կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-22 00:05
Աշխարհ

Մակրոնն ԱԽ նիստեր կանցկացնի Ուկրաինայի եւ ՌԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Մակրոնն ԱԽ նիստեր կանցկացնի Ուկրաինայի եւ ՌԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի երեկոյան երկրի Անվտանգության խորհրդի նիստեր կանցկացնի՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության հետ կապված զարգացումները քննարկելու համար, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը։

Ավելի մանրամասն տվյալներ հեռուստաալիքը չի հաղորդում։

Այսօր ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

«Պուտինը տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստի արդյունքների մասին, որի ժամանակ դիտարկվել է Դոնբասի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Դոնեցկի եը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման վերաբերյալ Պետդումայի որոշման համատեքստում։ Հենց այսօր ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարությունից դրանց ինքնիշխանությունը ճանաչելու դիմումներ ստացվեցին՝ ուկրաինական իշխանությունների ռազմական ագրեսիայի, Դոնբասի տարածքի զանգվածային գնդակոծման կապակցությամբ, որի արդյունքում տուժում է խաղաղ բնակչությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հաշվի առնելով այս ամենը՝ Ռուսաստանի նախագահն ասել է, որ մտադիր է մոտ ապագայում համապատասխան հրամանագիր ստորագրել»,- հայտնում են մամուլի ծառայությունից։

Ֆրանսիայի նախագահը եւ Գերմանիայի դաշնային կանցլերն «իրենց հիասթափությունն են հայտնել այս իրադարձությունների կապակցությամբ։ Միաժամանակ նրանք հայտնել են շփումները շարունակելու պատրաստակամության մասին», ասվում է հաղորդագրության մեջ։