կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-24 19:08
Հասարակություն

2019թ. դարձրել են ոսկեդար. 2019 թվականից հետո 2020, 2021 և 2022 թվականներն են եղել. պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին

2019թ. դարձրել են ոսկեդար. 2019 թվականից հետո 2020, 2021 և 2022 թվականներն են եղել. պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ամեն դեպքում, սիրելի հայրենակիցներ, պիտի իմանաք աներկբա, որ ինչպես նախկինում, այսօր առավել ևս՝ ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են»,- կառավարության հերթական նիստում այս զգայուն վստահեցումով վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սոցիալական խնդիրները մեղմող իրենց քաղաքականությանը:

Բայց սա դեռ ամենը չէ. օրինակ, պարզվեց, որ մենք միակ պետությունն ենք, որ կարողանում ենք լողալ հակառակ հոսանքին:

«2019 թվականին, երբ ամբողջ աշխարհում հատկապես սննդամթերքի գներն աճում էին, իսկ Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից էր, որտեղ հակառակն էր տեղի ունենում՝ սննդամթերքի գնանկում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, որ գրանցած արդյունքներն արհեստական մենաշնորհները վերացնելու շնորհիվ է:

Ի դեպ, նա հերթական անգամ խոսեց նաև ՀԴՄ-ների հրաշագործ ազդեցության մասին՝ տեղեկացնելով, որ կատարված գործարքների թիվը, մարտի առաջին 20 օրվա տվյալներով, նախորդ տարվա մարտի առաջին 20 օրվա համեմատ՝ ավելացել է շուրջ 510 հազար հատ գործարքով:

Պարզվում է, սակայն, որ վարչապետի ու նրա ընթերակաների այս լավատեսությունը չեն խրախուսում ոչ միայն երկրի գլխավոր դրամատանը, այլև մասնագիտական շրջանակներում:

Ընդամենը հիշեցնենք, որ Կենտրոնական բանկն ընդամենն օրեր առաջ էր տնտեսական աճի կանխատեսումները 5.3 % փոխարեն՝ իջեցրել 1.6 տոկոսի: Հետաքրքրական է, որ Կառավարությունը 2022 թ.-ի համար կանխատեսել էր 7 % տնտեսական աճ, ու ցայսօր չի վերանայել Բյուջե 2022-ը:

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 168.am հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ տնտեսության մասին դիտարկումներին՝ նախ նկատեց.

«Պետք է փաստենք նաև, որ մեր երկրում 2019 թվականից հետո 2020, 2021 և 2022 թվականներն են եղել. այսինքն՝ 2019 թվականը դարձրել են ոսկեդար, և անընդհատ խոսում են տնտեսական աճի ու ձեռքբերումների մասին:

Մի բանը փաստ է, որ 2019 թվականին ավելի արագ աճել է պետական պարտքը, քան տնտեսությունը: Առհասարակ, այդ տնտեսական աճի մեջ էական դեր են ունեցել երկու կարևոր գործոններ՝ պետական պարտքի ավելացումը, և, ի վերջո, գիտեք, 2019 թվականի աճի հիմքերը 2019 թվականի հունվարի 1-ին չեն դրվել. այսինքն՝ դրանք 2017-2018 թթ. ներդրումներն են, որոնք հետո արդեն բերել են իրենց տնտեսական արդյունքները»:

Հարցին, թե վարչապետի հիշատակած մենաշնորհի դեմ պայքարը չի՞ եղել, տնտեսագետը պատասխանեց.

«Մենաշնորհի դեմ պայքարն իրենց մենաշնորհը չէ. դա միշտ էլ եղել է: Այլ հարց է՝ ինչ արդյունավետությամբ և այլն, բայց մի բան էլ կարող ենք փաստել, որ այնպես չէ՝ այժմ մեր տնտեսությունում ամբողջովին լուծված են այդ մենաշնորհային խնդիրները:

Խաղացողներն են փոխվել, և, օրինակ, մենաշնորհ դիրք ունեցող շուկաներում՝ մասնավորապես, ներմուծման, ըստ էության, օրվա իշխանությունների սրտին մոտ օլիգարխներ են այդտեղ հայտնվել:

Նաև շատ կարևոր է արձանագրել այն մտահոգիչ փաստը, որ պետական գնումներում 2019-2020-2021 թթ. էական աճ են գրանցել մեկ անձից գնումները, իսկ մեկ անձից գնումների առաջանցիկ աճը խնդրահարույց է տնտեսական մրցակցության տեսանկյունից»:

Վարչապետի այսօրվա տնտեսական շեշտադրումները, ըստ մասնագետի, խորը ճգնաժամից առաջ կարճատև դրական ազդակների արձանագրում է:

«Օրվա իշխանությունները գիտեն, որ 2022 թվականին տնտեսական և սոցիալական խորը ճգնաժամ ենք ունենալու, և նախաշեմին հունվար-փետրվար ամիսների տվյալները, երբ դեռ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները չկային և որոշակի իներցիայով կար տնտեսական ակտիվություն, հիմա փորձում են մեծ պաթոսով ֆիքսել. այսօր արդեն հստակ ձևակերպում են «մեղավորին»:

Ասում են՝ տնտեսական ակտիվության պահպանման հիմքեր կան. իրականում նման բան չկա: Վերջինի մասին վկայում են միջազգային կառույցների և երկրի ԿԲ գնահատումը՝ այս պահին 1.6 տոկոս տնտեսական աճ:

Իրենք այսօր ձևակերպում են հիմքեր, որ վաղն իրենց հատուկ կերպով ասեն՝ դե, մենք ինչ անենք. ռուս-ուկրաինական պատերազմն էր, տեսեք՝ ինչքան լավ էր տարվա սկզբին, ինչի մասին ասեցինք»,- ասաց Թադևոս Ավետիսյանը՝ մանիպուլյացիա որակելով մեկ-երկու ամսվա ցուցանիշների վրա տնտեսական դրական միտումներ նախանշելու իշխանությունների փորձերը:

Այս համատեքստում խոսելով մարտի առաջին 20 օրերին ՀԴՄ-ներով գործարքների թվի աճի վերաբերյալ վարչապետի հայտարության մասին՝ նա հիշեցրեց, որ այդ օրերին շուկայում աժիոտաժ էր, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին մարդիկ ցայտնոտի մեջ գնումներ էին կատարում:

Պատգամավորը համոզված է, որ այս իրավիճակում պետք է օր առաջ ներդնել հակաճգնաժամային ծրագիր, և ոչ թե՝ շոուների համար հնչեցնել դիսկրետ ցուցանիշներ:

Աղբյուրը՝  168.am