կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-10 15:55
Հասարակություն

Այն մասին, թե ինչու է հայն ընտրում թուրքագետի մասնագիտությունը

Այն մասին, թե ինչու է հայն ընտրում թուրքագետի մասնագիտությունը

Վերջերս Հայաստանում գտնված թուրքական պետական լրատվական գործակալության՝ «Անադոլուի» թղթակիցը, մեր երկրի մասին հրապարակումներ ներկայացնելով, փորձում է սին տպավորություն ստեղծել, թե իբր հայ հասարակությունն ուղղակի «տենչում է թուրքերի հետ բարեկամության»[1]։ Թուրքական պետական այս քարոզչամնեքենան գործում է այն նույն սկզբունքով, որից մշտապես օգտվել են թուրք կեղծարարները․ հարցազրույցների մասնակիցների ասածից ներկայացնել միայն թուրքական կողմին ձեռնտու հատվածը, այն կտրել կոնտեքստից և համապատասխան տպավորություն ապահովել։ Կամ էլ թուրք կեղծարար լրագրողը սահմանափակվում է միայն 1-2 հոգու հետ հարցազրույց անելով և իրեն ձեռնտու հատվածն ընդհանրացնում է ու ասում, թե իբր «բոլոր հայերը» կամ տվյալ ոլորտի «բոլոր ներկայացուցիչներն» են այդպես մտածում․․․

Այսօր էլ «Անադոլուն» նյութ է հրապարակել հայ թուրքագետների մասին՝ վերնագրում իսկ ակնարկելով, թե իբր Հայաստանի թուրքագետներն «ուղղակի երազում են, որ ավելի շատ թուրք գա Հայաստան, որպեսզի զարգացնեն թուրքերենի իրենց իմացությունը»[2]․․․

Մինչդեռ, եթե «Անադոլուի» թղթակիցն իրոք փորձեր օբյեկտիվ կերպով ներկայացնել հայ թուրքագետների մոտեցումը Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայում ընթացող գործընթացների նկատմամբ, ապա կփաստեր, որ հայ թուրքագետների եթե ոչ 100, ապա առնվազն 99 տոկոսը դեմ է ներկա պայմաններում մեկնարկող այդ գործընթացին և անընդմեջ շեշտում է, որ այն հղի է Հայաստանի համար լուրջ վտանգներով․․․

Եթե «Անադոլուի» թղթակիցն իրապես ցանկանար անդրադառնալ այն հարցին, թե իրականում ինչու՞ են Հայաստանում թուրքագետ դառնում, ապա կնշեր, որ այս մասնագիտությունը հայերն ընտրում են, որպեսզի կարողանան արդյունավետ մեխանիզմներ գտնել՝ ընդդեմ թուրքական սպառնալիքներին, որպեսզի կարողանան պայքարել հանուն Հայ դատի արդար լուծման, որպեսզի ծառայեն Հայկական հարցի վերջնական հանգուցալուծմանը[3]․․․

Հայը չի ընտրում այդ մասնագիտությունը թուրքի հետ շփվելու կամ թուրքական «մշակույթի» հետ ծանոթանալու համար, իսկ լեզուն կարող է զարգացնել նաև առանց թուրք զբոսաշրջիկների հետ հանդիպելու․․․

Ցավոք, Թուրքիայի վարած քաղաքականության հետևանքով այնտեղի հայերի մեծ մասը չի տիրապետում իր մայրենի լեզվին ու ստիպված իր հայրենակիցների հետ խոսում է այդ դարավոր թշնամու լեզվով․․.

Մելինե Անումյան

Թուրքագետ, պ․գ․թ․