Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-04-04 14:15
Քաղաքական

Շփման գծում ստեղծված իրավիճակի կապակցությամբ այսօր որոշակի արձագանք կլինի Վիեննայից

Շփման գծում ստեղծված իրավիճակի կապակցությամբ այսօր որոշակի արձագանք կլինի Վիեննայից

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ սահմանին տիրող իրավիճակը մեր հսկողության տակ է:

«Ագրեսիայի հետ կապված` պետք է ասեմ, որ մենք սպասում ենք միջազգային հանրության արձագանքին և կոչ ենք արել ոչ միայն Մինսկի խմբի համանախագահներին, այլ նաև միջազգային հանրությանը, որ իրական գնահատական տրվի ահաբեկիչներին, հակառակ դեպքում` մեր բանակը մարտունակ է և պատրաստ ցանկացած պատասխան տալու: Համոզված եմ, որ թշնամին կկրի անդառնալի կորուստներ»,- ասաց Բաղդասարյանը և հավելեց, որ այն ստահոդ ինֆորմացիան, որ ադրբեջանական կողմը տարածում է, բնականաբար, իրականությանը չի համապատասխանում` ճիշտ հակառակ պատկերն է:

«Իրենց սոցիալական և տնտեսական ծանր վիճակից հանրության ուշադրությունը շեղելու համար զինվորների արյան գնով նման բան են անում. մի թիզ հողը փոխում են հարյուրավոր զինվորների արյան հետ և այդ մոլոցքով են տառապում, որպեսզի սեփական հանրությանն ինչ-որ բան ներկայացնեն»,- ասաց պատգամավորը:

Yerkir.am-ի դիտարկմանը, թե ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը հանդես է եկել ոչ հայանպաստ հայտարարությամբ և բոլորովին էլ Ադրբեջանին չի համարում մեղավոր, Բաղդասարյանը պատասխանեց. «Բնականաբար, մենք գոհ չենք այդ հայտարարություններից և բոլորին ասում ենք, որ հավասարության նշանը պետք է հանվի և մատնացույց արվի` ով է իսկական ագրեսորը, ահաբեկիչը: Այսօր Վիեննայում պետք է ավարտվի Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, և այդ շրջանակներում որոշակի արձագանքներ կլինեն»: