կարևոր
4264 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-08 15:54
Քաղաքական

Իրանի քաղաքական ռազմավարության կարմիր գծերն անփոփոխ են՝ եթե նույնիսկ նոր նախագահը թուրք լիներ. Կարեն Խանլարյան

«Իրանի արտաքին քաղաքական անատոմիան բոլորիս պարզ է, հիմնական ռազմավարությունը  և այդ ռազմավարությունից բխած քաղաքականությունը ճշտվում են կարմիր գծերով՝ երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի միջոցով։ Ավանդաբար նախագահն ու արտգործնախարարը տնօրինում և իրականացնում են այդ ռազմավարությունը, և այդ իմաստով հիմնական փոփոխություններ չեմ կարծում, որ տեղի կունենան։ Մարտավարական  մակարդակում, միգուցե, որոշ փոփոխությունների ականատես լինենք, արտաքին քաղաքական ռազմավարական ուղղությամբ որևէ փոփոխություն չի կարելի սպասել»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.), տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու, ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի նախկին խմբագիր Կարեն Խանլարյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ Իրանի նոր նախագահի պաշտոնավարման օրոք կառավարման համակարգում ի՞նչ  փոփոխություններ են հնարավոր։

Մեր դիտարկմանը, որ Էրդողանը հայտարարել է՝ «Մասուդ Փեզեշքիանն իրականում թուրք է», և հարցին, թե՝ Իրան-Հայաստան փոխհարաբերության վրա ինչպե՞ս  կանդրադառնա Իրանի նոր նախախգահի, այսպես ասած, արմատներով թուրք լինելը, Կարեն Խանլարյանը նշեց․

«Պատմական խեղաթյուրում է դա․ Իրանում չկան թուրքեր, կամ շատ քիչ, աննշան թվով թուրքեր կան, Իրանում կան ատրպատականցիներ, այսինքն՝ Ատրպատականի պատմական երկրամասից, Իրանի հյուսիս-արևմտյան մասերից սերված ժողովրդի մասին է խոսքը, որոնք պատմական համապատասխան ժամանակաշրջանում՝ 16-րդ, 17-րդ դարերում  թուրքախոս են դարձել, այսինքն՝ երբ Ատրպատականը գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության ներքո արգելվել էր պարսկերեն խոսելը, ով խոսում էր պարսկերեն, լեզուն կտրում էին, սա հրաման էր սուլթանի կողմից և այդ պատճառով այդ երկրամասի ժողվուրդն աստիճանաբար դարձավ թուրքախոս, բայց՝ չդարձավ թուրք, նրանք թուրք չեն և թուրքական ծագում չունեն։ Այնպես որ, Էրդողանի հայտարարությունը պատմական իրողության հետ աղերս չունի»,- ասաց Կարեն Խանլարյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Իրանի նոր նախագահ Փեզեշքիանն ինքնահաստատման նպատակով էլ կփորձի զարկ տալ Հայաստան-Իրան փոխհարաբերությանը, որպեսզի ապացուցի, որ ինքը չի շարժվում թուրքիզմի կամ պանթուրքիզմի մղումներով, ինչպես՝ Էրդողանն ու մյուսներն են հայտարարում․ «Փեզեշքիանը կփորփձի ինքնահաստատման հարցով նորարարություններ բերել  Իրան-Հայաստան փոխյահարաբերության մեջ, որն ինքնին լավ է, և դրան զուգահեռ, բնականաբար, կողջունի Հայաստանի Հանրապետության որոշ նախաձեռնություներ՝ «Խաղաղության խաչմերուկ» և այլն»,-ասաց Կարեն Խանլարյանը։

Ինչ վերաբերվում է «Սյունիքի միջանցքի» թեմային, Իրանի խորհրդարանի նախկին պատգամավորը վստահեցրեց, որ այդ հարցում Իրանի դիրքորոշումը հստակ է, կարմիր գծեր ասվածն անփոփոխ է, նույնիսկ, նոր նախագահի պաշտոնավարման օրոք։ Ըստ մեր զրուցակցի՝ փոփոխություն հնարավոր է նախագահի խոսույթում՝ «միջանցք» բառը «տրանսպորտային հաղորդակցության» փոխարինելու առումով։

Զրույցի մանրամասները՝  տեսանյութում։