Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը Սիրիայի և Թուրքիայի սահմանին ոչնչացվել է թուրքական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Պաշտոնական Անկարան ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը` պատճառաբանելով, թե ինքնաթիռը ոչնչացվել է թուրքական սահմանը խախտելու մասին ավելի քան տասը նախազգուշացումից հետո: Ռուսական կողմը հերքում է այս հիմնավորումները` հայտարարելով, թե թռիչքի ընթացքում օդանավը գտնվել է Սիրիայի տարածքում: Ի դեպ, խոցված ինքնաթիռը հայտնաբերվել է ոչ թե Թուրքիայի, այլ Սիրիայի տարածքում:
Թեև պաշտոնական Մոսկվան դեռևս չի շտապում հստակեցնել ստեղծված իրավիճակից բխող իր գործողությունները, սակայն փաստ է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները հայտնվել են խզման եզրին `փաստացի երկու երկրներին դնելով նախապատերազմական վիճակի մեջ:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն առաջիկայում արտակարգ ասուլիս է հրավիրելու, իսկ մինչ այդ Անկարան արդեն դիմել է ՆԱՏՕ-ին` միջադեպի կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն հրավիրելու հարցով, որը տեղի կունենա առաջիկա ժամերին: Հյուսիսատլանտյան դաշինքից հայտարարել են, որ ուշադրությամբ հետևում են ինքնաթիռի ոչնչացումից հետո ստեղծված իրավիճակին, և Բրյուսելն այս կապակցությամբ հանդես կգա հայտարարությամբ:
Դրան զուգահեռ` կրքերը շիկանում են Մոսկվայում: Պետդումայի մի քանի պատգամավորներ կոչ է արել ՌԴ նախագահին` խզել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները` նշելով, թե կատարվածը հաստատում է միջազգային ահաբեկչությանը Թուրքիայի կողմից անսահման աջակցություն ցուցաբերելու իրողությունը: Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե, ի պատասխան թուրքական կողմի սադրանքի, Մոսկվան պետք է աջակցի Սիրիայի և Թուրքիայի քրդերին: Պարզ է, որ Կրեմլի որոշումից է կախված` իրադարձությունները կընթանա՞ն հարաբերությունների սրման ճանապարհով, թե՞, այնուամենայնիվ, կողմերը կփորձեն դիվանագիտական ճանապարհով հարթել դրությունը: ՌԴ նախագահը օրվա վերջում հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, թե կատարվածը հետևանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա` առանց կոնկրետացումներ կատարելու: Չի բացառվում, որ, որպես առաջին լուրջ քայլ, ՌԴ արտգործնախարարը հրաժարվի Անկարա կատարելիք իր այցից: Սակայն Պուտինի զգուշավոր արձագանքից պետք է ենթադրել, որ Մոսկվան չի շտապելու վերջնական որոշումներ կայացնել:
Այնուամենայնիվ, մինչ ինքնաթիռի խոցումը ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ երկու կողմերն էլ ի սկզբանե շահագրգռված էին սրացման գնալու հարցում և դրա համար հարմար առիթ էին փնտրում: Թուրքիան նոյեմբերի 22-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` պահանջելով քննարկել ռուսական օդատիեզերական ուժերի կողմից սիրիաբնակ թուրքմենների բնակավայրերին ավիահարվածներ հասցնելու հարցը: Դրանից առաջ, անդրադառնալով ռուսական Airbus 321 ինքնաթիռի` ահաբեկչության միջոցով ոչնչացվելու իրողությանը, Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Ռուսաստանը, ելնելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված ինքնապաշտպանության իր իրավունքից, հնարավոր է համարում ցանկացած երկրի տարածքում հակաահաբեկչական գործողությունների իրականացումը և մեղադրել էր «Մեծ քսանյակ»-ի մաս կազմող երկրներից ոմանց «Իսլամական պետություն» խմբավորմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ: Մոսկվայում չէին թաքցնում, որ առաջին հերթին նկատի ունեն Սաուդյան Արաբիային, Քաթարին և Թուրքիային: Եվ պատահական չէ, որ ռուսական ռազմական ինքնաթիռը, ոչնչացվել է, ըստ էության, հենց սիրիա-թուրքական սահմանի երկայնքով ստուգողական թռիչք կատարելիս:
