կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-04 15:33
Քաղաքական

Վիճակագրական հերթական աճպարարությունը․ նախորդ սուտը փոխարինվում է ավելի մեծ ստով

Վիճակագրական հերթական աճպարարությունը․ նախորդ սուտը փոխարինվում է ավելի մեծ ստով

COVID-19 համավարակի տնտեսական հետևանքների վերականգնումը գնահատելու համար պարզ տրամաբանությունը առնվազն պահանջում է համադրել 2021 թվականի տնտեսական աճի և 2020 թվականին արձանագրված տնտեսական անկման ցուցանիշները։ Տարբեր երկրների տնտեսական վերականգնման ցուցանիշները համադրելիս ևս անհրաժեշտ է հաշվի առնել այս պարզ տրամաբանությունը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն (հղումը) 2021 թվականին Հայաստանում գրանցվել է 5,8 տոկոս տնտեսական աճ, որը շուրջ 2 տոկոսային կետով զիջում է 2020 թվականին արձանագրված տնտեսական անկման ցուցանիշին (-7,4 տոկոս)։

Այսինքն՝ Հայաստանը չի վերականգնել COVID-19 համավարակի տնտեսական հետևանքները։ Եվ դրա հիմնական պատճառներից են՝ տնտեսական իրական ներուժի նվազումը և ոչ բավարար ներդրումները, տնտեսական ռիսկերի աճը և գների առաջանցիկ աճը, իրավիճակին ոչ համարժեք պետական քաղաքականությունը և ձախողումները։

2021 թվականին հարևան Վրաստանում գրանցվել է 10,6 տոկոս տնտեսական աճ, որը շուրջ 4 տոկոսային կետով գերազանցում է 2020 թվականին արձանագրված տնտեսական անկման ցուցանիշին (-6,8 տոկոս)։

Այսինքն՝ Վրաստանը վերականգնել է COVID-19 համավարակի տնտեսական հետևանքները։

2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին Հայաստանում արձանագրվել են՝ սպառողական գների 7,2 տոկոս, սննդամթերքի միջին գների 11,5 տոկոս, նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքի մոտ 21,5 տոկոս աճեր։ 2022 թվականին օրվա իշխանությունը կանխատեսում է սպառողական գների 5,5 տոկոս աճ։

Պաշտոնական վիճակագրության համաձայն 2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7,6 տոկոսով։ Առաջին հայացքից՝ ինքնին խնդրահարույց է աճի այս ցուցանիշը՝ ընդամենը 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ֆոնին։

Իսկ իրականում, 2020 թվականի համեմատ՝

2021 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձը ոչ թե աճել է 7,6 տոկոսով, այլ նվազել է շուրջ 2 տոկոսով, իսկ միջին ամսական իրական աշխատավարձը նվազել է երկնիշ՝ շուրջ 10 տոկոսով։

Մասնավորապես․

2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին պաշտոնական վիճակագրության համաձայն գրանցված աշխատողների թիվն աճել է շուրջ 10 տոկոսով, միջին ամսական անվանական աշխատավարձն էլ աճել է 7,6 տոկոսով։ Եկամտահարկի դրույքաչափը նվազել է 1 տոկոսային կետով կամ 4,3 տոկոսով։ Հայաստանում գործում է եկամտահարկի համահարթ մեկ դրույքաչափ, որը 2020 թվականին սահմանված էր 23 տոկոս, իսկ 2021 թվականին՝ 22 տոկոս։

Աշխատավարձերից վճարվող եկամտահարկը կազմում է գրանցված աշխատողների թվի, միջին անվանական աշխատավարձի և եկամտահարկի դրույքաչափի արտադրյալը։ Ընդ որում՝ աշխատավարձերից վճարվող եկամտահարկը կազմում է ընդհանուր եկամտահարկի շուրջ 90 տոկոսը։

Հետևաբար, աշխատավարձերից վճարվող եկամտահարկը պետք է աճեր 13,3 տոկոսով, որի արդյունքում շուրջ 12 տոկոսով պետք է աճեր նաև ընդհանուր եկամտահարկը։ Սակայն պաշտոնական վիճակագրության համաձայն ընդհանուր եկամտահարկի աճը կազմել է ոչ թե 12 տոկոս, այլ ընդամենը 3,7 տոկոս։

Փաստորեն, 2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին ընդհանուր եկամտահարկի աճի և եկամտահարկի դրույքաչափի նվազման բացարձակ ցուցանիշների հանրագումարը (3,7+4,3=8 տոկոս) շուրջ 2 տոկոսային կետով պակաս է գրանցված աշխատողների թվի աճի ցուցանիշից։

Այսինքն՝ կարելի է օբյեկտիվորեն ենթադրել․ նվազել է միջին ամսական անվանական աշխատավարձի չափը, որը ընդհանուր եկամտահարկի չափի որոշման հիմնական մյուս բաղադրիչն է։

Մյուս կողմից, 2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին Հայաստանում չեն ավելացել նվազագույն ամսական աշխատավարձի, հանրային ծառայողների բազային աշխատավարձի, սոցիալական նպաստի բազային և միջին չափերը, կենսաթոշակի նվազագույն և հիմնական չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները։ 2022 թվականին ևս չեն ավելանալու նվազագույն և բազային աշխատավարձերի, հիմնական կենսաթոշակի չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները, սոցիալական նպաստի բազային չափը։

Ցավոք, իրականությունն էլ հետևյալն է․

Հայաստանի տնտեսական հյուծումը շարունակվում է և իր հերթին հանգեցնում է բնակչության կյանքի որակի որակի նվազման, զուգահեռաբար՝ աճում է աղքատությունը և սրվում են սոցիալական խնդիրները։

 

Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ կուսակցության անդամ