կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-07 21:47
Հասարակություն

Ի՞նչ գործողությունների կդիմեր ԱՄՆ֊ը, եթե լիներ համանման իրավիճակ. Կարեն Ճշմարիտյան

Ի՞նչ գործողությունների կդիմեր ԱՄՆ֊ը, եթե լիներ  համանման իրավիճակ. Կարեն  Ճշմարիտյան
Հիպոթետիկ (աննշան շեղումներով)
 
Հատուկ՝ սփյուռքի մեր հայրենակիցների համար:
 
Ովքեր դեռևս լիարժեք տեղյակ չեն վերջին շրջանում ողջ աշխարհի քաղաքական շրջանակներում քննարկվող համար առաջին թեմայի էությանն ու առանձնահատկություններին՝ թող փորձեն մտովի համեմատություն անցկացնել։
 
Մի շատ պարզունակ վարժությունից հետո պետք է որ շատ բան պարզ դառնա։ Չքննարկենք երկրորդական մանրամասներն ու դետալները, նաև այն, թե ինչ կարելի էր անել, որպեսզի այս իրավիճակը չստեղծվեր, և այլն։
 
Պարզապես, զուտ հիպոթետիկ՝ հակառակ դիրքից արձանագրենք փաստերը, իրավիճակն ու եզրակացնենք…
 
Մի պահ պատկերացնենք, որ Ուկրաինայի փոխարեն Կանադան է, Ռուսաստանի փոխարեն՝ ԱՄՆ-ը, իսկ ԱՄՆ-ի փոխարեն՝ Ռուսաստանը։
 
Որպեսզի առավել ճշգրիտ լինի՝ պատկերացնենք նաև, որ չկա 1982 թվականի «Կանադական ակտը», և Կանադան չի պատկանում Մեծ Բրիտանիայի պառլամենտի իրավական կառավարման համակարգին, այլ անկախ ինքնիշխան պետություն է։
 
Եվ այսպես, ԱՄՆ-ում և Կանադայում բնակվողների գերակշռող մեծամասնության մոտ միևնույն գենետիկ արմատներն են։ Մշակույթը, պատմությունը, լեզուն, քաղաքական համակարգը, արժեքները՝ հիմնականում նույնը, միատեսակ ու միահյուսված, տնտեսություններն ու քաղաքակրթությունը՝ խորը կոոպերացված ու ներդաշնակ, սահմաններն ըստ էության բաց, մշտապես միևնույն քաղաքական ու տնտեսական միությունների մեջ։
 
Պատկերացրեցի՞նք…
 
Ովքեր ամբողջությամբ պատկերացրեցին, և ամեն ինչ պարզ դարձավ՝ կարող են այսքանով սահմանափակվել և չկարդալ մնացածը։
 
Այնուամենայնիվ շարունակենք։
 
Հիմա պատկերացնենք, որ ԱՄՆ-ում վերականգնման փուլ է, և առավելապես կենտրոնացած են իրենց ներքին խնդիրները կարգավորելու վրա։ Այդ ժամանակահատվածում Կանադայում սկսվում են գործընթացներ՝ խժդժություններով փոփոխվում են իշխանությունները (կարգախոսներն էական չեն), ժողովուրդը ստի ու կեղծիքի զոհ դարձած, խաբված ու մանիպուլացված է (այս հատվածը կարծես ծանոթ է), որի հետևանքով այդ պետությունը սկսում է ծրագրված ու հետևողական բոլոր առումներով տարեց տարի հեռանալ և աստիճանաբար թշնամանալ իր բազմադարյա հարազատ ժողովրդի և գերհզոր երկրի հետ։
 
Ընդ որում այդ ողջ գործընթացն իրականացվում է.
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝
 
Ռուսաստանի Դաշնության, նրա դաշնակիցների, կամ ազդեցության տակ գտնվող երկրների և միությունների անմիջական քաղաքական, ֆինանսական ու խորհրդատվական աջակցությամբ։
 
Ավելին՝ ամեն ինչ այնքան է խորանում, ընդլայնվում ու զարգանում, որ Կանադան որոշում է դուրս գալ ԱՄՆ-ի, և նրա հետ կապված բոլոր քաղաքական, տնտեսական միություններից ու համագործակցության ոլորտներից, այդ թվում՝ ՆԱՏՕ-ից, USMCA-ից (նախկին NAFTA-ից, որը 2020 թ. հուլիսի 1-ից դարձել է US-Mexico-Canada Agreement (USMCA))։
 
Որպես եզրափակում՝ պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին, խնդրելով ներառել իր կազմում, ու տեղադրել ՀԱՊԿ-ի (ըստ էության Ռուսաստանի) ռազմական բազաներն իր տարածքում, նաև՝ հավակնում է դառնալ միջուկային տերություն։ Բացի այդ, անդամակցության համար դիմում է ԱՊՀ-ին, նաև՝ ԵԱՏՄ-ին՝ անդամակցելու մաքսային միությանը։ Ռուսաստանն ու դաշնակիցները.
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

անդամակցությունը մերժում են, սակայն սկսում են զենք մատակարարել և վարժեցնել Կանադայի զինված ուժերին։
 
Այդ ընթացքում.
 
1.«Նյուֆաունդլենդ և Լաբրադոր» պրովինցիան դուրս է գալիս Կանադայի կազմից և մտնում է ԱՄՆ-ի կազմի մեջ, որպես առանձին նահանգ։
 
2. «Քվեբեկ» և «Օնտարիո» նահանգները դիմում են, որպեսզի ստանան որոշակի տնտեսական ու լեզվական ինքնուրույնություն, իսկ Կանադայի կենտրոնական իշխանությունները ոչ միայն չեն բանակցում, որպեսզի հարցին լուծում տան, այլ փորձում են ուժային մեթոդներով (այդ թվում՝ ռազմական ) ճնշել «Քվեբեկ» և «Օնտարիո» նահանգների բնակչությանն ու ենթարկել բռնաճնշումների, այդ թվում՝ ճնշելով, կամ վերացնելով բոլոր նրանց, ովքեր դիմադրում են։ ԱՄՆ-ը աջակցում է չճանաչված նահանգներին։
 
3. Կանադայում ծաղկում է կուռուպցիան, օլիգարխիկ համակարգն իր ձեռքում է պահում երկրի ողջ պետական ապարատը, ձևավորվում և ակտիվանում են ծայրահեղ ազգայնական, նույնիսկ բացահայտ ֆաշիստական միավորները։
 
Նշված նահանգներն իրենց հայտարարում են անկախ պետություններ, և կոչ են անում ճանաչել իրենց անկախությունը։ Սկսվում են գործընթացներ, միջամտում են հարևան երկրները, հարցը միջազգայնացվում է, կնքվում է բազմակողմ համաձայնագիր, սակայն այն չի կատարվում, և իրադրությունը չի փոփոխվում։
 
Այնուհետև՝ Ռուսաստանի և դաշնակիցների աջակցությամբ տեղի է ունենում հեղաշրջում, և Կանադայում իշխանության է գալիս մասնագիտությամբ մի հումորային դերասան, ով բոլորին խոստանում է լուծել բոլոր խնդիրները։
 
ԱՄՆ-ը չի ճանաչում այդ իշխանությունը, և սկսում է բացահայտ օգնել և աջակցել «ապստամբ» նահանգների տարածքում ստեղծված ինքնահռչակ նորաստեղծ հանրապետությունների բնակչությանն ու չճանաչված իշխանություններին։
 
Որպեսզի պատկերն ամբողջական դառնա, ենթադրենք, որ Ռուսաստանն իր ռազմական բազաները մինչ այդ արդեն տեղադրել էր Վենեսուելայում, Բրազիլիայում, Պանամայում, Կուբայում, Կոլումբիայում, Մեքսիկայում, Արգենտինայում, Չիլիում և Ուրուգվայում։
 
ԱՄՆ-ը, ելնելով իրավիճակից դիմում է Ռուսաստանին ու դաշնակիցներին, որպեսզի իր անվտանգությունը երաշխավորող գրավոր փաստաթուղթ ստորագրվի, առաջադրում է պայմաններ, բայց Ռուսաստանն ու դաշնակիցները կտրուկ մերժում են, իսկ բանակցությունները ոչ մի արդյունք չեն գրանցում։ Հակառակը՝ ուժեղացնում են իրենց գործող ռազմաբազաները, և սկսում են առավել ակտիվորեն զինել Կանադային։ Ավելին՝ սպառնում են ավելացնել ու խստացնել ԱՄՆ-ի նկատմամբ պատժամիջոցները բոլոր ուղղություններով։
 
Այս ամենը հաշվի առնելով, հարց.
 
հիպոթետիկ` եթե այսպիսի իրադրություն լիներ, տվյալ պայմաններում ի՞նչ գործողությունների կդիմեր ԱՄՆ-ը։
 
Ինքնուրույն պատասխանենք այս հարցին, և հուսով եմ՝ շատ բան պարզ կդառնա:
 
Կարեն Ճշմարիտյան
 
ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար