կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-21 15:59
Քաղաքական

Պուտին-Մակրոն նոր նախաձեռնությունը համաձայնություն է՝ Եվրոպայում պետք է փոխվեն խաղի կանոնները. Մենուա Սողոմոնյան

Պուտին-Մակրոն նոր նախաձեռնությունը համաձայնություն է՝ Եվրոպայում պետք է փոխվեն խաղի կանոնները. Մենուա Սողոմոնյան

Ռուսաստան-Արևմուտք լարվածությունը ժամ առ ժամ մեծանում է: ԱՄՆ նախագահ Ջ. Բայդենը հայտարարում է, թե պատերազմը գրեթե անխուսափելի է, իսկ Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները որոշում են շտապ Ռուսաստան տարհանել խաղաղ բնակիչներին: Ռուսաստանում էլ տեղի է ունենում պահեստազորի մասնակի զորակոչ: Ամբողջ աշխարհին հուզում է մեկ հարց՝ կլինի՞  լայնածավալ պատերազմ, թե՞  կողմերը կգտնեն փոխզիջման տարբերակներ: Yerkir.am-ի հետ զրույցում միջազգայնագետ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանն ասաց, որ Արևմուտք ասվածը միատարր չէ, Արևմուտքը ԵՄ+ՆԱՏՕ չէ:

«Այսօր ԵՄ-ի առանցքային դերակատարներն էներգետիկ կախման մեջ են Ռուսաստանից. Արևմտյան Եվրոպայի շատ երկրներ ռուսական գազից են օգտվում և միակողմանիորեն կախված են այդ գազից: Եվրոպա մտնող երեք գլխավոր մագիստրալներից (մեկը՝ Բալթիկ ծովով, մյուսը՝ Ուկրաինայի տարածքով, երրորդը՝ Բելառուսի տարածքով) ամենամեծն  Ուկրաինայի տարածքով անցնողն է: Սրանից սնվում են Սլովակիան, Չեխիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բալկանյան երկրները: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Արևմուտքի մի մասը, մասնավորապես՝ մայրցամաքային Եվրոպան, Եվրամիության լիդերները՝ Ֆրանսիան և Գերմանիան, խնդիրը կարգավորելու տեսանկյունից բավականին կառուցողական են: Նշեմ՝ այս կոնֆլիկտն ավելի քան քսան տարվա պատմություն ունի. 2000-ականների սկզբներից Ռուսաստանը հայտարարեց՝ դեմ է միաբևեռ աշխարհակարգին՝ հաշվի առնելով, որ իր սահմաններին մոտ գտնվող երկրներում տեղի ունեցան գունավոր հեղափոխություններ: Մի կողմից Ռուսաստանը վիճարկում է ԱՄՆ-ի գլոբալ հեգեմոնությունը, մյուս կողմից՝ գլոբալ աշխարհաքաղաքական հակամարտություն է սա: ԱՄՆ-ը ցանկանում է պահպանել իր գլոբալ հեգեմոնությունը, այլ կերպ ասած՝ թույլ չտալ, որպեսզի Եվրասիայում ակնհայտ իր հեգեմոնությունը վիճարկող տերություններ հանդես գան։ Այսօր այդ տերությունները Ռուսաստանը և Չինաստանն են: Ի տարբերություն Ռուսաստանի, Չինաստանը ԱՄՆ-ի հեգեմոնիան  վիճարկում է ավելի փափուկ գործիքակազմով, իսկ  Ռուսաստանն իր առջև խնդիր է դրել, որ իր տարածքներին հարող պետությունները չդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, այնտեղ ՆԱՏՕ-ի ռազմաբազաներ չտեղակայվեն և այլն»,- ասաց Մենուա Սողոմոնյանը:

Ըստ միջազգայնագետի՝ Ռուսաստանին մոտ պետություններում ամերիկյան գերիշխանություն չպետք է լինի: Սրա դրսևորումներից մեկը տեղի է ունենում Ուկրաինայում: Այս հակամարտության դրսևորումներից մեկն էլ տեղի ունեցավ 2020 թ.։ Սա գլոբալ աշխարհաքաղաքական հակամարտության թատերաբեմերից մեկն էր:

«Գալով Ուկրաինա՝ տեսնում ենք ուկրաինական իշխանությունների և ինքնահռչակ հանրապետությունների զինված ուժերի դիմակայություն: Այս դեպքերը հիշեցնում են 2008-ին Վրաստանում կատարված դեպքերը: Լրատվամիջոցներն արդեն հայտարարեցին Պուտինի և Մակրոնի խոսակցության արդյունքները, որով ֆիքսվում է հետևյալը՝ Մակրոնը և Պուտինը համաձայնության են եկել՝ մի նոր գագաթնաժողով հրավիրել, որտեղ կքննարկվի Եվրոպայում մի նոր աշխարհակարգի, նոր անվտանգային ճարտարապետության կառուցման հեռանկարը: Սա նշանակում է՝ Ֆրանսիան, կարծում եմ՝ նաև Գերմանիան ընդունում են՝ գործող անվտանգային ճարտարապետությունը ինչ-որ փոփոխության պետք է ենթարկվի: Կարծում եմ՝ Ֆրանսիան և Գերմանիան, հաշվի առնելով այն, որ եթե այս կոնֆլիկտը վերածվի լայնամասշտաբ պատերազմի, շատ լուրջ էներգետիկ խնդիրների առջև կհայտնվեն, ԵՄ-ի այս խոշորագույն երկրները համաձայն են, որ Եվրոպայում նոր անվտանգային ճարտարապետություն և խաղի նոր կանոններ  ստեղծվեն: Ի տարբերություն դրան, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը հայտարարեց, որ Ռուսաստանը չի ցանկանում Դոնեցկը և Լուգանսկը, այսպես ասած, գրավել: Մոտավորապես այսպես՝ եթե Ուկրաինայում ՆԱՏՕ-ի առաջխաղացում չլինի, ՆԱՏՕ-ն չընդլայնվի դեպի Արևելք: Այս պահանջները կատարելու դեպքում Ռուսաստանը չի ճանաչի այս երկու ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը, բայց եթե այսպես շարունակվեց, ապա Ռուսաստանը կճանաչի Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը»,- ասաց Մենուա Սողոմոնյանը:

Իսկ կլինի՞ ռազմական էսկալացիա, թե՞ ոչ, ըստ բանախոսի, դա կախված է ուկրաինական իշխանություններից:

«Եթե Ուկրաինայի իշխանությունը փորձի ուժի միջոցով լուծել խնդիրը, ապա, հաշվի առնելով ներկայիս սրացումը, տեղի կունենա այն, ինչ 2008 թ. Վրաստանում էր տեղի ունենում, և եթե Ռուսաստանը փորձի ռազմական ճանապարհով լուծում տալ այս խնդրին, ապա պատերազմական գործողությունները գուցե տեղափոխվեն Ուկրսինսյի կենտրոնական հատվածներ: Հիշենք՝ ԱՄՆ-ից եկող հայտարարությունները, թե Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ն անմիջապես չի պատերազմի: Գերտերությունների բախումը քիչ հավանական է, քանի որ այն կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի, որը նման չի լինի Երկրորդ աշխարհամարտին: Ինձ հուսադրում է այն հանգամանքը, որ Մակրոնը և Պուտինը իրենց հեռախոսազրույցի արդյունքում եկել են համաձայնության, որ  խաղի ինչ-որ կանոններ պետք է փոխվեն: Այստեղ ակնհայտ է կարծիքների բախումը. ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան  ավելի կոշտ են տրամադրված, նրանք ասում են՝ ՆԱՏՕ-ն կընդլայնվի այնքան, որքան դաշնակիցների շահերը կպահանջեն՝ չընդունելով ռուսական նախապայմանները, իսկ ԵՄ-ի առաջատարները, կարծես, ելնելով իրենց էներգետիկ անվտանգության նկատառումներից, ավելի շատ հակված են փոխզիջումային տարբերակներով խնդիրը լուծելուն, որ էսկալացիա տեղի չունենա»,- եզրափակեց Մենուա Սողոմոնյանը:

 

 

                                                                                                       Լենա Կարապետյան