կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-24 15:09
Հասարակություն

Ափսոսում եմ, որ մուտացիոն գործընթացներ են ընթանում այն հայ տղամարդու մեջ, որի մասնագիտությունը ոստիկան է

Ափսոսում եմ, որ մուտացիոն գործընթացներ են ընթանում այն հայ տղամարդու մեջ, որի մասնագիտությունը ոստիկան է

Երեկ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային էր միացել նաև Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ եթե անգամ ինքը թանկացմանը դեմ չլիներ, երեկվա իրադարձությունները, բնականաբար, չէին կարող իրեն անտարբեր թողնել:

«Ֆեոդալական դաժանություն էր ոստիկանների արածը, դաժանություն, որ կարելի էր իրականացնել թշնամու նկատմամբ, բայց անգամ թշնամու խաղաղ բնակչության նկատմամբ չի կարելի նման վերաբերմունք դրսևորել: Իսկ երեկվա ակցիան խաղաղ էր, սոցիալական ու քաղաքացիական»,- ասաց Թուխիկյանը:

Ըստ նրա` հասկանալի է, որ ոստիկաններն իրենց հրամանն էին կատարում, ուրեմն հրաման տվողներն են նաև մեղավոր: «Ափսոսում եմ, որ մուտացիոն գործընթացներ են ընթանում այն հայ տղամարդու մեջ, որի մասնագիտությունը ոստիկան է. այդպիսի բռնություն կանանց նկատմամբ... Ուղղակի բառեր չեմ գտնում որակելու նրանց արարքը: Ես հասկացա, որ մենք շատ ուժեղ ենք նաև մեր կանանցով, որովհետև երբ նրանք բարկացան, շատ վտանգավոր կլինի բոլորի համար»,- ասաց Թուխիկյանը: