Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր, ըստ պաշտոնական լուրերի, Ադրբեջանի նախագահ Ալիևը ՌԴ նախագահ Պուտինի հրավերով ժամանելու է Մոսկվա, ուր, ըստ ռուսական լրատվամիջոցների, կնքվելու են երկու երկրների միջև ռազմավարական նոր պայմանագրեր։
Հետաքրքիր է, որ այս այցը համընկավ ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման ժամանակաշրջանի հետ, երբ արևմտյան երկրները, իրար հերթ չտալով, զայրացած հայտարարություններ են անում և սպառնալիքներ հնչեցնում Ռուսաստանի հասցեին։ Հետաքրքիր է նաև, որ օրեր առաջ Ալիևը պաշտոնական հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Ուկրաինայի նախագահի, իսկ տառացիորեն երեկ երկրորդ հանդիպումն ունեցավ ԵՄ Կովկասում գլխավոր հանձնակատարի հետ։
Արդյո՞ք պատահականություններ էին այս հանդիպումները ռուս-ուկրաինական հարաբերությունների թեժացման ֆոնին․ իհարկե՝ ոչ։ Արևմուտքն անհանգիստ է էներգակիրների հարցով և ծրագրում է, ի պատասխան իր պատժամիջոցների, Ռուսաստանից կիրառվող պատասխան պատժամիջոցների դեպքում (էներգակիրների մատակարարման դադարեցում Եվրոպա) ստանալ Ալիևից հավաստիացումներ, որպես այլընտրանք, ադրբեջանական էներգակիրներով մատակարարման վերաբերյալ։
Նորից, ըստ լուրերի, Ադրբեջանը սկզբունքային համաձայնություն տվել է Արևմուտքի այս շահավետ առաջարկին։ Եվ այդ առումով շատ վճռորոշ է այսօրվա Պուտին-Ալիև հանդիպումը․ վերջինս կանգնելու է կամ-կամի առաջ՝ հրաժարվե՞լ Արևմուտքին տված խոստումներից, թե՞ տեր կանգնել իր խոստմանը և վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Այժմ արդեն հստակ է, որ մանևրելու տեղ այլևս չկա։ Հստակ ձևավորվել է աշխարհաքաղաքական երկու բևեռ՝ արևմտյան և արևելյան (Ռուսաստան, Չինաստան), և արանքում այլևս «խաղեր տալու» տարածություն գոյություն չունի, որը վերաբերում է նաև Հայաստանին։
Այդ ընտրանքը հետագայում ազդելու է բոլոր աշխարհաքաղաքական խնդիրների զարգացումների վրա, այդ թվում՝ Արցախի խնդրի։
Այնպես որ` անցած գիշեր, կարծում եմ, Ալիևի քունը չի տարել։ Ինչ վերաբերում է մեզ և մեր իշխանություններին, ապա այս ընթացքում մեր խորհրդարանն իր մեծամասնությամբ հրաժարվեց դատապարտել «Շուշիի հռչակագիրը», որն իր ուղղությամբ նաև հակառուսական է, հենց հիմա Երևանում անցկացվում է Արևելյան գերծընկերության երկրների (Ուկրաինա, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Հայաստան) ժողովը, ուր օրակարգ է մտել Ռուսաստանին դատապարտող բանաձև, իսկ մեր երկրի ղեկավարությունը զբաղված է՝ ադրբեջանցի պատգամավորներին ընդունելով և նրանց հետ «ուտել-խմելով»։
Հետևությունները թողնում եմ ընթերցողին։
Հրայր Կարապետյան