Այլ կերպ ասած` գործ ունենք մի միջադեպի հետ, որը կարող էր տեղի ունենալ թե\' ռուսական կողմից իրականացված` թուրքական սահմանը միտումնավոր հատելու սադրանքի հետևանքով և թե\' թուրքական կողմի սադրանքի հետևանքով` ինքնաթիռը խոցելու միջոցով շատ հստակ և պրագմատիկ քաղաքական խնդիր լուծելու նկատառումով: Այդ խնդիրը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ միջազգային կոալիցիա ձևավորելու հարցում Արևմուտքի և Ռուսաստանի միջև ուրվագծվող համաձայնությունների կայացումը վիժեցնելն էր: Խոցելով ռազմական ինքնաթիռը, ապա անմիջապես դիմելով ՆԱՏՕ-ի աջակցությանը` Անկարան, ըստ էության, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներին դրդում է ընտրություն կատարել իրեն պաշտպանելու պարտավորության և Ռուսաստանի հետ գործակցության միջև: Իսկ կոալիցիայի ձևավորումը վիժեցնելու հարցում Անկարան շահագրգռված է մի կողմից ԻՊ-ին, իբրև տարածաշրջանային գործոնի, ոչնչացման վերահաս վտանգից ձերբազատելու, մյուս կողմից` սիրիական ճգնաժամի քաղաքական հարթման հեռանկարը չեզոքացնելու հանգամանքով: Ակնհայտ էր, որ նման կարգավորումը լինելու էր Անկարայի շահերի զոհաբերման հաշվին:
Այս իրավիճակը չափազանց վտանգավոր է Հայաստանի համար: Մոտ մեկ ամիս առաջ, կրկին սահմանախախտման հետ կապված ռուս-թուրքական նախորդ դիվանագիտական պատերազմի շրջանում Անկարան պատասխանեց իր ռազմական ուղղաթիռներով Հայաստանի հետ սահմանը երկու օր անընդմեջ միտումնավոր խախտելով, որին թե\' հայկական և թե\' ռուսական կողմերը խուսափեցին տալ քաղաքական պաստառ: Բայց այդ ժամանակ Անկարան հասկացրեց, թե որն է լինելու հարվածի իր հնարավոր ուղղությունը, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները դուրս գան վերահսկելիությունից:
Որքան Հայաստանի համար վտանգավոր է ռուս-թուրքական մերձեցումը, նույնքան վտանգավոր է նրանց` նախապատերազմական վիճակի մեջ մտնելը` ուղղակի թիրախի, բախումների թատերաբեմի վերածվելու վտանգի իմաստով: Հայաստանում է գտնվում 102-րդ ռազմակայանը, Երևանի «Էրեբունի» օդանավակայանը ցանկացած պահի կարող է վերածվել Թուրքիայի քթի տակ սիրիական օպերացիային օժանդակող հանգույցի: Ընդամենը օրեր առաջ ՌԴ նախագահը հրաման ստորագրեց Հայաստանի հետ ընդհանուր ՀՕՊ համակարգի ստեղծման մասին: Եթե Ռուսաստանը, այնուամենայնիվ, որոշի Թուրքիային «պատժել», հենց նրա տարածքում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելով, ահաբեկչական խմբավորումներին ոչնչացելու նույնքան սադրիչ ձեռնարկներով, ապա չի բացառվում, որ փորձ արվի դա իրականացնել Հայաստանի տարածքից: Մյուս կողմից` իրադարձությունների ամենավատ սցենարի զարգացման դեպքում, եթե Թուրքիան ուրվագծվող հակամարտության ծիրի մեջ է ներքաշում ՆԱՏՕ-ին, ապա Ռուսաստանն իր հերթին ապավինելու է ՀԱՊԿ-ին, և Հայաստանը կարող է հանկարծ վերածվել հակամարտության կողմի: Թե ինչե՞ր են սրանք նշանակում, մեկնաբանելու կարիք չկա:
Գևորգ Դարբինյան