կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-29 11:53
Քաղաքական

Եթե հեշտ լիներ, մինչև հիմա արած կլինեինք. Սերժ Սարգսյանը՝ Կարեն Կարապետյանին

Եթե հեշտ լիներ, մինչև հիմա արած կլինեինք. Սերժ Սարգսյանը՝ Կարեն Կարապետյանին

Այսօր կառավարության նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ` խոսելով կառավարության ծրագրի իրականացման մասին:

Անդրադառնալով արտաքին քաղաքական խնդիրներին` նա նշեց, որ պետք է ջանքեր գործադրվեն արտաքին քաղաքական բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ, սակայն չպետք է պատրանքներ ունենալ` ելնելով այն կանխադրույթից, որ մեր անբարյացակամ հարևանների հետ հարաբերություններում որևէ դրական փոփոխություն այժմ տեղի չի ունենում:

«Հարգելի' գործընկերներ, վերջին տարիներին ավելի հաճախ է հնչում չինացիներին վերագրվող ասացվածքը, ըստ որի` անեծք է որևէ մեկին մաղթել ապրել փոփոխությունների ժամանակաշրջանում: Կարծում եմ` նման ժամանակներում ապրելն իսկապես դժվար է, բայց` պատվախնդիր: Ուստի ակնկալում եմ, որ դուք պատվախնդրությամբ կլուծեք մեր ծրագրերի իրականացումն ու բոլորիս առջև ծառացած խնդիրները: Հավատում եմ, որ կառավարությունը, վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, կարող է դա անել: Անհրաժեշտ են կարծրատիպերից դուրս ստեղծագործական մոտեցումներ: Մեր ժողովուրդը հենց ձեզ է վստահել դրանք գտնելու և իրագործելու պատմական առաքելությունը: Ուրեմն շարունակենք եռանդով աշխատել: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նա դիմեց գործադիրի անդամներին` կա՞ն հարցեր: Հարցեր, ուղղված նախագահին, չկային:

Վարչապետ Կարեն Կարապետյանը արձագանքեց` ասելով, որ շատ շնորհակալ է նախագահի այցի և խոսքերի համար: «Ուզում ենք Ձեզ հավաստիացնել, որ այն ծրագիրը, որը ձևավորել է մեր թիմը, իրագործվելու է: Մենք շատ լավ հասկանում ենք, թե հասարակությունը մեզանից ինչ սպասումներ ունի, մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու, բայց մենք վճռականորեն ենք տրամադրված և այդ ծրագիրն իրագործելու ենք»,- ասաց վարչապետը:

Նախագահ Սարգսյանը հավելեց. «Պարո'ն վարչապետ, եթե հեշտ լիներ, մինչև հիմա ամբողջն արած-պրծած կլինեինք, բոլորս դա գիտակցում ենք»: