Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1979 թ. Իրանում հեղափոխության հաղթանակից և երկրում իսլամական համակարգի հաստատումից հետո իրապես արմատական փոփոխություն տեղի ունեցավ երկրի արտաքին քաղաքականության ոլորտում։ ԻԻՀ արտաքին քաղաքականության հայեցակարգում հեղափոխության արտահանմանն առաջնային տեղ է հատկացվել, որի շրջանակներում երկրից դուրս իսլամական շարժումներին աջակցելն անհրաժեշտություն էր համարվում: Երբ արդեն հեղափոխական կառույցները ձևավորվել էին, Իմամ Խոմեյնին հեղափոխությունն արտահանելու այն գաղափարախոսությունն առաջ քաշեց, ըստ որի՝ հեղափոխության արտահանումը պետք է տեղի ունենա մշակութային, քարոզչական ուղիներով՝ ներկայացնելով իսլամական արժեքներն ու սկզբունքները և դրանք լուսաբանելով «կեղեքված ու ճնշված» մահմեդականների գիտակցության մակարդակը բարձրացնելու նպատակով, առանց այլ երկրների ներքին գործերին ուղղակի և ֆիզիկական միջամտության:
Հեղափոխության արտահանման գաղափարին հավատարիմ հիմնական ուժը ԻՀՊԿ-ն էր (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս): Դեռևս 1982 թ․ իսլամական հեղափոխության մշակույթն ու արժեքները քարոզելու նպատակով ստեղծվել էր Իսլամական քարոզչության կազմակերպությունը (Sazman-e tabligat-e eslami), որը զբաղվում է տարբեր լեզուներով գրքերի հրատարակմամբ, իսլամական կոնֆերանսների անցկացմամբ։ Միևնույն ժամանակ Իրանը շարունակում է համագործակցել բազմաթիվ երկրների ազատագրական շարժումների և ընդդիմադիր առաջնորդների հետ մշակութայինին և քարոզչականին զուգահեռ օգտագործելով դիվանագիտական և ռազմաքաղաքական այլ մեթոդներ։ Հեղափոխության արտահանման ուղղություններից էր Մերձավոր Արևելքի իսլամական շարժումների և շիա համայնքների հետ աշխատանքը (Պաղեստին, Լիբանան, Իրաք, Եմեն, Բահրեյն, Պակիստան, Աֆղանստան, Ադրբեջան և այլն), մասնավորապես՝ կազմակերպչական և ֆինանսական աջակցությունը, զենքի մատակարարումը։
Իրաքում Սադամ Հուսեյնի վարչակարգի փլուզումից և շիա ժողովրդական աշխարհազորայինների ակտիվացումից հետո Իրանում հայտարարվեց, այսպես կոչված, «Դիմադրության առանցքի» գաղափարախոսության ձևավորման մասին։
«Դիմադրության առանցքի» անդամ խմբերն են Լիբանանի «Հեզբոլլահը», Եմենի «Անսարուլլահը», Աֆղանստանի «Լաշգար-է Ֆաթեմյաններ» զորամիավորումը, Ադրբեջանի «Հուսեյնիյյուն» «Հուսեյնականներ» զորամիավորումը, Պակիստանի «Լաշգար-է-Զեյնաբյունը» («Զեյնաբականների բանակը»), Իրաքի «Հաշդ ալ-Շաաբին», Սիրիայի ազգային պաշտպանության ուժերը, Պաղեստինի «Համասը» և Իրանի «Բասիջը» («Իրանի ընչազուրկ ժողովրդի համախմբման կազմակերպություն»):
Այսպիսով՝ Իրանն Ադրբեջանը ևս դիտարկում էր որպես շիայական աշխարհի անքակտելի օղակ և իսլամական հեղափոխության արտահանման առաջնային երկիր: Այս համատեքստում փորձենք առավել մանրամասն խոսել Ադրբեջանում գործող շիայական կառույցների ու կազմակերպությունների բնույթի և գործառույթների մասին: Չնայած ԱՀ բնակչության մոտ 65 տոկոսը կազմում են շիաները, այնուամենայնիվ, ԱՀ-ում իսլամի շիայական ուղղության՝ քաղաքական դաշտ բերելու փորձերը հիմնականում կապված են Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցության հետ, քանի որ վերջինս Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և այդ երկրից եկող սպառնալիքները չեզոքացնելու նպատակով որպես ազդեցիկ լծակ ընտրեց կրոնական գործոնը: 1990-ականներից ի վեր ԱՀ իշխանությունների վարած կոշտ և հակաժողովրդավարական քաղաքականության պատճառով հասարակության շրջանում կրոնի դերի բարձրացման հետևանքով երկրի քաղաքական կյանքում առաջացած վակուումը շատ արագ սկսել էին լցնել իսլամի շիայական ուղղության տարբեր հոսանքները և դրանց գաղափարական հետևորդ գործիչները: Իսկ իսլամական կառույցների գործունեությունը, որն ավելի ակտիվացավ հատկապես 2006 թվականից ի վեր, սկսել էր ավելի լայն արձագանք ստանալ ինչպես սոցիալապես անապահով, այնպես էլ իսլամի մեջ գաղափարական, քաղաքական ու հոգևոր նեցուկ տեսնող շրջանակներում: Իրանը ԱՀ-ում իր կրոնական քաղաքականությունը տարածելու համար հատկապես մեծ ուշադրություն է դարձրել երկրի հարավային շրջաններին, որոնք հիմնականում բնակեցված են թալիշներով: Ադրբեջանի շիայական գաղափարախոսության և դիմադրության հաջորդ կարևոր օջախները գտնվում են Ափշերոնյան թերակղզում, հատկապես Նարդարան ավանում, իսկ երկրի հյուսիսում կարևոր և նշանակալի կենտրոն է Գանձակը (Գյանջա):
Շիայական կազմակերպությունները Ադրբեջանում
Իրանն իր կրոնական քաղաքականությունը իրականացնում է «փափուկ ուժի» կիրառմամբ, այն է՝ իսլամական քարոզիչների, բարեգործական կազմակերպությունների, Իրանի մշակութային կենտրոնի, կրթական հաստատությունների՝ «մեդրեսեների», շիայական կրոնական գրականության, լրատվամիջոցների միջոցով երկիր ներթափանցող իրանական իսլամական հոսանքների օգնությամբ։ ԱՀ-ում գործում են հետևյալ շիայական կազմակերպությունները և կառույցները, որոնք, ենթարկվելով Բաքվի կենտրոնական իշխանությունների բռնաճնշումներին, շատ հաճախ գործում են ընդհատակյա կամ կիսալեգալ կարգավիճակով՝ վայելելով Իրանի աջակցությունը, չնայած այդ մասին պաշտոնական Թեհրանից որևէ հայտարարություն չի հնչում․
«Խոմեյնիչիլեր թեշքիլաթը» («Խոմեյնականների կազմակերպություն»)։ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության տվյալներով՝ շիայական կարևոր կենտրոն Նարդարան գյուղում դեռևս ԽՍՀՄ շրջանում՝ 1980-ական թթ․ սկզբին, իրանական հեղափոխության ազդեցությամբ ստեղծվեց շիայական քաղաքական ընդհատակյա առաջին կազմակերպությունը՝ «Խոմեյնիչիլեր թեշքիլաթը»։
Ադրբեջանի իսլամական կուսակցությունը։ Սա թերևս ԱՀ-ում գործող շիայական խիստ կազմակերպված ամենախոշոր ուժն է:
Անկախացման առաջին տարիներին ձևավորված կրոնական այս կառույցը քաղաքական դաշտում մինչև օրս շարունակում է որոշ դերակատարություն ունենալ: ԱԻԿ-ի պատմությունը պաշտոնապես սկսվում է 1991 թ. սեպտեմբերի 2-ից, երբ տեղի ունեցավ կուսակցության հիմնադիր կոնֆերանսը: Այն ստեղծվել է 1991 թ. Նարդարանում, որի ակունքներում կանգնած էին «Ադրբեջանի ժողովրդական ճակատի» կազմից դուրս եկած մի խումբ գործիչներ` Ալիաքրամ Ալիևի գլխավորությամբ:
Կուսակցության գաղափարախոսության հիմքում այն համոզմունքն է, որ պետությունը չի կարող դուրս գալ ճգնաժամից այնքան ժամանակ, քանի դեռ նրա ղեկավարները չեն դիմել իսլամական արժեքներին և պետական կազմավորման իսլամական նորմերին: Սկզբնական շրջանում ԱԻԿ-ի գլխավոր նպատակն Իրանի Իսլամական Հանրապետության օրինակով երկրում շիայական կառավարության ձևավորումն էր, սակայն, պետական ապարատի ճնշումներով պայմանավորված, 2011 թ. կուսակցության ղեկավար Մովսում Սամեդովի ձերբակալությունից հետո կուսակցությունը վարում է առավել մեղմ քաղաքականություն՝ չհրաժարվելով իր սկզբունքներից:
Ջումա մզկիթը։ Այն 2000 թվականից ղեկավարում է Թեհրանում կրթություն ստացած իմամ Իլգար Իբրահիմօղլուն: Ջումա համայնքը հրաժարվել է իսլամական պաշտոնական կառույցների վերահսկողությունից և միշտ հանդես է եկել Ադրբեջանի կառավարության, մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի բացահայտ քննադատությամբ: Ջումա համայնքը մեղադրվում է Իրանի հետ ամուր կապեր ունենալու և նաև արմատական լինելու մեջ: Մզկիթը ուրբաթօրյա աղոթքների ժամանակ իր շուրջն է հավաքում շատ ավելի մեծ թվով հավատացյալների, քան Կովկասի մուսուլմանական վարչության վերահսկողության տակ գտնվող «պաշտոնական» մզկիթները:
«Իմամ Խոմեյնի Իմդադ» կոմիտեն (Իմամ Խոմեյնիի անվան օգնության կոմիտե)։ Այն ակտիվ գործունեություն էր ծավալում հատկապես փախստականների շրջանում: Այս կառույցի գործունեության մեջ առավելապես շեշտադրված էր բարեգործական ուղղությունը, սակայն, բացի նյութական օգնությունից, այն ստանձնեց շիայական գաղափարների տարածումը:
«Ֆյազիլյաթ» («Առաքինություն») կուսակցությունը։ 2005 թ․ հունիսի 20-ին ԱԻԿ-ի նախկին անդամները անցկացրին իրենց համագումարը և հայտարարեցին կուսակցության ստեղծման մասին՝ Հաջի Գյունդուզ Հաջիևի նախագահությամբ։ Կուսակցությունը ստեղծվեց ԱԻԿ-ի պառակտման հետևանքով: Այն ունի մոտ 2000 անդամ:
«Հեզբոլլահը» («Ալլահի կուսակցություն»)։ Մինչև 2000 թվականը «Հեզբոլլահի» Բաքվի մասնաճյուղի ղեկավարն էր Տարիել Ռամազանովը: Այն մի քանի տասնյակ մարդկանցից կազմված խումբ էր։ Այնուհետև «Հեզբոլլահը» իր գործունեությունը ծավալել է հարավում՝ Լենքորանում և հարակից գյուղերում: Այն Ադրբեջանում գործել է գաղտնի պայմաններում: 2009 թ. Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալում են Ադրբեջանի «Հեզբոլլահի» անդամներին՝ ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով: «Հեզբոլլահի» անդամները 2008 թ. կուսակցության ղեկավար Իմադ Մուղնիի սպանության մեջ մեղադրել են Իսրայելին և հայտարարել պատասխան գործողությունների մասին: Մեղադրվող կողմի տվյալներով՝ այս փուլում տեղեկություններ են հավաքվել երկրի ռազմավարական օբյեկտների և Բաքվում Իսրայելի դեսպանատան վերաբերյալ։
«Իմամի» («Իմամներ») կրոնական կազմակերպությունը։
Այն հիմնել են այաթոլլահ Խամենեիի հետևորդները։ Այս կազմակերպության առաջնորդներից Ավազագա Էմանուլլաևը, խոսելով կազմակերպության նպատակների մասին, ասել է․ «․․․․ գլխավոր խնդիրը Յարդըմլիում և Լերիկում իսլամական հասարակություն ստեղծելն է»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՀ հարավային շրջանների մի շարք գյուղերում ևս դպրոցականների շրջանում ձևավորվել է «Գանջ Իմամիլյար» («Երիտասարդ իմամներ») կազմակերպությունը։ 2001 թ․ մարտի վերջից կազմակերպության անդամներն անցան ընդհատակյա գործունեության։
«Զեյնաբիլյար» («Զեյնաբի կողմնակիցներ»․ Զեյնաբը Մուհամմեդ մարգարեի ավագ դուստրն էր) միությունը: Այն գործում էր Իրանի հետ սահմանամերձ շրջաններում, որի ղեկավարը Իրանի քաղաքացի է:
«Ահլ-է Բեյթ» («Մարգարեի ընտանիք») կառույցը։ Կենտրոնակայանը գտնվում է Թեհրանում։ Կազմակերպության գլխավոր նպատակն է խթանել իսլամի շիայական ուղղության տարածումն ամբողջ աշխարհում և համապատասխան կոնֆերանսների ու սեմինարների անցկացումը, շիայական կրոնական գրականության տրամադրումը դպրոցներին, ինչպես նաև Ադրբեջանում իրանամետ կառույցների գործունեության համակարգումը:
«Մուսուլմանական միավորումը»։ Այս կրոնական կազմակերպությունը հիմնվել է 2015 թ. Նարդարան ավանում Թալեհ Բաղիրզահեի գլխավորությամբ: Վերջինս ծնվել է Բաքվում 1984 թ.։ 2005-2010 թթ. կրոնական կրթություն է ստացել Իրանի Ղոմ քաղաքում: ԱՀ վերադառնալուց հետո ակտիվորեն հանդես է գալիս երկրում կրոնական սահմանափակումների, այդ թվում՝ գլխաշորի արգելքի դեմ: Կրոնական կազմակերպության անդամները իրանցի այաթոլլահ Ալի Խամենեիին համարում են իրենց գերագույն հոգևոր առաջնորդը և մերժում են իշխանությունների հովանավորչությունն ու աջակցությունը վայելող և «պաշտոնական իսլամը» Ադրբեջանում ներկայացնող Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեին: Շարժումը հանդես էր գալիս ԱԻԿ-ի անդամների, ինչպես նաև այլ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով, ուսումնական հաստատություններում հիջաբի արգելքի և երկրում բռնատիրական կարգերի հաստատման դեմ: Նարդարանում ձևավորվող հավանական ընդդիմադիր իսլամական ուժի սպառնալիքը չեզոքացնելու նպատակով կառավարությունն օգտագործեց 2015 թ. հերթական ցույցերը՝ խիստ վերահսկողություն սահմանելու համար, իսկ շարժման առաջնորդ Թ. Բաղիրզադեն կալանավորվեց ԱՀ իշխանությունների կողմից:
Հուսեյնական շարժումը
Իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարման պայմաններում բավական ակտիվացավ հատկապես «Հուսեյնիյյուն» (ադրբ.՝ «Hüseyniyyun», «Hüseynçilər», հայ.՝ «Հուսեյնականներ») ռազմականացված շիայական կազմակերպությունը, որը դիտարկվում է որպես վերոնշյալ «Դիմադրության առանցքի» մաս: Այս խմբավորումը պաշտոնապես կազմավորվել է 2015 թ․ վերջին և 2016 թ․ սկզբին Իրանի Ղոմ և Մաշհադ քաղաքներում սովորող Ադրբեջանի Հանրապետության 14 ուսանողներից՝ Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու նպատակով: Այն իր անվանումը ստացել է ԻՀՊԿ երբեմնի առաջնորդ Ղասեմ Սոլեյմանովի կողմից:
«Հուսեյնիյյուն» շարժման առաջնորդն է Թոհիդ Իբրահիմբեյլին: Նրա ընտանիքը ծագումով Լենքորանից է, որը հետագայում հաստատվել է Իրանի Մաշհադ քաղաքում: Նա Իլհամ Ալիևի վարչակարգի կոշտ քննադատն է և հայտարարել է, որ շարժման նպատակը դիմադրության միջոցով Ադրբեջանի Հանրապետության շիաների հզորացումն է:
Իբրահիմբեյլին նշված 14 ուսանողներին հավաքել է Իսկանդեր Հուսեյնովի՝ Ղոմի աշխատավայրում՝ «Նուր» («Լույս») թարգմանչական ինստիտուտում, որից հետո՝ հրահանգել նրանց տեղափոխել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտ գտնվող զորամաս։
Դամասկոսում գտնվելու ժամանակ Իբրահիմբեյլին նշել է, որ մտադիր են նախապատրաստվել ոչ միայն ԴԱԻՇ-ի դեմ պայքարին, այլև Ադրբեջանում զինված հակամարտությանը։ 25-օրյա պարապմունքներից հետո նրանց բաժանել են 4-5 հոգանոց խմբերի ։
«Հուսեյնիյյուն» շարժման կառուցվածքի, ծրագրերի և ղեկավարության մասին տեղեկությունները սակավ են։ Հայտնի է, որ 2013 թ․ Թոհիդ Իբրահիմբեյլին հանդիպել է Իրանի առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիի հետ որպես «Ադրբեջանի Հանրապետության մարտնչող հոգևորականների ասամբլեայի» նախագահ։ Հանդիպման ընթացքում նրանք խոսել են Ադրբեջանի Հանրապետությունում շիա բանտարկյալների վիճակի մասին։ Իսկ արդեն 2017 թ․ Թոհիդ Իբրահիմբեյլին Զենջանում ներկա է գտնվել Նարդարանի նահատակների հուշահամալիրի բացման արարողությանը, որտեղ հանդես է եկել 2015 թ․ ԱՀ ՆԳՆ հատուկ նշանակության ոստիկանական ուժերի՝ Նարդարանի շիաների վրա հարձակման մասին ելույթով ։ Այս խմբավորումն ունի տարածաշրջանում իրանական կառավարության կիսառազմական մյուս ուժերի՝ «Դիմադրության առանցքի» բոլոր հիմնական հատկանիշները, օրինակ՝ դեղին ու կանաչ գույների օգտագործումը, սեղմած բռունցքում հրացանի առկայությունը։ Նրա անվան ընտրությունը ևս հետաքրքիր պատմություն ունի. «Մոհարրամի սգո» և այլ կրոնական ծեսերի ժամանակ «Ադրբեջանը հուսեյինների երկիրն է» կարգախոսի վանկարկումը հիմք դարձավ խմբավորման համար ընտրելու հենց «Հուսեյնիյյուն» անվանումը, որը 2017 թ. ԻՀՊԿ երբեմնի առաջնորդ Ղասեմ Սոլեյմանիի հետ հանդիպման ընթացքում ճանաչվեց իբրև խմբավորման պաշտոնական անվանում: «Հուսեյնիյյուն» շարժումը հայտարարել էր, որ իր միակ նպատակը Սիրիայում ահաբեկչական ծայրահեղականներին հակազդելն է, և մտադիր չէ ընդլայնել իր գործունեությունը Ադրբեջանի Հանրապետությունում: Չնայած դրան՝ այդ շարժումը բնութագրվում է որպես Իրանի նոր «վստահված ուժ» այս անգամ Ադրբեջանի Հանրապետությունում, որը մեծ նմանություն ունի «Դիմադրության առանցքի» վերը նշված մյուս ուժերի հետ:
Փաստացի, հաշվի առնելով կրոնական կառույցների նկատմամբ ԱՀ իշխանությունների վարած կոշտ քաղաքականությունը, «Հուսեյնիյյուն» միավորման՝ որպես կազմակերպված ռազմական կազմակերպության գոյությունը նշանակալի քաղաքական հարված է ԱՀ իշխող վարչակարգին։ «Հուսեյնիյյուն» զորամիավորման՝ Սիրիայում գտնվող անդամները ԱՀ վերադառնալուց հետո հիմնականում բանտարկվել են կամ ենթարկվել ԱՀ կառավարության բռնաճնշումներին։ Նրանց թվում են՝ Էլմիր Զահեդովը, որը ձերբակալվել էր ԱՀ կառավարության անվտանգության ծառայության կողմից 2018 թ․ հուլիսի 3-ին Գանձակի (Գյանջա) նահանգապետի դեմ մահափորձ կատարելու համար:
Վահիդ Իբրահիմբեյլին, որը մեղադրվում է Ադրբեջանի Հանրապետության «կառավարության դեմ համառ և արմատական ջանքեր գործադրելու մեջ» և նախկինում ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել Բաքվում Իսրայելի դեսպանատան մոտ բողոքի ցույցի ժամանակ ու յոթ օրով կալանավորվել:
Ֆալեք Վալիևը, որը մեղադրվում է «հանցավոր խմբի» («Հուսեյնիյյուն») անդամ լինելու, «Ադրբեջանի Հանրապետության սահմաններից դուրս ահաբեկչական նպատակներով վերապատրաստում իրականացնելու» և «Ադրբեջանի Հանրապետության օրենքներից դուրս զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու» մեջ։ 2020 թ․ Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել է նրա նստավայրը։ Նա ձերբակալվել է միջազգային հետախուզման նպատակով փոխադարձ իրավական օգնության շրջանակներում և արտահանձնվել Ադրբեջանի Հանրապետությանը։ Վալիևը Գյանջայում կատարած ծանր հանցագործությունների համար դատարանի վճռով դատապարտվել է ութ տարվա ազատազրկման։
Թալեհ Գոյուշովը, որն ակտիվորեն մասնակցել է 2021 թ. հուլիսի 10-ին Գյանջայում տեղի ունեցած բողոքի ակցիաներին: Ձերբակալվել է Պետական անվտանգության ծառայության կողմից և ենթարկվել քրեական պատասխանատվության։
Հատկանշական է Սյունիքի շուրջ Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև դիվանագիտական վեճերից հետո Հուսեյնական շարժման հայտարարությունը, որում մասնավորապես նշված է. «Սիրելի՛ ադրբեջանցիներ, Ալիևի վարչակարգը Ադրբեջանը ներքաշում է մեծ ճահճի մեջ։
Իսրայելի վարչակարգը և Էրդողանի այլանդակ ծրագրերը կարող են շուտով հրկիզել Ադրբեջանը…. Մեզ օտար բանակներ և ահաբեկիչներ պետք չեն։ Ադրբեջանի ժողովուրդը, հատկապես մեր երիտասարդությունը, չպետք է դառնա Ալիևի ընտանիքի հում երազանքների զոհը…» ։
Այսպիսով՝ թեև Ադրբեջանը աշխարհիկ պետություն է, որտեղ մեծ է Թուրքիայի և Իսրայելի ազդեցությունը, Իրանը հետևողական և արդյունավետ քաղաքականություն է վարում՝ փորձելով իր կրոնական ազդեցությունը տարածել վերջինիս վրա՝ ֆինանսավորելով ընդդիմադիր շիայական խմբերին: Գիտակցելով երկրում իսլամի ակտիվացմամբ պայմանավորված ներքին և արտաքին վտանգները` Ադրբեջանի իշխանություններն եռանդագին փորձեցին թուլացնել կրոնի դիրքերը, ինչը դրսևորվեց տարբեր պատրվակներով կրոնական սահմանափակումների և վերահսկողության գործիքների կիրառմամբ: Փաստորեն, Ադրբեջանի աշխարհիկ իշխանությունները, հասարակության շրջանում իսլամական գիտելիքների տարածումից և իսլամական արժեքների ու կենսակերպի աստիճանական որդեգրումից անհանգստացած, բացահայտ հակակրոնական քաղաքականություն են վարում:
Սիրանույշ Վարդանյան
Իրանագիտության ամբիոնի աշխատակից