կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-03 16:35
Տարածաշրջան

Թուրքիայի արտաքին գործերի հանձնաժողովը հաստատել է «Շուշիի հռչակագիրը»

Թուրքիայի արտաքին գործերի հանձնաժողովը հաստատել է «Շուշիի հռչակագիրը»

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը» վավերացնելու առաջարկը։ Այս մասին գրում է TRT Haber-ը։

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին և առաջնորդվում ենք «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։ Սա օրինակ է շատ երկրների համար»,- պատգամավորների հետ զրույցում ասել է Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը:

Նա նաև հիշեցրել է, որ Ադրբեջանը թուրքական տնտեսության մեջ ներդրել է 20 միլիարդ դոլար, մինչդեռ Ադրբեջանում Թուրքիայի ներդրումները գերազանցել են 12 միլիարդ դոլարը։

«Մենք նաև մի շարք պայմանագրեր ենք ստորագրել ռազմական և այլ ոլորտներում, ընդլայնել ենք համատեղ զորավարժությունների շրջանակը։ Մենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները համարում ենք պատմական պատասխանատվություն»,- ընդգծել է Թուրքիայի փոխարտգործնախարարը։

Պատասխանելով խորհրդարանականների հարցին՝ Քըրանը հայտարարել է նաև, որ 9 թուրքական ընկերություններ շարունակում են աշխատել Արցախից օկուպացված տարածքներում` տարածաշրջանը վերականգնելու համար։

Երեքշաբթի Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է այս հռչակագիրը։ Փաստաթուղթը ստորագրվել է անցյալ տարվա հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Արցախից օկուպացված Շուշի քաղաքում։

Ադրբեջանը և Թուրքիան, համաձայն հռչակագրի, պայմանավորվել են ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերել կողմերից մեկի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգների և սպառնալիքների դեպքում։

Հռչակագրի համաձայն՝ եթե նման ռիսկեր առաջանան, Բաքուն և Անկարան համատեղ խորհրդակցություններ կանցկացնեն, հանդես կգան այդ ռիսկերն ու սպառնալիքները վերացնելու նախաձեռնություններով և փոխադարձ օգնություն կցուցաբերեն։ Միաժամանակ, անհապաղ քննարկումների ու համատեղ գործողությունների միջոցով կորոշվի օգնության ծավալն ու ձևը, երկու երկրների զինված ուժերը կիրականացնեն անհրաժեշտ համակարգումը։

Բացի դրանից՝ հռչակագրում կա կետ, ըստ որի՝ Բաքուն և Անկարան կշարունակեն համատեղ ջանքերը երկու երկրների զինված ուժերը ժամանակակից պահանջներին համապատասխան արդիականացնելու ուղղությամբ։

Հռչակագրի մեկ այլ հակահայկական կետով նշվում է, որ Ադրբեջանը և Թուրքիան «աջակցում են առանձին երկրների արխիվների բացմանը և պատմաբանների կողմից Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունների հետաքննությանը»:

Նյութը` Yerkir.am