կարևոր
3928 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-28 16:23
Քաղաքական

Հունիսի 12-ը նոր, շրջված մարտի 1 էր. Մենուա Սողոմոնյան

«Հայաքվե» նախաձեռնությունն այսօր հանցանքի մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ Գլխավոր դատախազություն, որը վերաբերում է հունիսի 12-ին ոստիկանության գործողություններին։

«Ես վերահաստատում եմ Բագրատ Սրբազանի խոսքն առ այն, որ հունիսի 12-ն իսկապես նոր մարտի 1 էր կամ շրջված մարտի 1 էր, այն տարբերությամբ, որ 2008 թվականի մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը փորձում էր բռնությամբ հասնել իշխանության, իսկ 2024 թվականի հունիսի 12-ին փորձում էր բռնությամբ պահել իր իշխանությունը։ Երկու դեպքում էլ իշխանության գալու եւ իշխանության պահպանման հարցում Նիկոլ Փաշինյանի հիմնական գործիքը բռնությունն էր։ Պարզապես այս անգամ Նիկոլ Փաշինյանն իր բռնությանը, հակաօրինական գործունեությանը մասնակից է դարձրել պետական համակարգին, ոստիկանությանը, քննչական կոմիտեին՝ ընտրովի արդարադատություն իրականացնելու իմաստով։ Եվ, ցավոք սրտի, մասնակից է դարձնում նաեւ ՀՀ դատախազությանը»,- լրագրողներին ասաց նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նշենք, որն Մենուա Սողոմոնյանի խոսքը իշխանության որոշ ներկայացուցիչներ, այդ թվում Պետրոս Ղազարյանը, Տարոն Չախոյանը փորձել են ներկայացնել աղճատված ձևով, ինչին ի պատասխան Մենուա Սողոմոնյանը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ, ձեր ուշադրությունն եմ հրավիրում այսօր իմ խոսքային վրիպման արդյունքում իշխանության ծառայամիտ որոշ ֆունկցիոներների կողմից հանրային ապատեղեկատվության ու աղմուկին առնչվող որոշ հանգամանքների վրա․

Այսօր «ՀայաՔվե» նախաձեռնության անդամներով ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրել ենք հաղորդում հունիսի 12-ին տեղի ունեցած հավաքի ընթացքում ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ։

Ակցիայի ընթացքում՝ ճեպազրույցի ժամանակ, զուգահեռներ անցկացնելով մարտի 1-ի և հունիսի 12-ի միջև, լրագրողի հարցին ի պատասխան թույլ եմ տվել խոսքային վրիպում, որի համար անմիջապես ներողություն եմ խնդրել։

Կարճ ժամանակ անց Հանրային հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը իր էջին է դրել իմ խոսքի մոնտաժված տեսանյութը, որից դուրս էր մնացել վրիպմանս առնչությամբ ներողություն խնդրելուս հանգամանքը։ Հայտնվեց նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի գրառումն այն շեշտադրմամբ, որ ես, իբր, որպես հրապարակային տեսակետ, ափսոսացել եմ, որ հունիսի 12-ին զոհեր չեն եղել։

Հերթական անգամ ականատես ենք լինում կազմակերպված ձևով ու պետական բարձր մակարդակով կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելու, ապակողմնորոշում հարուցելու դեպքին։ Այո, ժողովրդի հարկերից ամսական միլիոնավոր դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյաները փնթիությամբ ու ցինիզմով փորձում են ապակողմնորոշել ժողովրդին։

Իրականության մեջ երկու միտք խառնել եմ իրար․ մեկը ափսոսանքն է եղել մարտի 1-ի զոհերի համար, մյուսը բարեբախտությունը, որ հունիսի 12-ին զոհեր չեն եղել։

Իսկ ինչ վերաբերում է հունիսի 12-ը մարտի 1-ի հետ համեմատել-չհամեմատելու հանգամանքին, ապա այստեղ հատկանշականը ոչ թե երկու իրադարձությունների տարբեր դրվագների նմանությունն է, այլ այն, որ երկու իրադարձությունն սերտորեն էլ կապված են նույն անձի իշխանատենչության հետ․ մի դեպքում նա բռնությունը օգտագործել է իշխանության հասնելու, մյուս դեպքում՝ իշխանությունը պահելու համար։

Ստորև՝ մեկնաբանության մեջ, դնում եմ ելույթիս ամբողջական տարբերակը, որտեղ վրիպակը և դրան հաջորդած ներողությունս 6։40 րոպեից սկսած կարելի է տեսնել»։