կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-11 14:04
Քաղաքական

Վանաձորում ստեղծված իրավիճակի կապակցությամբ դիմում են կառավարությանը. փաստաթուղթը պատրաստ է

Վանաձորում ստեղծված իրավիճակի կապակցությամբ դիմում են կառավարությանը. փաստաթուղթը պատրաստ է

ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ղեկավարության կողմից ստորագրվել է Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կառավարությանն ուղղված առաջարկը: Փաստաթուղթը կրում է ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական բնույթ և հիմնավորումներ: 

Իրավական մասով հիմնավորվում է, որ խախտվում են տեղական ինքնակառավարման վերաբերյալ սահմանադրական նորմերը՝ մասնավորապես Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման իրավունքն ու հնարավորությունը, ինչպես նաև ավագանու աշնանային նստաշրջանը չկայանալու արդյունքում կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով լիազորված է վաղաժամկետ դադարեցնելու համայնքի ավագանու լիազորություններն ու միաժամանակ նշանակել նոր ընտրություն: 

Ինչ վերաբերում է քաղաքական մասին, ապա այստեղ կարևոր է, որ ստեղծված իրավիճակն առաջացել է ոչ թե որևէ ժամանակավոր խնդրի պատճառով, որի չլուծված լինելը խոչընդոտել է նիստերի գումարմանը, այլ այն պայմանավորված է քաղաքական հայացքների և սկզբունքների խորը տարբերությամբ, որն ակնհայտ է, որ չի կարող շտկվել նաև առաջիկա 3 ամիսների ընթացքում։
Այսպիսով՝ կառավարությանն առաջարկվում է վաղաժամկետ դադարեցնել Վանաձոր քաղաքի գործող ավագանու լիազորությունները և նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ»:

Հիշեցնենք, որ Yerkir.am-ի հետ զրույցում Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր տեսակետն էր հայտնել երեք ուժերի նախաձեռնած պահանջի վերաբերյալ` ասելով. «Ի՞նչ տարբերություն՝ ում են գրություն ուղղում: Գրությունը պետք է իրավական հիմքեր ունենա և փաստարկված լինի: Նույն հաջողությամբ կարող են ցանկացած տեղ դիմել: Փոխանակ ավագանու նիստերին գան, իրենց քաղաքի խնդիրներով զբաղվեն, որևէ օգտակար գործ անեն, դիմումներ են գրում էստեղ-էնտեղ, մանավանդ՝  փայլուն գիտեն, որ այդ դիմումներն անպտուղ են և որևէ  իրավական, օրենսդրական հիմնավորում չունեն»: