տուժած կողմ էր համարվում, դատավարության ժամանակ հայության ներկայացուցիչներից էր նաեւ Զավեն պատրիարքը: 1922 թվականին, երբ քեմալականները վերջնականապես զավթեցին իշխանությունը, պատրիարքը ամբողջ արխիվն իր հետ վերցնելով՝ տեղափոխվում է Երուսաղեմ: Դատավարության ամբողջական փաստաթղթերը, ամենայն հավանականությամբ, եւս այնտեղ են գտնվում:
«Մամուլում այսպիսի վերնագրեր էին հանդիպում՝«Արդարություն ալաթուրքա» (թուրքավարի): Այսինքն մամուլը թերահավատ էր: Հայերն արդարության չէին սպասում, որովհետեւ պատահում էին դեպքեր, երբ կարեւոր ոճրագործներ բաց էին թողնվում: Բացի այդ մայրաքաղաքից ավելի հեռու վայրերում դեռ հայեր էին կոտորվում, տեղի էին ունենում ինքնապաշտպանական մարտեր:
Հայաստանի Հանրապետության իշխանությունը պաշտոնապես այս դատավարությունների մասին հայտարարությամբ հանդես չի եկել: Խորհրդարանում քննարկումների ժամանակ հնչած ելույթներում եւս որեւէ արձագանք չի եղել»,-նշում է Անումյանը:
«Եթե վերջապես գա այն օրը, երբ Հայաստանը Թուրքիայի դեմ դատական գործ հարուցի, իրավական առումով Ռազմական ատյանի ընդունած որոշումները անգնահատելի կլինեն: Այն ժամանակ «ցեղասպանություն» տերմինը դեռ չկար, բայց որակումն ամբողջությամբ տրվել է, ապացուցվել, որ հայերին ոչնչացնելը նախապես ծրագրավորվել է երիտթուրքերի կուսակցության եւ կառավարության կողմից, զանգվածային կոտորածները ու բռնի տեղահանությունը եղել են եւ այս ամենը ֆիքսված է մեղադրական եզրակացության մեջ»,- ասում է Անումյանը:
Այսպիսին էր իրավիճակը 1919-21 թվականներին Թուրքիայում: Իսկ հայերը ձեւավորում էին իրենց «Հատուկ գործ»-ը կամ «Նեմեսիս»-ը, որն էլ հենց իրականացնելու էր ոճրագործների իրական մահապատիժը:
Շարունակելի
Գոհար Նալբանդյան
Հոդվածում մեջբերումներ են արվել Ավետիս Փափազյանի «Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի», Մելինե Անումյանի «Երիտթուրքերի 1919-1921 թթ. դատավարությունների վավերագրերը ըստ օսմանյան մամուլի», Ջոն Կիրակոսյանի «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» գրքերից: