Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2022 թվականի հունվարի 25-ին համացանցի միջոցով տեղեկացանք, որ ԲԴԽ-ում կարգապահական վարույթների քննության գործընթացում կատարվել է որոշակի փոփոխություն, այն է՝ սկսած սույն թվականի հունվարից ԲԴԽ անդամներից և դատավարության մասնակիցներից զատ՝ ԲԴԽ դատական նիստերի դահլիճ կկարողանան մուտք գործել միայն Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության ներկայացուցիչները և ԶԼՄ ներկայացուցիչները՝ բժշկական դիմակները պատշաճ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով: Այս մասին հայտարարություն են տարածել 9 հայտնի դատավորներ:
Նույն օրը Բարձրագույն դատական խորհուրդը ֆեյսբուքի միջոցով տեղեկացրել է, որ կարգապահական վարույթների քննությամբ հետաքրքրվող անձանց համար ԲԴԽ-ում առանձնացվել է դահլիճ, որտեղ հնարավոր կլինի ուղիղ հեռարձակմամբ հետևել նիստերի ընթացքին, աթոռները տեղադրված են այնպես, որ անձանց միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը, իսկ դիմակների պատշաճ կրումը կլինի պարտադիր:
Կարևորելով կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ցանկացած ողջամիտ միջոցառման իրականացում՝ այնուամենայնիվ, պետք է փաստել, որ մտահոգիչ է Առողջապահական նախարարության տեսչական մարմնի միջամտությունը դատարանների և ԲԴԽ գործունեությանը, որոնք ըստ էության նույնացվել, ավելին՝ նաև ընկալվել են որպես գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններ:
Այլ կերպ՝ Բարձրագույն դատական խորհուրդը, որը որոշակի հարցեր քննարկելիս հանդես է գալիս որպես դատարան, չի հանդիսանում և չի իրականացնում գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեությանն առնչվող գործառույթ, սակայն, կիսելով Խորհրդի մտահոգությունը և կարևորելով անձանց առողջապահական անվտանգությունը, առաջարկում ենք համարժեք միջոցներ ձեռնարկել նաև ընդհանուր իրավասության, մասնագիտացված և վերաքննիչ դատարաններում ամենօրյա ռեժիմով իրականացվող դատական նիստերի ժամանակ։
Այսպես, եթե ԲԴԽ-ն, արդարացիորեն կարևորելով ինչպես իրենց, այնպես էլ դատավարությանը ներկա գտնվող կողմերի առողջությունը, անվտանգության կանոնների պահպանումը վեր է դասում դատական նիստերին անմիջականորեն ներկա գտնվելու իրավունքից, ապա առողջապահական այդ կանոնների պահպանումը հավասարապես պետք է տարածվի նաև մյուս դատավարությունների վրա։
Ընդ որում, եթե ԲԴԽ-ն որպես դատարան հանդես է գալիս էպիզոդիկ դեպքերում, մյուս դատարաններում մարդկանց շարժն ու վարակման հավանականությունն էականորեն բարձր են, ուստի վերը նշված մտահոգություններով պայմանավորված` ԲԴԽ-ն պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեր նախ և առաջ դատարաններում անվտանգության նվազագույն միջոցները երաշխավորելու, ապա նոր իր անդամների և խորհրդի նիստերին ներկա գտնվող անձանց անվտանգությունն ապահովելու համար։
Հետևաբար, ԲԴԽ-ում և դատարաններում իրականացվող դատավարությունների ընթացքում գործերի քննության հրապարակայնության սկզբունքի ապահովման առնչությամբ խտրական մոտեցումները բացառելու և միաժամանակ դատավարական այդ գործընթացների մասնակիցների (այդ թվում՝ դատավորների և աշխատակազմի) նկատմամբ առողջապահական անվտանգության կանոնները հավասարապես կիրառելու համար ԲԴԽ-ին առաջարկում ենք դատարանների դատական նիստերի դահլիճներ ևս թույլատրել մուտք գործել միայն Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության և ԶԼՄ ներկայացուցիչներին՝ բժշկական դիմակները պատշաճ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով և ՀՀ քաղաքացիական, վարչական ու քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված գործերի քննության հրապարակայնության սկզբունքը պահպանելու նպատակով դատարանների նստավայրերում կոնկրետ գործերի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող հանրության ներկայացուցիչների համար առանձնացնել պատշաճ պայմաններ ունեցող դահլիճ(սենյակ), որտեղ հնարավոր է ուղիղ հեռարձակմամբ հետևել դատական նիստերի ընթացքին։
Դատավորներ
Վազգեն Ռշտունի
Մխիթար Պապոյան
Արշակ Վարդանյան
Զարուհի Նախշքարյան
Դավիթ Բալայան
Դավիթ Հարությունյան
Արման Հովհաննիսյան
Արթուր Ստեփանյան
Աղասի Դարբինյան