կարևոր
6025 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-03 17:18
Քաղաքական

Բոլոր նրանք, ովքեր իրենց գործողություններով փորձում են պառակտել շարժումը, խոչընդոտել շարժման ընդլայնմանը, ջուր են լցնում Նիկոլի եւ Ալիեւի ջրաղացին. Սաղաթելյան

«31 տարի առաջ այս օրը Ստեփանակերում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային պատգամավորների և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նիստը, որտեղ Արցախը հռչակվեց անկախ»,- ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում՝ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա ասաց՝ Արցախի անկախության, ազատագրման, ազատ, անկախ ապրելու համար հայ ժողովուրդը  շատ է պայքարել։

«Արցախի անկախությունը հայ ժողովուրդը ձեռք է բերել իր զավակների արյան գնով։ Արցախը հայ ժողովրդի արժանապատվությունն է։ Արցախը մեր անցյալն է,  մեր ներկան ու ապագան։ Արցախը մեր հողն ու ջուրն է, մեր ժառանգությունը։ Բոլոր նրանք, ովքեր ասում են, եկեք հայրենիքի մի մասը զիջենք, որ մյուս մասը պահենք, գլուխները պատին են տալիս։ Մենք զիջելով՝ կորցնելու ենք նաև Հայաստանի Հանրապետությունն ու պետականությունը։ Եվ հենց այս պատասխանատու օրը ես ասում եմ՝ Հայաստանը Արցախ է, և վերջ», - հայտարարեց Սաղաթելյանը։

Նա ասաց՝ Արցախի գլխին կախված աղետը աղետ է նաև Հայաստանի համար, Արցախի հայ ժողովրդի համար գոյաբանական խնդիր է, այն մեր ուժն է, անվտանգությունը, մեր արժանապատվությունը։

Սաղաթելյանն ասաց, որ կա երեք կարեւոր սկզբունքային պահանջ, որը պետք է ապահովվի. «Այն երբեք ու երբեք սակարկման առարկա չէ։ Արցախն այսօր կանգնած է աղետի առջև՝ հայաթափման ու էթնիկ զտման առաջ։ Առաջինը՝ պետք է բացառվի որեւէ լուծում, որով Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, երկրորդ՝ պետք է բացառվի Արցախի անկլավային վիճակը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջեւ պետք է լինի կայուն, հուսալի ցամաքային կապ, եւ երրորդ՝ պետք է բացառվի Արցախի ապառազմականացումը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն իր Զինված ուժերով պետք է ստեղծվի միասնական անվտանգային համակարգ։ Ցավոք, Հայաստանում չկա որեւէ սուբյեկտ, որը պաշտպանում է Արցախի, Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը, ընդ որում այդ սուբյեկտը չկա ոչ Արցախում, ոչ Հայաստանում, ոչ էլ սփյուռքում. այսօր միակ սուբյեկտն իր լավ ու վատ կողմերով հանդերձ «Դիմադրություն» շարժումն է եւ այս հրապարակը։ Միակ սուբյեկտը, որն այս օրերին պաշտպանում է Արցախի եւ հայ ժողովրդի շահերը՝ այս հրապարակն է եւ դուք եք։ Բոլոր նրանք, ովքեր իրենց գործողություններով փորձում են պառակտել շարժումը, փորձում են խոչընդոտել շարժման ընդլայնմանը, ջուր են լցնում Նիկոլի եւ Ալիեւի ջրաղացին»։

Իշխան Սաղաթելյանը նաեւ անդրադարձավ ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարներին գործելաոճին. «ԱԱԾ պետ Արմեն Աբազյան, Ոստիկանության պետ Վահե Ղազարյան, Քննչական կոմիտեի պետ Արգիշտի Քյարամյան, Հակակոռուպցիոն կոմիտեի պետ Սասուն Խաչատրյան, գլխավոր դատախազ Արթուր Դավթյան՝ դուք այսօր Նիկոլի իշխանության միակ պահապանը եւ հենարանն եք, դուք անձամբ պատասխանատվություն եք կրում ամեն օր ու ժամ մեր հայրենիքի կորուստների համար, դուք եք այն մարդիկ, ովքեր հետեւողական խոչընդոտել եւ խոչընդոտում են «Դիմադրություն» շարժման ընդլայնումը՝ ձեր բռնաճնշումներով, բանտարկություններով, հետապնդումներով։ Ամեն օր փորձում եք ճնշել մարդկանց՝ պահելով Նիկոլի իշխանությունը։ Դուք չեք կարող ասել՝ ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, դուք ծառայում եք մի դավաճան խելագարի։ Ամոթ է, վերջ տվեք այդ ճնշումներին, հավատարիմ եղեք ձեր ուսադիրներին, ձեզ մի դասեք այդ վերջացած ուսապարկերի շարքին»։

Մանրամասն՝ տեսանյութում։