կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-04 12:03
Աշխարհ

Մակրոնը հայտարարել է երկրորդ ժամկետով նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին

Մակրոնը հայտարարել է երկրորդ ժամկետով նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիացիներին ուղղված բաց նամակով պաշտոնապես հայտարարել է ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։

«Ես խնդրում եմ ձեր վստահությունը հանրապետության նախագահի նոր մանդատի համար: Ես թեկնածու եմ, որպեսզի ձեզ հետ դարի մարտահրավերներին դիմակայելու համար հատուկ ֆրանսիական և եվրոպական արձագանք մշակենք»,- ասվում է Մակրոնի նամակում՝ ուղղված ֆրանսիացիներին:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին, երկրորդը՝ ապրիլի 24-ին։ Մինչև մարտի 4-ը թեկնածուները պետք է երկրի Սահմանադրական խորհրդին տրամադրեն իրենց աջակցող՝ ընտրված պաշտոնյաների առնվազն 500 ստորագրություն: Մարտի 7-ին Սահմանադրական խորհուրդը կհաստատի ընտրությունների թեկնածուների վերջնական ցուցակը։

Նախկինում նախագահական ընտրություններում առաջադրվելու ցանկություն էին հայտնել մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, աջ կենտրոնամետ Հանրապետական կուսակցության թեկնածու Վալերի Պեկրեսը և ծայրահեղ աջակողմյան դիրքորոշմամբ Էրիկ Զեմուրը, որը հիմնել է «Վերանվաճում» կուսակցությունը, ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Ժան-Լյուկ Մելանշոնը, «Եվրոպա - Էկոլոգիա - Կանաչներ» կուսակցության անդամ Յանիկ Ժադոն, Կոմունիստական կուսակցության ազգային քարտուղար Ֆաբիեն Ռուսելը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ Սոցիալիստական կուսակցությունից: