կարևոր
3616 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-29 18:10
Հասարակություն

«Երեւանում ծառերը չեն հատվում, այլ փոխարինվում են». քաղաքապետարանը պարզաբանում է

«Երեւանում ծառերը չեն հատվում, այլ փոխարինվում են». քաղաքապետարանը պարզաբանում է

Մարտի կեսերին Երևանի քաղաքացիների շրջանում բողոքի ալիք բարձրացավ` մայրաքաղաքի կենտրոնում հաստաբուն ծառերի հատման կապակցությամբ: Մարտի 23-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտարարեց, որ մեկնարկում է «ծերացած, ֆունկցիոնալության ավարտին մոտ ծառերը կենսունակ, գեղազարդ ծառերով փոխարինելու աշխատանքները»։

Yerkir.am–ը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետի ԺՊ Լևոն Հովհաննիսյանին` պարզելու ինչո՞վ են պայմանավորված մայրաքաղաքում իրականացվող համատարած ծառահատումները, արդյո՞ք հատվող ծառերը բոլորը հիվանդ են, կա՞ պլան, թե, օրինակ, քանի ծառ է հատվելու մայրաքաղաքում:

«Տեղեկացնում ենք, որ Երեւան համայնքում «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի» պահպանություն ՀՈԱԿ-ի կողմից այս ժամանակահատվածում իրականացվում են մասնագիտական մի շարք աշխատանքներ՝ գարնանային էտի շրջանակներում իրականացվում է սանիտարական, ձեւավորման եւ երիտասարդացման էտի, չոր ծառերի հեռացման եւ իհարկե կանաչապատման աշխատանքներ։ Հարկ եմ համարում նշել, որ դեռեւս 2022 թվականի ընթացքում բազմաթիվ քննարկումների արդյունքում սույն թվականի փետրվարի 23-ին տեղի է ունեցել «Երեւան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող եւ ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր եւ գեղազարդ ծառերով: Ինվազիվ ծառերի հեռացում» խորագրով գիտական աշխատաժողով, որի ընթացքում տարբեր ելույթների եւ քննարկումների ավարտին կազմված արձանագրության համապատասխան, ընդունվեց ռազմավարություն Երեւան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող եւ ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինումը արժեքավոր եւ գեղատեսիլ ծառերով։ Այս աշխատանքների ընթացքում հնարավոր է լինելու իրականացնել Երեւան համայնքում դենդրոֆլորիստիկ կազմի երիտասարդացում, փողոցների դիմագծի՝ ծառերի միատարրության ապահավում եւ էկոլոգիական վիճակի առողջացում։ Գործնական աշխատանքների մեկնարկը տրվել է սույն թվականի մարտի 23-ին։ Հաշվի առնելով վերոգրյալը Երեւան համայնքում ծառերը չեն հատվում, այլ փոխարինվում են: Ձեռք են բերվում շուրջ 2500 արժեքավոր եւ գեղատեսիլ ծառատեսակներ, որոնց մի մասով իրականացվելու է փոխարինում, իսկ մյուս մասով իրականացվելու է ծառատունկ Եռաբլուր զինվորական պանթեոնում», - նշվում է քաղաքապետի պատասխան գրության մեջ:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը ձեռք է բերել 150 հատ ծառ, որից 100 հատը «սակուրա ճապոնական ռոյալ բուրգունդի» տեսակի տնկի՝ մեկ հատը 72 490 դրամով, 30 հատ «սակուրա ճապոնական սերուի աթա ամանոգավա» տնկի՝ մեկ հատը 62 490 դրամով, 20 հատ «սակուրա ճապոնական սերիուաթա կիկու շիդարու» տեսակի տնկի՝ մեկ հատը 65 490 դրամով։