կարևոր
1597 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-04-26 15:16
Հասարակություն

Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով․ մենք այս գործընթացը կասեցնելու ենք ճշմարտությամբ․ Բագրատ Սրբազան

Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով․ մենք այս գործընթացը կասեցնելու ենք ճշմարտությամբ․ Բագրատ Սրբազան

Մեզ փորձեցին ամեն գույնով, ամեն պիտակով պիտակավորել, բայց այդ բոլորը ժողովուրդը ֆիլրտրել է և հասկացել, թե իրականությունը, ճշմարտությունն ինչի մասին է: Հիմա էլ փորձում են այնպես ներկայացնել, թե այս պայքարը ծառայում է այլ պետությունների շահերին, որոնք ցանկանում են մեր միջոցով բախումներ հրահրել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ եք դուք, զոհերի պատճառն էլ եք դուք: Ի վերջո, հասկացե՛ք, որ դուք եք իշխանությունը: Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, Կիրանցում NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ դիմելով իշխանություններին:

«Կիրանցի այս բարձունքում, Տավուշի այս գեղեցիկ կենտրոնում մեր արդարության և ճշմարտության համար այս մեծ պայքարի օջախում հավաքված են արժանապատիվ, հրաշալի մարդիկ, ովքեր ոտքի են կանգնել ընդդիմանալու ստին և կեղծիքին: Այս հարցը, թեպետ, ծագել է այստեղ, կամ ուղղակի որպես առաջնագիծ վերաբերում է այս շրջանին, այդուհանդերձ, լուծումները գտնվում են ողջ Հայաստանում՝ մասնավորապես՝ Երևանում», - ասաց Բագրատ Սրբազանը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի տարբեր վայրերում իրենց անհամաձայնությունն արտահայտողներին:

«Գիտեմ նաև, որ որոշ դեպքերում ոստիկանների միջամտություն, անհամարժեք և բիրտ ուժի կիրառում է եղել, ոմանք վնասվածքներ են ստացել, ոմանց ձերբակալվել են, այդ ամենը, սակայն, նշանակություն չունի: Մեր բարձրագույն արժեքը, գիտակցությունը և պայքարի ուղին ճշմարտության հաստատումն է: Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով: Մենք այս գործընթացը կասեցնելու ենք ճշմարտությամբ, այլ կերպ չի կարող լինել: Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու», - հավելեց Տավուշի թեմի առաջնորդը:

Բագրատ Սրբազանը դիմեց ժողովրդին՝ կոչ անելով շարունակել իրենց անհամաձայնությունն արտահայտել: Ոստիկաններին էլ կոչ արեց չլարվել, որովհետև ժողովուրդը իրենց հետ բախումների միտում չունի: